Խելոք մնաս, քեզ էլ կխաղացնենք
Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելը անհամբեր սպասում էր, թե ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երբ է վերջապես վերադառնալու Սուրբ վայրերից, որ բուռն ջերմությամբ եւ դիվանագիտական «լղոզվածությամբ» նամակ հղի առ նա ու հայտնի, որ իր քունն՝ աչքերից ու հանգիստը՝ սրտից թողել-փախել են ու միայն մեկ միջոց կա դրանք վերադարձնելու։ Ինքն առանձին-առանձին հանդիպել է Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Շեւարդնաձեին եւ Ալիեւին, առանձին-առանձին քննարկել Կովկասի տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերը, գուցեեւ ինչ-որ որոշումներ էլ կայացրել։ Ու հիմա մինչեւ այդ մասին չհայտնի Քոչարյանին, «հոգու պարտքն» անկատար կմնա։
Իհարկե, շատ գնահատելի է Դեմիրելի մեծահոգությունը՝ այս մասին տեղյակ պահել նույն տարածաշրջանի մաս կազմող Հայաստանին։ Ու քանի որ խնդիրն ամբողջ Կովկասն է ընդգրկում, անշուշտ, ՀՀ նախագահը պետք է տեղյակ լինի այդ հանդիպումներից, բայց թե՝ ինչ չափով, ստացվում է, որ որոշում է Թուրքիայի նախագահը։ Եվ ինչպես բնորոշ է հատկապես արեւելյան դիվանագիտությանը, Դեմիրելն իր խոսքը համեմում է քաղցր-մեղցր «հոգուս պարտք»-ի տիպի արտահայտություններով։ Մինչ մենք իսրայելներում դիվանագիտական նորանոր «տարածքներ ենք նվաճում», այդ նույն ժամանակ ՀՀ-ում Իրանի դեսպանությունը մեր հասցեին խիստ-խիստ խոսքեր է ասում, իսկ Թուրքիան, կարելի է ասել, մեր թիկունքում ակտիվ կերպով «կայունացնում» եւ «անվտանգ» է դարձնում Կովկասը։ Քաղաքավարությունը պահանջում է «Կովկաս-Կովկաս խաղալիս» Քոչարյանին էլ «խաղացնել», իսկ մի ուրիշ բան էլ (երեւի՞ Թուրքիայի շահերը- Ա. Գ.) պահանջում է Քոչարյանին բուն խաղից չափավոր դիստանցիայի վրա պահել՝ նրա սիրտը նամակագրությամբ շահելով։
Ալիեւն ու Քոչարյանը երեկ, այնուամենայնիվ, հանդիպեցին։ Սակայն շատ կասկածելի էր, որ Ալիեւը՝ միամիտ-միամիտ, Դեմիրելի հետ իր պայմանավորվածությունները ջրի երես հանեց։
Կարդացեք նաև
Իհարկե, երկու երկրներ, այն էլ Ադրբեջանն ու Թուրքիան, կարող են մեզնից թաքուն հարցեր ունենալ եւ քննարկել դրանք, մի քիչ էլ՝ եղբայրական Վրաստանին իրենց կողմը քաշելով, բայց մենք էլ հո ԵԱՀԿ դիտորդնե՞րը չենք, որ այդ պրոցեսներին նամակագրությամբ հետեւենք։
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ