Ղարաբաղի ներքաղաքական վիճակը՝ երկու թեւի բաժանված «Երկրապահի» անդամներին, ոչ ցանկալի հիշողությունների մեջ գցեց։ Մասնավորապես, Ղարաբաղյան պատերազմի վետերանների «Երկրապահ» հանրապետական միության մամուլի քարտուղարությունը մյուս «մրցակից» կողմի՝ Արցախյան պատերազմի վետերանների միության նորանշանակ նախագահ, Շուշիի գնդի նախկին հրամանատար Վաչագան Իշխանյանի 92-93 թվականների կենսագրությունը մտաբերեց։
Այսպես՝ պրն Իշխանյանն այդ թվականներին Շուշիում ապստամբել է բանակի կենտրոնական հրամանատարության դեմ։ Երկարատեւ բանակցությունների արդյունքում «ապստամբությունը ճնշվել է, պրն Իշխանյանը զենքը վայր է դրել եւ Ղարաբաղից հեռացել։ Մամուլի քարտուղարությունն ամեն դեպքում չժխտեց, որ «Վաչոն լավ, կռվող տղա է։ Վերջին տարիներին հաճախ շփվում էր Սամվել Բաբայանի հետ։ Սակայն ներկայիս վիճակում հող ստեղծվեց Վաչոյի ամբիցիաները վերականգնելու համար։ Բոլորի տպավորությունն այն է, որ նա հովանավորվում է իշխանությունների կողմից»։
Եվս մեկ քար՝ Արցախյան պատերազմի վետերանների միության քաղաքային համայնքի բոստանը. «Թեեւ դա հասարակական կազմակերպություն է, սակայն միության հիմնադիր ժողովի նախագահը Ղարաբաղի պաշտպանության փոխնախարար Վիտալի Բալասանյանն է, հիմնադիր ժողովի կազմում են ԼՂՀ ՆԳ նախարարն՝ իր երկու տեղակալներով»։
Լ. Ա.
Կարդացեք նաև
ԱՌԱՋ՝ ԴԵՊԻ ԿԱՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԿՈՎԿԱՍ
Մեր ունեցած տվյալներով օրերս Թբիլիսիում հանդիպել էին Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահները եւ քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցեր։ ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից ճշտեցինք, որ Թբիլիսիում, իրոք, այդ հարցերը քննարկվել են նախագահների մակարդակով, սակայն՝ միայն Վրաստանի եւ Թուրքիայի, վերջինիս Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում։
Մասնավորապես քննարկվել է Տարածաշրջանային անվտանգության Սարաեւոյի պակտի նմանողությամբ Կովկասի անվտանգության եւ կայունության պակտի ստեղծման գաղափարը, որն առաջին անգամ հայտնել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ անցյալ տարվա մարտին Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում։ Գաղափարը հնչել է նաեւ Ստամբուլում՝ նախագահներ Ալիեւի եւ Քոչարյանի կողմից միաժամանակ։ Իր դրական վերաբերմունքն այս հնարավոր պակտի նկատմամբ հայտնել է նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Իվանովը Թուրքիա կատարած այցի ընթացքում։ Ինչպես նկատելի է, հարցը քննարկվում է դեռեւս երկկողմ հանդիպումների ժամանակ, մինչդեռ գաղափարն ինքնին ենթադրում է բազմակողմ բանակցություններ։ Սակայն, նկատի ունենալով տարածաշրջանի երկրների տարբեր (եթե չասենք՝ երբեմն իրարամերժ) դիրքորոշումները՝ միանգամայն հասկանալի է, որ դեռեւս վաղ է խոսել այս հարցի շուրջ բազմակողմ բանակցությունների մասին, ուր մնաց՝ ինքնին պակտի։
Չի բացառվում, որ հունվարի 24-25-ին նախատեսվող ԱՊՀ գագաթաժողովին նման քննարկումներ կլինեն եւ մասնավորապես ՌԴ նախագահի պաշտոնակատար Պուտինի նախաձեռնությամբ նախագահներ Ալիեւն ու Քոչարյանը առանձնազրույց կունենան։
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ