Վերջին օրերս Երեւանի բոհեմային շրջանակներում փութաջանորեն տարածվում են լուրերն այն մասին, որ «Նեզավիսիմայա գազետայում» հրապարակած եւ երեւանյան «Նովոյե վրեմյա» թերթում արտատպած «Իվան Սոտնիկով» եւ «Ռուբեն Արալով» ստորագրությամբ հոդվածների հեղինակը ես եմ։
Այդ հոդվածների բովանդակությունը բացառապես ուղղված է նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Այդ առիթով հայտարարում եմ, որ իմ հոդվածները «Նեզավիսիմայա գազետայում» եւ այլ արտասահմանյան թերթերում հրապարկվում են այլ կեղծանուններով։ Ռուսաստանի եւ Կենտրոնական Եվրոպայի քաղաքական շրջանակներում իմ կեղծանունները քաջ հայտնի են։ Ընդ որում, իմ արտասահմանյան հրապարակումները երբեք չեն վերաբերվել Հայաստանի ներքին խնդիրներին եւ նվիրված են աշխարհաքաղաքական, տնտեսական եւ ընդհանուր գաղափարախոսական խնդիրներին։ Ընդառաջ գնալով Երեւանի բոհեմային շրջանակների ցանկությանը՝ խորամուխ լինել տվյալ հակաքոչարյանական հոդվածների հեղինակության մեջ, կարող եմ նրանց ուշադրությունը հրավիրել այդ հոդվածների բարձր լրագրողական եւ քաղաքագիտական մասնագիտական մակարդակի վրա, ինչպես նաեւ հեղինակի տեղեկացվածության։
Հաշվի առնելով հիշյալ հոդվածների օրինակելի ոճը եւ վարպետությունը, կարող եմ ենթադրել, որ դրանք պատկանում են նեղ քաղաքագիտական շրջանակներում բավականին հայտնի քաղաքագետ եւ քաղաքական գործիչ Հմայակ Հովհաննիսյանի գրչին։ Աչքի առաջ ունենալով հայաստանյան որոշակի գործիչների ելույթները մամուլով եւ հեռուստատեսությամբ, կարող եմ ենթադրել, որ տվյալ հոդվածները նախաձեռնված են հայաստանյան նշանավոր քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանի կողմից։ Ընդ որում, իմ ենթադրությունների համար ես լիակատար պատասխանատվություն եմ կրում։
Քաղաքական պատրաստվածության բարի ցանկությամբ եւ Երեւանի բոհեմի նկատմամբ համակրանքով՝
Կարդացեք նաև
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ