Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻ ՏԱՆԸ ԵՐԿՈՒ ՊԱՊԱ ՉԻ ԼԻՆԻ»

Հունվար 21,2000 00:00
stepanakert

Ինչպես որ տեղեկացրել էինք, հունվարի 20-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Ղարաբաղյան պատերազմի վետերանների «Երկրապահ» հանրապետական միության երկրորդ համագումարը:

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ նույն տեղում /Ստեփանակերտի երիտասարդական պալատ/ կայացավ Արցախյան պատերազմի վետերանների միության Ստեփանակերտի համայնքային կոնֆերանսը: «Երկրապահի» համագումարին իրենց մասնակցությունը բերեցին քաղաքապետ Կարեն Բաբայանը /նա կարճ ելույթ ունեցավ/ եւ գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը, որն ընդարձակ եւ գրեթե ծրագրային ելույթում ազդարարեց նաեւ, որ շուտով իր սեփական կուսակցությունն է ստեղծելու: «Երկրապահի» նախագահ վերընտրվեց Արկադի Կարապետյանը։

Նշենք, որ հունվարի 19-ին «Վետերանների» կոնֆերանսի ժամանակ հոսանքն անջատվեց /Ստեփանակերտում սաստիկ քամի էր բարձրացել/ եւ «Երկրապահների» համագումարի պայծառ օրը լրագրողների համար զանազան կատակների տեղիք տվեց: Կատակները՝ կատակ, բայց Սամվել Բաբայանի ելույթի ժամանակ թվում էր, թե առանց պատճառի լույսն անջատվեց, որի պատճառով գեներալի ելույթի ավարտական մասն այնքան էլ հստակ չէր: Բարեբախտաբար, այս միջադեպը իբրեւ իշխանությունների սադրանք՝ չդիտվեց: «Միացյալ Հայաստան» կուսակցության անունից Գառնիկ Առաքելյանը նշեց թե կուսակցության 5 հազար անդամները եւ «12 հազար մեր շարժման զինվորականները», սատարում են «Երկրապահին»։ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անունից ելույթ ունեցավ նախագահ Արկադի Սողոմոնյանը, իսկ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության կողմից՝ նրա նախագահ, հայտնի իրավապաշտպան եւ ժողովրդավար Կարեն Օհանջանյանը: Այնուհետեւ ծափահարությունների տակ ազդարարվեց, որ «Երկրապահի» հետ է «մեր բոլորի սիրելին եւ մեր բոլոր ցավերին քաջատեղյակ Ցվետանա Պասկալեւան»։

Հայկական ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Մուրադ Պետրոսյանի ելույթը ռուսերեն էր ու խիստ քննադատական: Ընդհանրապես, բավականին ինքնատիպ ելույթներ հնչեցին, որոնց բովանդակության հիմնական մասը հռետորներից մեկը կարճ եւ բոլորին հասկանալի նախադասությամբ ձեւակերպեց. «Մի տանը երկու պապա չի լինի»: Ինչպես հաղորդվեց ժողովի մասնակիցներին «Երկրապահի» առաջին համագումարին, 1997 թ., մասնակցել է 58 մարդ, այսօր կազմակերպության շարքերում ավելի քան 2000 հոգի է, ընդ որում ավելի քան 1000 ղարաբաղցի երկրապահացել է «այս 20 օրվա ընթացքում»: Հաշվետու զեկուցումով հանդես եկավ «Երկրապահի»-ի նախագահ Արկադի Կարապետյանը: Ըստ էության, հաշվետու զեկուցման քննարկումը վերածվեց ԼՂՀ իշխանությունների անզուսպ քննադատությանը /հնչեցին անգամ նախագահի հրաժարականի կոչեր/ եւ, բնականաբար, Սամվել Բաբայանի անափ գովեստների տարափին: Ի տարբերություն նախորդ օրվա նույն դահլիճում հնչած՝ բովանդակության եւ ձեւակերպումների առումով, զուսպ ելույթների, այս անգամ հռետորները կրքոտ ու անզիջում էին ու արդարությունը վերականգնելու վճռականությամբ լի:

Ժամանակի սղության պատճառով ավելի մանրամասն ներկայացնել համագումարը չեմ կարող, ուզում եմ հավելել միայն, որ որոշ «Երկրապահների» շուրթերից հնչած մեղադրանքը, թե նախորդ օրը այս դահլիճում հավաքվել էին «զորակոչով» պատերազմին եկածները, իսկ ահա այսօր՝ «կամավորները», անհիմն են ու մեղմ ասած՝ անբարոյական: Առնվազն Սեյրան Օհանյանի, Վիտալի Բալասանյանի, Ժաննա Գալստյանի, Ժորա Գասպարյանի /«Գրադի» Ժորա/ եւ մյուսների հասցեին, որոնց մարտական ուղին ծանոթ է ցանկացած ղարաբաղցուն, եւ որոնց հանդեպ ղարաբաղցիների վերաբերմունքը միանշանակ է:

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ,

Ստեփանակերտ

Հ. Գ. Ուրախությամբ նշեմ, որ Ղարաբաղի իշխանությունների կողմից «քարկոծվող ու ճնշվող» անկախ մամուլի /«10-րդ նահանգ», «Ստեփանակերտ» թերթերի/ մեր գործընկերներին «Երկրապահի» առաջին դեմքերը արժանացրել էին իրենց կողքին առաջին շարքում բազմելու եւ Համագումարի բոլոր մանրամասները արձանագրելու պատվին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31