Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՓԱՆՑԻԿ ԱԿՆԱՐԿՆԵՐ

Հունվար 26,2000 00:00

 «Առավոտ» օրաթերթի 1999թ. հունիսի 10-ի համարում տպագրվել էր «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի «Կպահանջվի՞ արդյոք զինված հեղաշրջում» վերլուծական հոդվածը, որում հեղինակը, ներկայացնելով Հայաստանի ներքաղաքական վիճակը, մատնանշել էր զարգացման հնարավոր տարբերակները։ Վերլուծությունը ժամանակին համապատասխան արձագանքը չունեցավ, եւ միայն հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերը ստիպեցին անդրադառնալ դրան։

-Պարոն Իսագուլյան, հոկտեմբերի 27-ին նախորդած գործընթացները անպայմանորեն հանգեցնելո՞ւ էին այս ողբերգությանը։

– Փորձենք վերհիշել, թե ինչ էր տեղի ունենում հոկտեմբերի 27-ին անմիջապես նախորդած շրջանում։ Ոչ ոք չի առարկում, որ այդ ընթացքում երկրի համար գրեթե ողջ պատասխանատվությունը ստանձնել էր լուսահոգի Վազգեն Սարգսյանը՝ իր թիմով։ Իսկ Վազգեն Սարգսյան- Կարեն Դեմիրճյան տանդեմը, որը մոտ ապագայի համար երաշխավորում էր անչափ անհրաժեշտ քաղաքական կայունություն, իրական հնարավորություններ էր ստեղծում մոտակա 10-15 տարիների համար երկրորդ եւ նույնիսկ երրորդ պլան մղել բոլոր, այսպես կոչված, ազդեցիկ քաղաքական կուսակցություններին ու այրերին։ Դա չէր կարող չառաջացնել այդ ուժերի բնական հակազդեցությունը։ Մյուս կողմից, ստանձնելով վարչապետի պաշտոն, Վազգեն Սարգսյանը պարտավոր էր հանրապետության բյուջե մուտքեր ապահովել, ինչն արդեն անում էր նկատելի հաջողությամբ։ Սա էլ իր հերթին էր հակասություններ առաջացնում մինչ այդ անձեռնմխելի, բայց հզոր ֆինանսական ու տնտեսական լծակների տիրապետող խմբավորումների հետ։ Իհարկե, բացասական միտումներին հակառակ, առկա էր կայունության եւ տնտեսական վիճակի բարելավման գործոնը, որը օրեցօր բարձրացնում էր Վազգեն Սարգսյանի հեղինակությունն ու վարկանիշը ժողովրդի մեջ։ Այս իրարամերժ երեւույթների հոլովույթում անչափ կարեւոր էր ժամանակի գործոնը, որը նժարի ծանրությունը թեքելու էր հօգուտ երկրորդ փաստարկի։ Այսքանից հետո միամիտ պետք է լինել, չհասկանալու համար, որ Նաիրիի ու նրա խմբավորման համար ստեղծված էր պարարտ հող։

– Եթե ավելի պարզ խոսենք, դուք ակնարկում եք, որ ազդեցիկ քաղաքական ուժերն ու դեմքերը, ինչպես նաեւ ֆինանսական ու տնտեսական լծակների տիրապետող խմբավորումները օժանդակե՞լ են այդ ոճրագործությանը։

– Ուղղակի օժանդակության մասին խոսելը ճիշտ չի լինի, բայց որ Նաիրին ազատ ելումուտ է ունեցել գրեթե ամենուր, շփվել է շատերի հետ, շոշափել նրանց տրամադրությունները՝ փաստ է։ Վերհիշենք հոկտեմբերի 27-ին հաջորդած քաղաքական դրսեւորումների ժամանակագրությունը։ Առաջին շոկից հետո հնչեցին հայտարարություններ ու վարկածներ, որոնք առնվազն զարմանալու տեղիք են տալիս։ Դրան հաջորդեց հերոսանալու փուլը, երբ ներսում գտնվածների եւ նույնիսկ չգտնվածների մի մասը պարծենում էր, որ հանցագործների հետ առաջինը հենց ինքն է սկսել բանակցությունները։ Հետեւեց հանրապետության գլխավոր դատախազի միջնորդությունը Ազգային ժողովին՝ այդ գործի առնչությամբ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանին կալանավորելու համար։ Պատգամավորները, որ ներկայացնում են ազդեցիկ քաղաքական ու ֆինանսա-տնտեսական խմբավորումներ, եւ որոնք իրավասու էին հարցեր տալ, պարզաբանումներ պահանջել, անձայն «հանձնեցին» իրենց գործընկերոջը՝ «շառից հեռու»։ Այդ ընթացքում նախաքննական մարմնի հանդեպ ոչ մի բացասական վերաբերմունք։ Բայց երբ նոր ձերբակալությունները սկսեցին շոշափել որոշակի շրջանակներ, քաղաքական ուժերն ու դեմքերը աննախադեպ աղմուկ բարձրացրին։ Չշարունակենք ժամանակագրությունը… Ինքնապաշտպանության բնազդն անկառավարելի է։

– Դուք վստահո՞ւմ եք նախաքննության մարմնին։

– Նախաքննության մարմնին չվստահելու որեւէ հիմք չկա, բայց, ցավոք, ոչ նրանց մեղքով, գործը քաղաքականացվում է, եւ եթե այսպես շարունակվի, ապա ինչպես մնացած բոլոր քաղաքականացված գործերը, սա էլ կունենա կիսատ ընթացք կամ էլ քաղաքական առեւտրի արդյունքում կստանա միանգամայն սխալ լուծում։ Իսկ մեր իրականությունը ցույց է տալիս, որ դրանից հետո ոչ միայն պետությունը, այլ նաեւ քաղաքական կազմակերպությունների վերնախավերը, գոնե իրենց մեջ եւ ի շահ իրենց, նույնպես ոչինչ չեն անում ճշմարտությունը մինչեւ վերջ պարզելու եւ անհրաժեշտ հետեւություններ անելու համար։

– Պարոն Իսագուլյան, կարելի՞ է ենթադրել, որ դուք դարձյալ ինչ-որ կոնկրետ բան եք ակնարկում։

– Ինչո՞ւ ակնարկում։ Ի տարբերություն ճշմարտությունը առերես պարզելուց խուսափողների, ես այդ մասին շատ հստակ ասել ու ասում եմ, եւ պատրաստ եմ ցանկացած բնույթի գործնական բանավեճում դա ապացուցել։

– Ձեր կարծիքով, ո՞րն է այս իրավիճակից դուրս գալու գերադասելի ելքը։

– Պետք է ընդունել, որ այսօր առկա է ներքաղաքական լուրջ ճգնաժամ։ Հանրապետության նախագահն ամբողջական իրավիճակին չի տիրապետում։ Ազգային ժողովը զրկվել է իր հիմնական առաջնորդներից։ Չկա նախագահ-Ազգային ժողով փոխվստահություն։ Ազդեցիկ քաղաքական կազմակերպություններն ամենեւին էլ ազդեցիկ չեն։ Համախմբման կոչերը չեն կրում իրատեսական բնույթ։ Հապշտապ ընտրությունների արդար անցկացման համար որեւէ երաշխիք չկա։ Ստեղծված իրավիճակում լավագույն լուծումը, իմ կարծիքով, քաղաքական նժարի ծանրությունը վարչապետ Արամ Սարգսյանի կողմը թեքելն է։

– Քաղաքական փորձառության պակասը չի՞ խանգարի նրան։

– Ասածս կարող է տարօրինակ հնչել, բայց գուցե հենց դա է նրա առավելությունը այլոց նկատմամբ։ Եվ եթե ուշադիր քննենք, թե ինչ ասել է Հայաստանում քաղաքական փորձառություն, ապա չեմ կարծում, որ կկարողանանք դրական օրինակներ մատնանշել։ Եվ արդյոք ժամանակը չէ՞ նոր քաղաքական իրավիճակներին համապատասխան նոր քաղաքական դեմքերի ի հայտ գալը։ Մյուս կողմից, չի կարելի չնկատել այն քաղաքական հասունությունը, որն ապրեց (եւ ապրում է) Արամ Սարգսյանը իր վարչապետության ընդամենը երեք ամիսների ընթացքում։ Վերջապես, նա այն անձն է, ով հիրավի անկեղծորեն շահագրգռված է հոկտեմբերի 27-ի դեպքերի ճշգրիտ եւ ամբողջական բացահայտմամբ, ինչով հիմնական (ոչ ազդեցիկ) քաղաքական ուժերը պայմանավորում են կայունությունն ու փոխվստահությունը Հայաստանում, առանց որի անհնար է հետագա դրական գործընթացների ապահովումը։

Այն հարցերը, թե «հոկտեմբերի 27-ի» գործով ո՞ր մի կուսակցության անդամի ձերբակալումից է աղմուկ բարձրացվել, ո՞ր քրեական գործերն էին 94-98 թվականներին քաղաքականացվել, եւ ո՞ր կուսակցությունը, գոնե իր համար, չի ցանկանում պարզել ճշմարտությունը, թողնում ենք ընթերցողի իրազեկությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31