Դատական հերթական նիստը սկսվեց տուժող Մայիս Ռաֆայելյանի հայտարարությամբ, որով նա իր անհամաձայնությունը հայտնեց դատարանում իր տղային վերագրվող «հեքիաթների» դեմ, ինչպես նաեւ «Հայլուրի» նախորդ նիստի մեկնաբանությանը. «Նայում եմ լրաբերը եւ հանկարծ լսում, հատուկ շեշտադրությամբ. Կարեն Ռաֆայելյանը վաղուց գտնվում էր հետախուզման մեջ եւ չորս սպանությունների հեղինակ է։ Ի՞նչ է կատարվում։ Որտեղի՞ց այս լուրերը։ Ես արդեն չեմ կարող լավատես լինել։ Ես սա համարում եմ սադրանք։ Դա հաղորդվեց հենց այն օրը, երբ առեւանգվել էր իմ որդին»։
Հետեւեց նաեւ ամբաստանյալ Վահան Հարությունյանի հայտարարությունը, որը Վ. Սիրադեղյանի հայտարարության պատասխանն էր… այս անգամ գրավոր (մենք անդրադարձել ենք) եւ տրվեց դատավորին։ Վ. Հարությունյանին հարցեր ուղղեց ամբաստանյալ Մկրտիչ Առաքելյանը։ Վերջինս ուզում էր «ճշտել», թե «որեւէ ուրիշ հրաման» տվե՞լ է իրեն ՆԶՎ նախկին պետը, բացի տղաներին (Արթուրին եւ Կարենին) «դաչա» ուղեկցելուց։ Պարզվեց, որ ոչ։ Պաշտպան Ա. Կարախանյանը խնդրեց բնութագրել իր պաշտպանյալին, որի կապակցությամբ Վ. Հարությունյանն ասաց. «Չլիներ այս դեպքը, բոլորն էլ արժանի էին ամենաբարձր պարգեւների»։
Արթուր Շահբազյանն էլ «ճշտեց», որ «զորքերը դաչա տանելու օրը ճանապարհը փակելուց» բացի, հրամանատարն այլ հրաման չէր տվել իրենց։ Իսկ պաշտպան Ս. Պողոսյանի հարցին էլ, թե ե՞րբ է գնացել սպանության վայր, Վահան Սերգեյիչն ասաց. «Ավելի ուշ՝ մի քանի ամիս անց»։ Պաշտպանն ընդհանրապես նկատեց, որ «որոշ շեղումներ» նախկին ցուցմունքների հետ համեմատած Վ. Հարությունյանի կողմից առկա է եւ «ինչո՞ւ չի համապատասխանում, ո՞րն է ճիշտը» հարցին պատասխանեց. «Իհարկե, դատարանում տված ցուցմունքները»։ Արթուր Խաչատրյանի պաշտպանն ուզում էր իմանալ, թե Արթուրի եւ Կարենի սպանության օրը որտեղ է եղել իր պաշտպանյալը, ՆԶՎ-ի նախկին պետը պատասխանեց, որ տեղյակ չի։ Ամբաստանյալ Մ. Դաշտոյանի պաշտպանի հարցը, թե ամառանոց տանելիս Մուրադը հսկողությունն ինչպես է իրականացրել, բռնի գործողություն կատարվե՞լ է, իշխանազանցություն եղե՞լ է հարցերին, Վ. Հարությունյանը պատասխանեց, որ բռնության ոչ մի դեպք չի եղել։
Պատասխանը լսելուց հետո միջամտեց մեղադրող Աղվան Հովսեփյանը. «Նման բնույթի հարցեր» խնդրեց պաշտպաններին չտալ։ Վ. Հարությունյանին հարցեր տալու հերթը հասավ Վ. Սիրադեղյանին եւ նրա պաշտպան Վ. Սուքիասյանին։ Վերջինս ասաց, որ ունի հարցեր, բայց «աննորմալ պայմանների» պատճառով հնարավոր չէ տալ։ Վկայակոչվեց ցուրտը, ինչին հետեւեց մեղադրողի, մոտավորապես, եթե բանաստեղծականացնենք խոսքը. Մենք ցրտինն ենք, Ցուրտը մերը, Ցրտի գործն է միշտ անմահ։ Այն ցրտի, որի դեմ կռիվ էին տալիս գրեթե բոլորը, բայց խոստովանել համարձակվում էին քչերը։ Ի դեպ, ամբաստանյալների պաշտպանները ընդմիջման պահին ուզում էին միջնորդել նույնիսկ, որ իրենց պաշտպանյալների սպասասրահում գոնե մի էլեկտրասալիկ դրվի (նրանք դատարան էին բերվել ժ. 10.00-ին)։
Կարդացեք նաև
Իհարկե, որպեսզի նիստը չընդհատվեր, կարող էին հարցեր տալ ե՛ւ մեղադրողները, ե՛ւ տուժողները։ Չտվեցին։ Բնականաբար, նիստը հետաձգվեց։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ