Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԵՂԵԼՈՒ ՓՈՐՁ Է»

Հունվար 22,2000 00:00
hracan

Ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանն իր դատաքննական ցուցմունքներում ՀՀՇ-ի յոթնյակի հայտարարության մասին ասաց, թե «այն ղեկավար անձինք, ովքեր պահանջում էին Վանո Սիրադեղյանի հրաժարականը, մասնակից էին նաեւ նախկինում կատարված, մասնավորապես՝ Սուքիասյանի ու Ղանդիլյանի սպանությունների որոշումների կայացմանը»։

Հրաշալի յոթնյակը խլել էր ընդդիմության հացը

Նախ, հիշեցնենք, թե ՀՀՇ վարչության ո՛ր անդամներն էին 1994-ի մայիսի 31-ին ստորագրել այդ քաղաքական հայտարարությունը՝ Տեր Հուսիկ Լազարյանը, Էդվարդ Եգորյանը, Արա Սահակյանը, Կարապետ Ռուբինյանը, Սամվել Գեւորգյանը, Աշոտ Ոսկանյանը եւ Հովհաննես Իգիթյանը։ Այդ հայտարարության էությունն էր, թե նոր ձեւավորվող պետության իրավապահ կառույցներում նկատվում է ներքին հավասարակշռվածության խախտում։ Որոշակիորեն մատնացույց էր արված ՆԳՆ-ի կողմից լիազորությունների գերազանցումը եւ, որ այն ստվերել էր դատախազական համակարգը եւ մյուս իրավապահ մարմինները։ Հանրապետության նախագահին կոչ էր արված իշխանության ներսում թույլ չտալ նման անցանկալի ձեւախեղումներ։ Վանո Սիրադեղյանի հրաժարականի պահանջ ուղղակիորեն չկար, բայց ակնարկված էր, թե պիտի հեռանան այն գործիչները, որոնք իրենց տրված լծակները օգտագործում են քաղաքական նպատակներով։

Արա Սահակյանը պաշտպանվելու կարիք չունի

Արա Սահակյանը նախ ընդհանրական անդրադարձավ այն մեղադրանքներին, թե ՀՀՇ-ն կարող էր սպանությունների որոշումներ կայացրած լինել. «Շատ են սխալվում որոշ կուսակցական գործիչներ (եւ ափսոս, որ նաեւ որոշ լրատվամիջոցներ դրան ծառայում են), որոնց թվում է, թե ՀՀՇ-ն ունեցել է նույն գործելակերպը եւ նպատակները, ինչ որ իրենք։ ՀՀՇ-ն հեղափոխական կազմակերպություն չի եղել եւ չի լինելու։ ՀՀՇ-ն ընդհատակյա գործունեություն չի իրականացրել եւ չի իրականացնելու։ ՀՀՇ-ն երբեք հակաիրավական գործողությունների սանկցիաներ չի տվել»։ Խնդրեցինք առավել որոշակի պատասխանել Սուքիասյանի եւ Ղանդիլյանի սպանություններին ՀՀՇ-ի յոթնյակի առնչակցության վերաբերյալ Վահան Հարությունյանի ցուցմունքներին։ «Դատարանի դահլիճում ներկայացվող ցանկացած տեղեկություն պետք է գնահատի եւ իբրեւ փաստ դրա որակումը տա միայն դատարանը,- ասաց Արա Սահակյանը։- Ես ընդհանրապես կարիք չեմ զգում պաշտպանվելու որեւէ մեկից։ Եվ չեմ ուզում նաեւ այդ անձնավորությանը գնահատել։ Միայն կարող եմ ասել, որ դատարանի առջեւ բոլոր մարդիկ մի պարտավորություն ունեն՝ չստել եւ ճշմարիտ ցուցմունք տալ։ Իսկ ստելու եւ ամեն ձեւով իր կյանքը փրկելու իրավունք ունի ցանկացած ամբաստանյալ։ Եվ եթե ինչ-որ մեկն ուզում է ինքն իրեն փրկելու համար ինչ-որ անուններ տալ՝ դա նրա անձնական գործն է»։

Արա Սահակյանի համոզումն էր, թե ամենադժվար բանն ակնհայտ ճշմարտություններն ապացուցելն է. «Կարծում եմ, որ ամբաստանյալ Հարությունյանն իր այդ հայտարարություններով մեծ խանդավառություն է առաջացրել դաշնակցության ու դաշնակցականամետ շրջանակներում, քանի որ նրանք մի պահ կարող են ազատ շունչ քաշել (իրենց է այդպես թվում), որ իրենց խելքին էլ ինչ-որ մարդիկ կան կամ, հասարակության ուշադրությունը կարող է իրենցից շեղվել այլոց վրա։ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի եւ պարզ կդառնա, որ ամբաստանյալն ուղղակի ցնորամիտ մտքեր է արտահայտում»։

Այս պատասխանը թերեւս գուցե տարակուսելի էլ թվար՝ ինչու էր պետք Վահան Հարությունյանի ցուցմունքների առնչությամբ էլ դարձյալ ՀՅԴ-ին անդրադառնալ, բայց հատկապես այս կուսակցությանը հարող թերթն է մեկ մարդու այս ցուցմունքները գրեթե որպես վերջնական ճշմարտություն ներկայացնում եւ դրանց հիման վրա անգամ ձերբակալություններ է պահանջում (Նաիրի Հունանյանի ցուցմունքների պարագայում նույն թերթի պահանջները տրամագծորեն հակառակն են)։ «Բայց այստեղ ոչ մի զարմանալի բան չկա։ «Հայոց աշխարհի» վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության հիմնադիրների նկատմամբ ակնհայտ է. նրանք երբեք իրենց ատելությունը չեն թաքցրել,- ասաց Արա Սահակյանը։- Ուղղակի մի այսպիսի իրավիճակ է կարելի մոդելավորել. իսկ եթե վաղն այդ նույն ամբաստանյալը հրապարակի այդ թերթի որեւէ աշխատակցի անո՞ւնը՝ նրանք նույն ձեւով պիտի կոչ անեն, որ դատախազությունը գո՞րծ հարուցի… Պարզ է, քաղաքական կուսակցությունները քրեականացվել են եւ իրենց «գյորա» մարդիկ են փնտրում այլ միջավայրում։ Մեզ այդ կեղտը չի կպել այս վերջին երկու տարիների ընթացքում եւ չի էլ կպնի, որովհետեւ մենք եղել ենք այլ տիպի կուսակցական ու պետական գործիչներ։ Աշխատել ենք բաց ու հրապարակային։ Երբեք որեւէ զենքի վրա չենք երդվել, գաղտնի կապերով միմյանց հետ կապված չենք եղել։ ՀՀՇ-ն երբեք քրեական օրենսգրքի հետ խնդիրներ չի ունեցել»։

Ռուբինյանը ցուցմունքների նոր ուղղվածություն է նշմարում

Ի դեպ, ՀՀՇ-ի յոթնյակի հայտարարության նախաձեռնողները Արա Սահակյանն ու Էդվարդ Եգորյանն էին։ Երեկ վերջինիս եւ Կարապետ Ռուբինյանին Վահան Հարությունյանը փաստորեն առանձնացրեց սպանություններ հրահանգավորածների ցանկից։ Սակայն Կարապետ Ռուբինյանին նախ այս հարցին չանդրադառնալով խնդրեցինք մեկնաբանել ՀՀՇ վարչության յոթնյակին Վահան Հարությունյանի մեղադրանքները։ «Դրանք ծայրից ծայր անհեթեթ են։ Շատ զարմացած եմ, քանի որ ամիսներ առաջ մամուլում հրապարակված նրա ցուցմունքներում հակառակը, որպես դրական մի երեւույթ էր նշված այդ հայտարարությունը, թե ՀՀՇ-ում նաեւ գոյություն է ունեցել մի թեւ, որը ժամանակին ահազանգել է։ Դատարանում մթնոլորտի ընդհանուր փոփոխությունը լիովին հասկանալի է։ Ակնհայտորեն զգացվում է, որ ինչ-որ մարդիկ (բնականաբար, իրենց շահերից ելնելով) պատվիրել են նոր երանգներ տալ գործին։ Բայց չեմ կարծում, որ դա ուտվող «բադիկ» է։ Այդ մարդը թերեւս չի էլ պատկերացնում, թե ՀՀՇ-ն ինչ կառույց է, կամ ինչպես է աշխատել եւ իր նեղմիտ պատկերացումներով այդ ժամանակվա պաշտոնյաներին նույնացնում է ՀՀՇ-ի հետ»։

Վահան Հարությունյանը երեկ Կարապետ Ռուբինյանին «ազնիվ ու պետականությանը նվիրված անձ» անվանեց, սակայն առանձնացվելը պրն Ռուբինյանի գնահատականները նրա մասին չէր փոխել. «Չմոռանանք, որ այդ մարդը մեղադրվում է սպանությունների մեջ։ Այլ հարց է՝ կապացուցվի՞ կամ ոչ, թե նրան հրամայվել է դա անել։ Չնայած երկու դեպքում էլ որեւէ հանգամանք չեմ տեսնում, որը մեղմացնում է նրա հանցանքը։ Եվ ինքը խոստովանել է, որ կատարել է այդ հանցագործությունները։ Հիմա, հանցագործի կողմից իմ հասցեին բարի խոսքեր լսելը որեւէ կերպ ինձ ոչ ուրախացնում է, ոչ էլ բավարարում»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31