Անցած շաբաթ ԱԺՄ վարչության նախագահ Վազգեն Մանուկյանը հրապարակ նետեց նախագահի հրաժարականի եւ արտահերթ նախագահական ընտրությունների անհրաժեշտության հարցը։ Անմիջապես հետո պրն Մանուկյանը շտապեց ասել, թե դա իր անձնական տեսակետն է եւ որ ինքը նույնիսկ ԱԺՄ վարչության հետ չի խորհրդակցել։ ԱԺՄ վարչությունն իր առաջնորդի նման պահվածքի վերաբերյալ ի՞նչ կարծիքի է։ Մեր զրուցակիցն է Շավարշ Քոչարյանը։
– Ձեր կարծիքով նույնպե՞ս այս պահին անհրաժեշտ է նախագահ Քոչարյանի հրաժարականը եւ ընդհանրապես, ինչպես եք վերաբերվում այն հանգամանքին, որ կուսակցության ղեկավարն առանց վարչության հետ խորհրդակցելու նման պատասխանատու հայտարարություն է անում այս լարված քաղաքական իրավիճակում։
– Չգիտեմ ո՞նց է մյուս կուսակցություններում, բայց մեզ մոտ շատ նորմալ է հարցը, այսինքն՝ կուսակցության անդամը երբեւիցե կաշկանդված չի իր կարծիքը հայտնելու հարցում։ Բազմիցս եղել է, երբ մենք մեր կարծիքները հայտնում ենք եւ սխալ ենք համարում, որ ցանկացած հայտարարություն պետք է նախապես համաձայնեցվի կամ դրա համար լինի վարչության որոշումը։ Ուղղակի խոսքը վերաբերում է շատ ավելի, ես կասեի՝ ճակատագրական հարցադրումների։ Այստեղ, բնական է, որ կարող է լինել տեսակետների տարբերություն, բայց մյուս կողմից գնահատականն, իհարկե, ընդհանուր է։ Ինձ չի թվում, որ դա ԱԺՄ-ին, այլեւ բոլորին է ակնհայտ, որ այսպես շարունակել չի կարելի։ Հայաստանում գնալով տեղի է ունենում տնտեսական անկում, մուտքերը պակասում են: Պատահական չի, որ բյուջեի ընդունումը անընդհատ հետաձգվում է, որովհետեւ մի կողմից ցանկություն կա ունենալ իրատեսական բյուջե, մյուս կողմից վերջին ամիսների զարգացումները ցույց են տալիս, որ մուտքերի առումով մեր ակնկալիքներն ավելի են պակասում։
Շատ մտահոգիչ իրավիճակ է նաեւ արտաքին հարաբերությունների ոլորտում։ Դա մի կողմից վերաբերում է մեր անդամակցությանը միջազգային առեւտրական կազմակերպությանը, որովհետեւ բոլորս հիշում ենք, ինչպես կառավարությունը վրա-վրա բերում էր տարբեր օրենքների նախագծեր, որոնց ընդունումը պարտադիր էր այդ կազմակերպությանն անդամակցելու համար։ Այդ ցայտնոտային իրավիճակում ԱԺ-ն հաշվի առնելով այդ հանգամանքը, ամեն ինչ անում էր, որ այդ նախագծերը դառնային օրենք։ Այնուամենայնիվ, հիմա տպավորությունն այն է, որ այդ ճանապարհը փակվեց։ Պարզ է, որ մոտակա հինգ տարվա ընթացքում մենք անդամ չենք դառնա։ Ընդհանուր առմամբ անհուսալի վիճակ է ձեւավորվում։
Կարդացեք նաև
Որպես վիճակից դուրս գալու ելքեր, պրն Քոչարյանը նշեց. 1. Փորձել գնալ նոր ընտրությունների, «որովհետեւ ժողովուրդը օտարված է իշխանությունից, եւ պետք է ժողովրդին դարձնել մասնակից»։ Պրն Քոչարյանի ասելով՝ «Վազգեն Մանուկյանի առաջարկի մեջ կար այդ երանգը»։
Երկրորդ տարբերակը, ըստ Շավարշ Քոչարյանի, այն է, որ «մեր պետությունը հիվանդ է» եւ այս դեպքում «առաջնային է դառնում համակարգային փոփոխությունների հարցը, իսկ դա նշանակում է, առաջին հերթին, Սահմանադրության փոփոխություններ»։ «Գործադիր իշխանությունը դարձել է անվերահսկելի, իսկ անվերահսկելի իշխանությունը պարտադիր բերում է անձերի այլասերման։ (…) Պետք է ժողովուրդը հավատա, որ այն, ինչ առաջարկվում է, դրա մեջ կա միտում բարելավման»,- ասում է Շավարշ Քոչարյանը եւ նաեւ այս տեսակետից է կարեւորում համակարգային փոփոխությունները։
Սահմանադրական փոփոխությունները՝ առաջին հերթին, եւ ոչ թե փոփոխություն՝ փոփոխության համար, այլ՝ նոր Սահմանադրություն. «Տվյալ պարագայում, եթե դու բերում ես փոփոխություններ Սահմանադրության մեջ, դու, ըստ էության, վավերացնում ես 95-ին կատարված հրեշավոր կեղծիքը»։ Շավարշ Քոչարյանը կրկնեց իր այն համոզմունքը, որ «Հայաստանի նման նորանկախ պետության համար, որը չունի ժողովրդավարական ավանդույթներ, քաղաքացիական հասարակություն, ուղղակի պարտադիր է պառլամենտական հանրապետությունը»։
Զրույցը՝
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ