Շատերին էր հետաքրքրել, թե ում հետ էին հանդիպումներ ունեցել Աշոտ Մանուչարյանն ու Վազգեն Մանուկյանը՝ արտահերթ նախագահական ընտրությունների մասին թեզն ասպարեզ նետելուց առաջ։
«Առավոտը» հաջողեց պարզել, որ ԱԺՄ առաջնորդը մասնավորապես հանդիպել էր Վահան Շիրխանյանի, «Հայրենիք» դաշինքի եւ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ։ Աշոտ Մանուչարյանի հանդիպումները կառավարության շրջանակում առավել բազմազան են։ Բայց նա եւս հանդիպել էր արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հետ, որից հետո Վազգեն Մանուկյանի եւ «Քաղաքական կոնսուլտացիոն խորհրդի» որոշ անդամների հետ։ Ի դեպ, երեկ ՀԺԿ գրասենյակում հանդիպել են ՀՅԴ եւ ՀԺԿ բարձրաստիճան կուսակցականները։
ԼՂՀ «ԵՐԿՐԱՊԱՀԸ» ԵՎՍ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ Է ՁԳՏՈՒՄ
Կարդացեք նաև
Արցախի «Երկրապահ» միության համագումարում հատուկ շեշտադրվել է իշխանափոխության հարցը։ Մուրադ Պետրոսյանը ԼՂՀ ներկա իշխանավորներին «բռնապետ» է անվանել։ «Միացյալ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գառնիկ Առաքելյանը հայտարարել է, որ եթե պետք լինի որպես հակադարձում՝ բռնությամբ է պետք հեռացնել ներկա իշխանություններին։
ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ ՀՈՍԱՆՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Էրեբունի համայնքի առաջին ատյանի դատարանում երեկ հետաձգվեց «Շմայսի»՝ Առաքել (Արմեն) Մովսիսյանի դատավարությունը՝ դատարանում հոսանքի բացակայության պատճառաբանությամբ։ Հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 26-ին։
«SIL»-Ն ԱՄԵՆՈՒՐ Է
Պարզվում է, որ «SIL Group» անունով կազմակերպություններ կան նաեւ Պորտուգալիայում (շինարարական) եւ ԱՄՆ-ում (մարքեթինգային)։ Միանգամից ասենք, որ սրանք որեւէ կապ չունեն Սուքիասյանների ընտանիքի հետ։ Առավել եւս, որ ԱՄՆ-ի «SIL»-ը ստեղծվել է դեռ 1983 թվականին։ Բայց, այ, Դուբայի «SIL»-ը Սուքիասյաններինն է։