Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՅՑ ԱՓՍՈՍ, ՈՐ ԵՐԱԶ ԷՐ

Հունվար 27,2000 00:00
naira melqumyan

Թերթերից մեկում օրերս լուր էր տպագրվել, թե Լիբանանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, սակայն ոչ Հայաստանի Հանրապետության, ոչ ԼՂՀ արտգործնախարարությունը չի արձագանքել Լիբանանի «բարի կամքի դրսեւորմանը»։ Որպես ինֆորմացիայի աղբյուր՝ նշված էր «Բեյրութի հայկական գաղթօջախի երեւելիներից մեկը»։

Քանի որ թերթը որեւէ գերատեսչությունից լուրի իսկությունը չէր ճշտել եւ այդպես էլ մինչեւ վերջ հայտնի չէր՝ դա միայն ցանկություն է, թե իրականություն, նախ դիմեցինք Հայաստանում Լիբանանի դեսպանատուն։ Դեսպանը լուրը համարեց զգայական եւ ոչ հիմնավոր, ապա ճշտեց, որ իր տեղեկություններով՝ Լիբանանի արտաքին քաղաքականության օրակարգում Ղարաբաղի ճանաչման հարցը չկա։ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Նաիրա Մելքումյանն էլ պարզաբանեց, որ եթե այս կամ այն երկիրը ցանկանա ճանաչել, ասենք, Ղարաբաղի անկախությունը, Ղարաբաղի իշխանություններն այդտեղ որեւէ դեր խաղալ չեն կարող։ «Մենք ամենատարբեր մակարդակներով հանդիպումներ ենք ունեցել Լիբանանի ղեկավարների հետ, սակայն երբեւիցե որեւէ պաշտոնյա նման խոսակցություն մեզ հետ չի բացել»։

Ինչ վերաբերում է ԼՂՀ արտգործնախարարությանն անտարբերության մեջ մեղադրելուն, տիկին Մելքումյանը դա քարոզչական խաղ համարեց, «որի նպատակն է տպավորություն ստեղծել, թե որեւէ մեկը չի ձգտում հասնել Ղարաբաղի անկախությանը։ Եթե որեւէ իշխանավոր պաշտոն է զբաղեցնում իր երկրում, նա չի՞ ցանկանա, որ իր երկիրը ճանաչվի աշխարհի կողմից»։ ԼՂՀ արտգործնախարարը դարձյալ հիշեցրեց, որ Ղարաբաղի անկախությունը այլ երկրներ կճանաչեն միայն այն բանից հետո, երբ այն ճանաչի Ադրբեջանը։ «Չափուսահման չունեցող շատ տգեղ խաղ է գնում, որին ես եւ իմ ղեկավարած գերատեսչությունը չի ուզում մասնակցել»,- ասելիքն ամփոփեց տիկին Մելքումյանը։ Լիբանանի նման ցանկության մասին հրապարակումը տարակուսանք էր առաջացրել նաեւ ՀՀ արտգործնախարարությունում։

Ըստ արտգործնախարի մամուլի խոսնակ Արա Պապյանի՝ նախ զարմանք է հարուցում լուրի աղբյուրը՝ «հայ համայնքի երեւելի»։ «Նման հարցերը ոչ թե համայնքի երեւելիներն են լուծում, այլ համապատասխան գերատեսչությունները։ Զարմանալի է նաեւ այն արտահայտությունը, թե՝ ինչո՞ւ պատվիրակ մը չեն ուղարկում։ Տարիներ ի վեր Բեյրութում գործում է Հայաստանի դեսպանատունը՝ արտակարգ եւ լիազոր դեսպանի ներկայությամբ։ Նա էլ Հայաստանի պատվիրակն է Լիբանանում։ Եվ հետո Հայաստանում էլ Լիբանանը դեսպանատուն ունի, որի միջոցով էլ կարող էր լուրը տեղ հասնել»։ Արա Պապյանը նաեւ հավատացրեց, որ նմանատիպ որեւէ հարց դիվանագիտական կամ այլ խողովակներով չի շոշափվել։ Այն, որ ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի արտգործնախարարները որեւէ քայլ չեն ձեռնարկում՝ Լիբանանի՝ Ղարաբաղի անկախությունը ճանաչելու ցանկությանն ընդառաջ, պրն Պապյանն անտրամաբանական համարեց եւ (ինչպես եւ Նաիրա Մելքումյանը) հավաստեց՝ որեւէ երկրի անկախությունը միակողմանի պրոցես է։ Եթե Լիբանանը ԼՂՀ անկախությունը ճանաչելու համար նախապայմաններ պիտի դնի, ապա ո՛չ մեր, ո՛չ ԼՂՀ արտգործնախարարությանը որեւէ նախապայմաններ չեն առաջադրվել։ «Եթե որեւէ հայաստանցի երեւելի հայտարարություն անի իր երկրի անունից, դժվար թե «Ֆրանս-Պրեսը» կամ «Ռոյթըրը» հավատան»,- նկատեց Արա Պապյանը եւ որպես իր եզրակացություն՝ միայն ասաց. «Լուրն իրականությանը չի համապատասխանում»։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31