Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՆՈՒՇԿԱՆ ՁԵԹՆ ԱՐԴԵՆ ԹԱՓԵԼ Է

Հունվար 22,2000 00:00
samvel babayan

Ղարաբաղյան պատերազմի վետերանների «Երկրապահ» հանրապետական միության երկրորդ համագումարի՝ մամուլում տեղ չգտած որոշ մանրամասներ ճշտելու նպատակով «Առավոտը» դիմեց միության նորընտիր խորհրդի մամուլի քարտուղարություն։ Մասնավորապես, մեզ հետաքրքրում էր նախկին ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի ելույթը, որն, ըստ լուրերի, բավական սուր եւ այդքանով էլ հետաքրքիր էր։ Դրան զուգահեռ՝ ճշտեցինք եւս մի քանի լուրեր, որոնք կներկայացնենք ստորեւ։

Նախ՝ Բաբայանի ելույթից որոշ հատվածներ։ Միության նախագահ առաջադրվելուց եւ ինքնաբացարկ հայտնելուց հետո պրն Բաբայանը դա հիմնավորել է այսպես. ինքը պատրաստվում է ստեղծել քաղաքական կուսակցություն (անվանումը դեռեւս մեզ հայտնի չէ) եւ չի ցանկանում պատերազմի վետերաններին շահագործել՝ ներքաշելով քաղաքականություն. «Մեր ժողովուրդը զարմացավ, երբ ես հանգիստ հեռացա (պաշտպանության նախարարի եւ բանակի գլխավոր հրամանատարի պաշտոններից- Լ. Ա.)՝ դրանով իսկ բացատրելով, որ աթոռի համար չեմ կռվում, որ իրոք պետք է ողջախոհությամբ վերաբերվել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Եղել են մարդիկ իմ կողմնակիցներից, մասնավորապես՝ բանակի հրամանատարներ, որոնք առաջարկել են հարցերը լուծել ուժի դիրքերից։ Այդ մարդիկ հիմա հակառակ կողմում են։

Ես կցանկանայի նաեւ բացատրել, թե ինչու չեմ շփվել այն տղաների հետ, որոնք բանակից հեռացվել կամ հեռացել են։ Եթե նրանցից մեկը մի քանի անգամ հանդիպել է բանակի հրամանատարի (այսինքն՝ Սամվել Բաբայանի- Լ. Ա.) հետ, արդեն իրեն իրավունք է վերապահել հայրենի գյուղում ծեծել սրան-նրան՝ ասելով, որ Սամվել Բաբայանն իր մոտիկ մարդն է։ Ես հեռացել եմ այս դահլիճում նստածներից եւ չեմ փորձել վերականգնել հարաբերությունները։ Դա արել եմ այն նպատակով, որպեսզի կարողանանք պետականություն ստեղծել։ Իմ համոզմամբ, պետությունում չպետք է լինեն բաշիբոզուկներ»։ Ասելով, որ ընտրելով պետականության (եւ ոչ բոլորի աչքում լավ երեւալու) ճանապարհը, նա 95-ին պաշտոնների է նշանակել ոչ թե ծանոթ ընկերներին, այլ աշխատել կարողացողներին։ Եվ իր ամենամեծ հաջողությունը նաեւ այն է, որ փողոցներում այլեւս չեն շրջում գնդացիրներով կամ ինքնաձիգերով մարդիկ։

Անցում անելով ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի թեմային, բայց անուն չնշելով, Բաբայանը հայտարարել է. «Եթե մարդը նկուղում կիթառ նվագելուց հասնում է իշխանության ամենաբարձր աթոռին եւ չի ուզում հետ նայել, ի՞նչ ասես նրա մասին։ Ինչպես կարող էր դա լինել Չեչնիայում կամ Աբխազիայում։ Նման նախագահն արդյո՞ք կարող էր հանդես գալ ժողովրդավարության անունից. նրան երկու րոպեում կգնդակահարեին։ Սա նշանակում է, որ մենք պետականություն ենք ստեղծել, մեր պետական համակարգը կայացել է, եւ ես հպարտ եմ դրանում ներդրում ունենալու համար»։ Անդրադառնալով 92 թվականի հոկտեմբերին Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ պրն Բաբայանը նշել է, որ այդ ժամանակ չի գտնվել մեկը, որն իր վրա վերցներ պատասխանատվությունը՝ կանգնեցնել խուճապահար ժողովրդին եւ նահանջի առաջն առներ։ Չի եղել քաղաքական որոշում՝ թե որ տարածքները կարելի է գրավել, որը՝ ոչ. «Դա արել եմ ես՝ իմ մարտական ընկերներով։ Իսկ հիմա խոսում են այն մասին, որ ես հաղթանակն եմ սեփականացնում, բանակի հաջողություններն եմ սեփականացնում։ Դրա իրավունքները կիթառ նվագողները չունեն»։

Այսքանից հետո Սամվել Բաբայանը մի տխուր եզրակացության է հանգել. «Ինձ թվացել էր, թե մեր ժողովուրդը հաղթանակից հետո հաղթահարել է ստրկամտությունը, բայց, ցավոք, դա այդպես չէ։ Եթե վաղը Բաքվից մարդ ուղարկեն, նույն ձեւով ենթարկվելու են նրան, նրա հրամաններն են կատարելու։ Դա մեր ժողովրդի դժբախտությունն է, եւ այսօրվա մեր իշխանությունները խաղում են այդ դժբախտության վրա»։ Համագումարին ելույթներ են հնչել ԼՂՀ նախագահի հրաժարականի, ԱԺ-ին անվստահություն հայտնելու մասին։ Մասնավորապես ԱԺ-ն որակվել է որպես մեռյալ մարմին, որը վեր է ածվել գործադիր իշխանության կցորդի։ ԱԺ-ն լուծարելու խնդիր առաջ չի քաշվել այն մտայնությամբ, թե «Մենք չպետք է պահանջենք ԱԺ-ի լուծարում, որպեսզի այդ մարդիկ մինչեւ վերջ խայտառակեն իրենց»։ Համագումարը նախագիծ է ընդունել (որն ամբողջությամբ կհրապարակվի երկուշաբթի օրը), ուր պահանջվում է փոխել կառավարության կազմը, քանի որ այն չի ներկայացրել 2000 թվականի բյուջեն, չունի որեւէ ծրագիր։

Բնականաբար, ոչ գեղեցիկ հուշեր է արթնացրել նաեւ վարչապետ Անուշավան Դանիելյանը։ ԼՂՀ նախագահը, մեր տեղեկություններով, պաշտոնապես չի արձագանքել համագումարում հնչած մտքերին։ Ըստ վետերանների «Երկրապահ» միության մամուլի քարտուղարության տվյալների՝ պետական լրատվամիջոցները համագումարը լուսաբանելուն տրամադրել են կես րոպե։ Փոխարենը՝ կես ժամանոց հաղորդում է ցուցադրվել Արցախյան պատերազմի վետերանների միության քաղաքային կոնֆերանսի մասին, որը ստեղծել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31