Երեկ Հարություն Սարգսյանը, որ մասնագիտությամբ ֆիզիկոս է, եւ նրա կինը՝ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արուսյակ Մկրտչյանը, դիմել են «Խոշոր շահում» վիճակախաղին՝ ստանալու իրենց շահումը։ Սա Հայաստանի պատմության մեջ վիճակախաղի ամենամեծ շահումն է՝ 35 մլն դրամ, «ջեք փոթը»։ Ընդ որում, իրազեկները պնդում են, թե շահող բազմանդամ ընտանիքը, որ կիսանկուղային հարկում է ապրում, որեւէ կապ չունի «Խոշոր շահումի» կազմակերպիչների հետ։
ՎԱՏ ԼՈՒՐ
Հունվարի 22-ի մի հրապարակման մեջ նշել էինք, թե 1994-ին Վանո Սիրադեղյանի հրաժարականը պահանջող ՀՀՇ վարչության յոթնյակի մեջ եղել է նաեւ Հովհաննես Իգիթյանը։ Վերջինս տեղեկացրեց, թե ինքն այդ կազմի մեջ չի եղել (ավելի ուշ պարզեցինք, որ յոթերորդը եղել է Բագրատ Ասատրյանը)։ Սակայն Հովհաննես Իգիթյանն այս առնչությամբ այլեւայլ բացատրություններից (մանավանդ նախաքննությամբ մերժված ցուցմունքների շուրջ «անառողջ եւ անպարկեշտ» մթնոլորտի համատեքստում) առավել կարեւորում էր հետեւյալը. «Անտեղի եւ աննպատակահարմար եմ համարում «դարի դատավարություններով» ներկա թշվառությունից եւ անելանելի դրությունից հասարակության ուշադրությունը շեղելու անբարոյական ճիգերին նպաստելը»։