Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան կամուֆլյաժ

Հունվար 25,2000 00:00
kamuflyaj

Ղարաբաղում «լիակատար շրջափակման» պայմաններում անցկացրած մեկ շաբաթը այնքան հարուստ էր իրադարձություններով, որ այն պատկերելու համար առավել բնորոշ ձեւակերպում չգտա քան «Կամուֆլյաժը»:

Օրեցօր մոլեգնող բնությունը ոչ միայն համահունչ էր ղարաբաղյան քաղաքական առօրյային, այլեւ մարդկային կյանքերի կորստի պատճառ դարձավ: Հունվարի 19-ին դեռեւս հույս ունեինք, որ ուղղաթիռը կգտնվի՝ օդաչուները տարիների փորձ ունեին, իսկ Աստված, կարծում էինք, ողորմած է: Նույն օրը Ստեփանակերտում փոթորիկի ժամանակ 14-ամյա մի երեխա զոհվեց՝ տանիքը ընկել էր պատանյակի գլխին: Հունվարի 20-ին ուղղաթիռի ճակատագիրն այլեւս պարզ էր,8230 օդաչուներին շատերս գիտեինք: Այս պտուտահողմի մեջ հայաստանյան լրատվամիջոցների մեկնաբանությունները՝ հայ ընդհանուր կյանքի, էլ չասենք Ղարաբաղի մասին տարակուսանքից բացի այլ զգացմունքներ չեն առաջացնում: Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հավաստել, որ իրականությանը չի համապատասխանում «Ղարաբաղում կարկատած կայունություն էլ չկա» տարածված թեզը, ճշմարտությունից հեռու ընդդիմության, այդ թվում՝ նաեւ ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչների, 37 թվի հետ համեմատությունները եւ այլն: Խոսքը վերաբերում է նաեւ «Առավոտի» հրապարակումներին, որն, բնականաբար ամենաընթերցվող թերթն է Լեռնային Ղարաբաղում:

Ի մասնավորի, թերթը /«Աննուշկան ձեթն արդեն թափել է», հունվարի 22, նյութում/ վկայակոչելով Ղարաբաղյան պատերազմի վետերանների «Երկրապահ» միության մամուլի քարտուղարության տվյալները նշում է. «պետական լրատվամիջոցները համագումարը լուսաբանելուն տրամադրել են կես րոպե: Փոխարենը՝ կես ժամանոց հաղորդում է ցուցադրվել Արցախյան պատերազմի վետերանների միության քաղաքային կոնֆերանսի մասին, որը ստեղծել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը»: Դարձյալ ամենայն վստահությամբ պնդում եմ՝ բացարձակ սուտ է: ԼՂՀ պետական հեռուստատեսությունը, որը օրեկան ընդամենը 1 ժամ է հեռարձակվում, հավասարաչափ ժամանակ է տրամադրել երկու բարձր ժողովներին, ընդ որում՝ թողնելով նախագահ Արկադի Ղուկասյանի հասցեին հնչած մեղադրանքները: Արցախյան լրատվամիջոցների մասին պատկերացում կազմելու համար նշեմ նաեւ, որ պաշտոնական համարվող «Ազատ Արցախը» մեկ հրապարակման մեջ հավասարաչափ տեղ է տրամադրել կոնֆերանս-համագումարին, մինչդեռ «10-րդ Նահանգը» ժլատություն ցուցաբերելով «Վետերանների» հանդեպ, սիրելի «Երկրապահին» շռայլորեն ամբողջ 3 էջ է տրամադրել: Սա, թերեւս բնական է, ինչպես ասում են, ով վճարում է, նա էլ8230…

Ղարաբաղի լրագրողները եւս բաժանված են երկու ճամբարի, իսկ Հայաստանի լրատվամիջոցներն ու լրագրողները չծանրաբեռնելով իրենց՝ գոնե երբեմն-երբեմն այցելել Ղարաբաղ, հաճախ խորհրդային շրջանի «Կենտրոնի» մամուլի դեր են կատարում կրակին յուղ ավելացնելով եւ հաճույքով դիտելով «հետագա ընթացքը»: Հայաստանցիներս այլ երկրների, ասենք Ռուսաստանի մասին եւս սիրում ենք մեր դիտողությունները ներկայացնել սեփական լրատվամիջոցներում, քաջ գիտակցելով, որ դրանք Ռուսաստանում ոք չի կարդալու, առավել եւս ինչ-ինչ եզրակացություններ անելու: Մինչդեռ Ղարաբաղում ուշի-ուշով հե-տեւում են մեր գրվածքներին: «Տես, հա, ճիշտը կգրես, չվախենաս»,- հորդորում էին ինձ Ղարաբաղում երկուստեք, թե՛ քաղաքական գործիչները եւ թե՛ լրագրողները:

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31