Այս օրերին Ռուսաստանի մայրաքաղաքում են գտնվում Վահան Շիրխանյանը, Սմբատ Այվազյանը։ Երեկ Մոսկվա մեկնեց ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, այսօր նույն ուղղությամբ կհեռանա նաեւ տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետ Տիգրան Հակոբյանը։ Վերջին երկուսը մասնակցելու են OPT-ի «Ինչպես է դա եղել» ծրագրին, որի այս թողարկումը նվիրված է հոկտեմբերի 27-ին Հայաստանի ԱԺ-ում կազմակերպված արյունալի ոճրին։
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՀԱՅ ԵՐԱԺԻՇՏԸ
Նախագահի պաշտոնակատար Վլադիմիր Պուտինը երաժշտական արվեստի զարգացման մեծ ավանդի համար հունվարի 19-ին պարգեւատրել է Բորոդինի անվան քառյակին։ Պարգեւատրվածների թվում է հայ նշանավոր ջութակահար Ռուբեն Ահարոնյանը։ Նա արժանացել է Պատվո շքանշանի։
Կարդացեք նաև
ՄԻԱՅՆ ԴՌՆՓԱԿ
«Երբ սահմանադրական փոփոխություններ առաջարկող հանձնաժողովի նախագահը Պարույր Հայրիկյանն էր՝ նիստերը դռնբաց էին անցկացվում։ Դուք ինչո՞ւ եք թաքուն աշխատում» հարցին ի պատասխան՝ նախագահին առընթեր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահ, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ խումբը մասնագիտական է, բաղկացած է միայն իրավաբաններից եւ արդյունավետ աշխատանքը կարող է միայն դռնփակ լինել։
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ
Ազգային ժողովը մտադիր է հատուկ հեռուստաալիք ունենալ, որը պատգամավորների կարծիքով ավելի օբյեկտիվ եւ համապարփակ կներկայացնի խորհրդարանի աշխատանքները։ «Թե չէ ուրիշ ալիքներ նկարում են կիսադատարկ դահլիճը եւ ասում են, թե պատգամավորները վատ են աշխատում»,- ասաց պատգամավորներից մեկը, որը չուզեց բացահայտվել։