ՀԺԿ-ՀՅԴ առաջին հանդիպմանը մասնակցում էին Ստեփան Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը, պատգամավոր Էդմոն Ծատուրյանը, ՀՅԴ-ի կողմից՝ Վահան Հովհաննիսյանը, Դավիթ Լոքյանը եւ Արմեն Ռոստոմյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երեք հիմնական հարցեր՝ Ղարաբաղի հիմնահարցը, 2000 թվականի բյուջեն, դրանից ածանցվող սոցիալ-տնտեսական խնդիրները եւ նախապատրաստվող սահմանադրական փոփոխությունները։
«Առավոտին» տված հարցազրույցում ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար, ԱԺ էներգետիկայի հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Լոքյանը մասնավորապես ասաց. «Շատ հարցերում կարծես թե երկու կուսակցությունները նույն կարծիքն ունեին»։ Նման հանդիպումներ եւ քննարկումներ ՀՅԴ-ն դեռեւս չի ունեցել հանրապետական կուսակցության հետ։ Առաջիկա շաբաթում, պրն Լոքյանի ասելով, հանդիպում կլինի նաեւ ՀՀԿ-ի հետ։ Մեր հարցին՝ ՀԺԿ-ՀՅԴ հարաբերությունները սկզբունքային փոփոխություններ չե՞ն կրել Կարեն Դեմիրճյանից հետո, Դավիթ Լոքյանը պատասխանեց. «Կարող եմ ասել՝ ոչ։ Իհարկե, Դեմիրճյանը կարողանում էր ստեղծել այնպիսի մթնոլորտ, որում ամենահակասական ծրագրային բազա ունեցող քաղաքական կուսակցությունները կարողանում էին երկխոսության հարթություն գտնել։ Փառք Աստծո, նույնը նկատվեց նաեւ Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպման ժամանակ եւ մենք բավականին ուրախացել էինք, որ մի խոշոր քաղաքական ուժ կա, որը շատ հարցերում մտածում է նույն ձեւով, ինչպես մենք»։
ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ
Կարդացեք նաև
10 տարի առաջ Ադրբեջանի մայրաքաղաքում մեկ շաբաթ շարունակ շարունակվում էր հայերի ջարդը։ Այն ժամանակ ռուսական լրատվամիջոցների, ավելի ճիշտ պաշտոնական լրատվամիջոցների կողմից ծայրահեղական (էքստրեմիստ) անունով կնքված հայերի մասին երբեք չէր հաղորդվում իրականությունը։ Բաքվի ջարդերի բազմաթիվ զոհերի հիշատակը ցայսօր չի նշվել հավուր պատշաճի։ Այս տարի կառավարությանը կից միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանը Բաքվի ջարդերի զոհերի հիշատակի օր կազմակերպեց։ Պաշտոնատար անձինք Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեցին ջարդի զոհերի հիշատակին։ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չմասնակցեց զոհերի հարգանքի տուրքի արարողությանը, քանի որ գտնվում էր Իսրայելում, ճիշտ այնպես, ինչպես չէր մասնակցում ապրիլի 24-ի զոհերի հիշատակի արարողությանը, քանի որ այդ նույն օրը մասնակցում էր ՆԱՏՕ-ի 50-ամյակին։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ