Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍ ՇԱԲԱԹ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ

Հունվար 26,2000 00:00
evraxorhurd

Հունվարի 24-ից աշխատանքն է սկսել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի այս տարվա առաջին նստաշրջանը, որին հատուկ հրավիրյալի կարգավիճակով մասնակցում է նաեւ Հայաստանի ԱԺ պատվիրակությունը։ Մեր պատվիրակության քառանդամ կազմը կիսով չափ թարմացվել է։ Սերգեյ Բադալյանին փոխարինել է Լեոնիդ Հակոբյանը, իսկ «Միասնություն» դաշինքից Արմեն Խաչատրյանի փոխարեն Ստրասբուրգ է ժամանել Հմայակ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, որի ղեկավարած խմբի կազմում է նաեւ Արմեն Ռուստամյանը։ Մեր պատվիրակությունն իր գործունեության նպատակն ամենեւին էլ չի թաքցնում։ Հովհաննես Հովհաննիսյանի վկայությամբ, Հայաստանի խորհրդարանականներն այս շաբաթ փորձելու են, որպեսզի պատրաստվի Հայաստանի անդամակցության զեկույցի նաեւ Հայաստանի պարտավորությունները ներառող տարբերակը։ Այդ նպատակով մեր պառլամենտականները նախաձեռնել են հանդիպումների շարք եւ այդ շրջանակում ոչ միայն քաղաքական եւ իրավական հանձնաժողովների նիստերին են ակտիվորեն մասնակցում, այլեւ շփումներ են ունենում ԵԽ ԽՎ-ում եղանակ ստեղծող պատվիրակությունների հետ։ Այս 2 օրվա ընթացքում հայ պառլամենտյորներն արդեն հանդիպել են Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի խորհրդարանական խմբերի ղեկավարների հետ, որոնց կողմից հնչել են հավաստիացումներ, թե իրենք որեւէ խոչընդոտ չեն հարուցի ԵԽ-ին Հայաստանի անդամակցության հարցում։ Մեր պատվիրակությունն էլ հարցը դնում է այսպես. մենք դեմ չենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ԵԽ-ին անդամագրվեն միասին։ Սակայն ակնհայտ է, որ Հայաստանը ժողովրդավարացման եւ օրենսդրության բարեփոխման առումով առաջ է անցել Ադրբեջանից։ Ուստի նախընտրելի է, որ ոչ թե ԵԽ-ի ճանապարհին Հայաստանին սպասեցնեն, այլ Ադրբեջանում արագացվեն ժողովրդավարացման գործընթացները։ Սակայն այսքանով հայկական խորհրդարանական պատվիրակության անելիքները չեն սահմանափակվում։

Մոտ օրերս նախատեսված են հանդիպումներ ԵԽ ԽՎ նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնի, ԵԽ ԽՎ գլխավոր քարտուղար Բրունո Հալերի հետ, որի ժամանակ վերջնականապես հստակեցվելու են Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության ժամկետներն ու ստանձնելիք պարտավորությունները։ Այս հիմքով էլ ձեւավորվել է մեր պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի այն լավատեսական մտայնությունը, թե Հայաստանը ԵԽ անդամ կդառնա ընթացիկ տարվա առաջին կեսին։ Պարզ է մեկ բան. դա ինքնաբերաբար չի ստացվելու, որովհետեւ նորանոր չնախատեսված խնդիրներ են առաջանում։ Ասենք, թեկուզ այս շաբաթ փոխվելու է իրավական հարցերով Հայաստանի զեկուցող շվեյցարացի Դումենի Կոլումբերգը։ Ավարտվում է նրա պատգամավորական լիազորությունների ժամկետը։ Հայկական պատվիրակությունը մեզ համար նպաստավոր զեկույց պատրաստած Դումենի Կոլումբերգին շնորհակալություն է հայտնել եւ իրավական հանձնաժողովի հետ էլ պայմանավորվածություն ձեռք բերել, որ նրա պատրաստած զեկույցը համարվելու է հիմնական եւ նոր զեկուցողն ընդամենը լրացումներ է կատարելու փաստաթղթում։

Ի դեպ, իրավական առումով, ըստ պրն Կոլումբերգի պատրաստած նախագծի, Հայաստանը պետք է ստանձնի 4 պարտավորություն՝ վերացնել մահապատիժը, մահապատժի դատապարտվածների համար օրական մեկ ժամ զբոսանք նախատեսել, արգելավայրերը ՆԳՆ իրավասության շրջանակից փոխանցել արդարադատության նախարարության ենթակայության տակ եւ սահմանել այլընտրանքային զինծառայության հնարավորություն։ Իսկ քաղաքական պարտավորությունները, որոնք պետք է ստանձնի Հայաստանը, կճշտվեն հունվարի 26-ին քաղաքական հանձնաժողովի նորընտիր նախագահ բրիտանացի Թերի Դեւիսի հետ մեր պատվիրակության հանդիպման ժամանակ։

Ի դեպ նշենք, որ հենց Թերի Դեւիսն է եղել Վրաստանի անդամակցության հարցով զեկուցողը։ Այն էլ ասենք, որ հունվարի 26-ին Ստրասբուրգ է ժամանելու նաեւ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Նույն օրը ՀՀ ԱԺ պատվիրակությունը եւ Ստրասբուրգում Հայաստանի ներկայացուցչությունը կազմակերպել են ընդունելություն, ուր հրավիրված են 300-ից ավելի պատգամավորներ եւ դեսպաններ, որոնք գործունեություն են ծավալում ԵԽ-ում։ Ասենք նաեւ, որ մեր պատվիրակության անդամներն արդեն մասնակցում են խմբակցությունների նիստերին։ Սոցիալիստների մեջ են Հմայակ Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը, Քրիստոնեա-դեմոկրատների շարքում է Հովհաննես Հովհաննիսյանը, իսկ Լեոնիդ Հակոբյանը միացել է Միացյալ եվրոպական ձախերին։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

«Ազատություն» ռ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31