Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկաների գործոնը

Հունվար 22,2000 00:00
kusakcutyunner

Հայաստանում արտահերթ նախագահական ընտրությունների անհրաժեշտությունը համարյա բոլոր ոչ լուսանցքային կուսակցություններն անհրաժեշտ են համարում։ Հեռուստատեսությամբ եւ մեծ լսարանների առջեւ անկեղծության պակասը, սակայն, իրեն զգացնել է տալիս։ Բարձրացնել նման ցանկություն, այն էլ անորոշ ձեւակերպումներով, դա առայժմ արել է միայն ԱԺՄ-ն։ Ոչ խորհրդարանական կուսակցությունները, որոնք ԱԺ-ում չհաջողեցրին զբաղեցնել իրենց «ուրույն» տեղը եւ իշխանության օրենսդիր թեւի նկատմամբ ոչ բարեհաճ վերաբերմունք ունեն, միաձայն (բացի «Շամիրամից») պնդում են, որ հրաժարական պահանջող ուժերը դրա բարոյական եւ իրավական հիմքերը չունեն։ Ենթադրում ենք, որ նախագահին իրենց՝ որպես հենարան առաջարկող կուսակցությունների կարծիքներն այս առումով ուշադրության արժանի են։

ԻՄ նախագահ Ներսես Զեյնալվանդյան– Իրավիճակում, մեր գնահատմամբ, որոշակի լարվածություն կա։ Արտահերթ նախագահական ընտրությունների պահանջարկը տեսնող ուժերի մեծ մասին առաջնորդող շարժառիթը ամենեւին էլ իրավիճակի կայունացումը չէ։ Ավելին, այդ ուժերի հիմնական մասն ունեցել են իրական իշխանություն, եւ մենք առավել բարենպաստ իրավիճակի ականատես երբեք չենք եղել։ Այսօր որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ Հայաստանի Հանրապետությունում բացակայում են ազատ ու արդար ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ իրավական ու բարոյական հիմքերը, եւ արդյո՞ք երկիրն այս՝ ինչ-որ տեղ ճգնաժամային, իրավիճակից դուրս բերելու «միակ» ելքը նախագահական նոր ընտրություններն են։ Չենք կարող չանդրադառնալ, որ այդ ուժերի կողմից անընդհատ թմբկահարվում է այն տեսակետը, որ նախագահը չի տիրապետում իրավիճակին։ Մեր կարծիքով՝ նախագահի հավասարակշռված եւ կտրուկ քայլերից խուսափող կեցվածքն ամենեւին էլ շրջանառվող վերոնշյալ տեսակետի հիմնավորումը չէ։ Եվ, ամենակարեւորը, իշխանության մյուս երկու թեւերին՝ Ազգային ժողովին ու կառավարությանը, Սահմանադրությամբ տրված են լիազորություններ՝ իրականացնելու իրենց ծրագրերը։ Մանավանդ, որ ԱԺ մեծամասնությունն ու կառավարությունը սատարում են միմյանց եւ գործում են առավել քան փոխհամաձայնեցված։ Իսկ նախագահը՝ նույն Սահմանադրության համաձայն, չի խոչընդոտում նրանց գործունեությունը։ Արդյոք այս պայմաններում բացասական դեր խաղացողը նախագա՞հն է։ ԻՄ-ի կարծիքով, նախագահական արտահերթ ընտրությունների կարիքը Հայաստանում չկա, եւ հակառակ գործընթացը կարող է բերել իրավիճակի առավել ապակայունացման։

Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյան– Մենք մեր տեսակետը ձեւակերպել էինք դեռեւս հոկտեմբերի 27-ից հետո։ Նախագահի հրաժարականի եւ արտահերթ նախագահական ընտրությունների պահանջ չենք դրել եւ այդպիսի հարց այսօր մեր կուսակցությունը չի քննարկում՝ համարելով, որ գործող նախագահն իր հնարավորությունները չի սպառել։ Եվ, ինչպես ասում են, գնդակն այժմ նախագահի դաշտում է, եւ ինքը պետք է քայլ անի։ Սոցիալիստական, ժողովրդական պառլամենտը, որ մենք ստեղծել ենք «Արդարություն» դաշինքի ուժերով, մշակում է համապատասխան քաղաքական փաստաթուղթ, ուր՝ բացի գնահատականներից, տրվում են իրավիճակը փոխելու եւ կտրուկ շրջադարձ կատարելու ուղիները։ Ինչ վերաբերում է արտահերթ նախագահական ընտրություններին՝ այս պահին դա համարում ենք անցանկալի։ Գտնում ենք, որ հասարակությունը, քաղաքական ուժերը պատրաստ չեն այդ քայլին։

«Արժանապատիվ ապագա»– Դեկտեմբերի 28-ին ունեցել ենք մեծ վերլուծական խորհրդաժողով, ընդունել ենք հայտարարություն, ուր ասվում է. «Մենք չենք միանում նոր ընտրությունների վերաբերյալ կոչերին։ Այդ կոչերը հնչեցնող ուժերի նպատակները հասկանալի են՝ իշխանության վերաձեւում»։

«Շամիրամ», Շողեր Մաթեւոսյան– Մենք պահանջում ենք ոչ միայն մեկ, այլ՝ երկու նախագահական արտահերթ ընտրություններ։ Եթե Վազգեն Մանուկյանը մասնակցելու է նախագահական ընտրություններին, առաջարկում ենք.

ա) նախապես հանել ԱԺ եւ նախագահական նստավայրի ցանկապատները եւ համարակալել բոլոր կտրող եւ ծակող գործիքները,

բ) «ժողովուրդ» եւ «համաշխարհային ազգ» հայտարարել բնակչության այն հատվածը, որը 20 րոպեից կգնա Վազգեն Մանուկյանի հետեւից,

գ) ընտրությունները նախօրոք հայտարարել ոչ լեգիտիմ եւ պահանջել արտահերթ նախագահական ընտրություններ։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31