Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՃՌԻՑ 5 ՊԱԿԱՍ

Հունվար 25,2000 00:00
Nikol pashinyan

Նիկոլ Փաշինյանի դատաքննությունը երեկ լուսաբանելու էին եկել անգամ այնպիսի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք այս ընթացքում գրեթե չեն անդրադարձել տվյալ թեմային։ Բնական էր, դատաքննությունն ավարտվում է։ Անգամ երեկ էր սպասվում դատավճիռը, որ անհասկանալի պատճառներով հետաձգվեց հունվարի 27-ին։

Երեկ ճառով հանդես եկավ տուժող Անուշ Պլուզյանը՝ Արտաշես Գեղամյանի կինը։ Նա իր զարմանքը եւ տարակուսանքն արտահայտեց պետական մեղադրողի կողմից զրպարտության մասին հոդվածը պաշտոնեական անփութության համար սահմանված պատասխանատվությամբ փոխարինելու առնչությամբ. «Բնականաբար, հարց է առաջանում՝ լրացուցիչ ի՞նչ նոր փաստարկներ հնչեցին այս դահլիճում, որոնք հիմք հանդիսացան հոդվածի փոխարինման համար։ Պետական մեղադրողը որպես հի՞մք է ընդունել նոր վկա Երջանիկ Աբգարյանի այստեղ հնչած այն ցուցմունքը, որի համաձայն՝ պետք չէր հարցն այսքան բարդացնել եւ կարելի էր լուծել մեկ-երկու ապտակով։ Ցավոք սրտի, այդ խորհրդից օգտվեցին ուրիշները։ Կամ էլ գուցե մեղադրող կողմի համար համոզիչ էր նրա այն ցուցմունքը, որ նման մի դեպք իր ականջով անցե՞լ է։ Գուցե դուք փորձեք Երջանիկի ակա՞նջը կցել գործին»։

Անուշ Պլուզյանի վերջին արտահայտությունն էլ դատավորի զարմանքն ու տարակուսանքը հարուցեց եւ նա տիկնոջը դիտողություն արեց որեւէ անձի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ չօգտագործելու վերաբերյալ։ «Խնդիրն ամենեւին էլ այն չի, որ զրպարտիչը պատիժը կրի ուղղիչ-աշխատանքային գաղութում։ Խնդիրն այն է, որ ցանկացած քաղաքացի, առավել եւս կին եւ ընտանիքի մայր՝ նաեւ վարձված լրագրողներից պաշտպանված լինի։ Եվ վերջապես, եթե Նիկոլ Փաշինյանի տերերը խնդիր ունեն ստվեր գցելու Արտաշես Գեղամյանի վրա՝ թող բարի լինեն այդ հարցերն ուղղեն իրեն, այլ ոչ թե իր ընտանիքի անդամներին,- ի դեպ Անուշ Պլուզյանը գրավոր, համակարգչով շարված տեքստ էր կարդում։ Կարդում էր դադարներով, դժվարությամբ եւ տեղ-տեղ սխալվելով։ Ներկաներից ոմանք այս ճառի մեջ Արտաշես Գեղամյանի ելույթների ոգին եւ ձեռագիրը զգացին։- Վերջապես, սուր տագնապ է հարուցում այն, որ երիտասարդ հասակից զրպարտության ճանապարհն ընտրած լրագրողը կատարած հանցանքի համար զղջման եւ ոչ մի դրսեւորում չի ցուցաբերում։ Ուրեմն, սպասենք նոր զրպարտությունների եւ հասարակությանն էլ ապացուցենք, որ դատարանի միջոցով անհնարին է վերականգնել ոտնահարված արժանապատվությունը եւ Նիկոլ Փաշինյանի վրա միայն ծեծն է ազդում»։

Տուժող հարկադիր կատարողները դատարան չէին ներկայացել եւ հեռախոսով հրաժարվեցին դատական վիճաբանությունների փուլին մասնակցել։ Նորիկ Այվազյանը, նույնպես հեռախոսով, հայտնել էր, թե չի ցանկանում դատական նիստին ներկայանալ նախաքննության սխալների պատճառով։ Վերջին հայտարարությանը, ռեպլիկի իր իրավունքից օգտվելով, անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը։ «Պատեհապաշտություն՝ ահա այն ամենն, ինչ թաքնված է իմ դեմ հարուցված քրեական գործի հետեւում,- հիշեցրեց, որ այս գործով մեղադրական եզրակացությունը դեռեւս օգոստոսին է եղել, հետո առաջին ատյանի դատարանում է քննություն տարվել։- Իրավաբանության դոկտոր Նորիկ Այվազյանը, որը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ամբիոնից եւ հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահի հետ՝ 7 ամիս չէր նկատում, որ նախաքննությունը թերություններ ունի։ Այստեղից երկու եզրակացություն. կամ իրավաբանության դոկտորն այնքան էլ իրավաբանության դոկտոր չէ (դատավորը դարձյալ չվիրավորելու մասին դիտողություն արեց.- Ա. Ի.)։ Կամ էլ տվյալ դեպքում գործ ունենք պատեհապաշտության հետ»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ուղղակի իրեն դատելու խիստ անհրաժեշտություն կա եւ տվյալ դեպքում տարբերություն չի դրվում, թե որ հոդվածով դատել։ Պետական մեղադրողի կողմից զրպարտության հոդվածի վերաորակավորումը դարձյալ պատեհապաշտության դրսեւորում դիտարկվեց. «Մի սխալը երկրորդ սխալով փոխարինելու գայթակղություն է»։ Նիկոլ Փաշինյանը կարծեմ դեռ վերջին խոսքի իրավունք էլ ունի։ Բայց նրա այս ռեպլիկն էլ ամփոփիչ շեշտադրումներ ուներ. «Վերաքննիչ եւ ընդհանրապես դատարանների վճիռները երբեմն կամ հիմնական մասով ոչ միայն ամբաստանյալի ճակատագիրն են որոշում, այլ նաեւ հենց իր՝ դատարանի եւ դատական համակարգի ճակատագիրը։ Ես ընդամենը կարծում եմ, որ այս վճռով հերթական անգամ ուղենշվելու է ոչ միայն իմ՝ ամբաստանյալիս, այլեւ ընդհանրապես, դատարանի եւ դատական համակարգի ապագան»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31