Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱ՛Զ-ԳԵ՛Ն ՆԱ՛-ԽԱ՛-ԳԱ՛Հ – 3

Հունվար 20,2000 00:00
Vazgen Manukyan

Վերջին մի քանի օրվա ընթացքում տարբեր քաղաքական ուժեր եւ գործիչներ մշուշապատ ակնարկներ են անում, թե դեմ չեն լինելու նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականին: Երեկ այդ տրամադրություններն առավել հստակ ձեւով ամփոփեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը:

Ընդ որում, նախագահի հրաժարականի մասին են խոսում ոչ թե, պրն Քոչարյանի եզրաբանությամբ, «մոսկաներն» ու «քաղաքական թափոնները» կամ, ըստ այլ որակավորումների, «ՀՀՇ-ածին ռեւանշիստները», այլ, նույն դասակարգողների կարծիքով, «լուրջ, սոլիդ քաղաքական ուժերը», ինչպիսին, օրինակ, ԱԺՄ-ն է: Պրն Մանուկյանին դժվար է մեղադրել առանձին հետեւողականության մեջ: Դեռեւս մեկ ամիս առաջ նա ասում էր, թե նախագահի հրաժարականը կխաթարի երկրի կայունությունը եւ կօգնի «մութ ջրում ձուկ որսացողներին»: /Հիմա նույն մեղադրանքը կարելի՞ է նրան հակադարձել/:

Քոչարյանամետ մամուլն էլ գրում է, թե, ահա, տեսնո՞ւմ եք, ի դեմս Վազգեն Մանուկյանի, կայունության ինչպիսի կարկառուն պաշտպան ունենք: Ի՞նչը ստիպեց պրն Մանուկյանին նման կտրուկ ձեւով փոխել իր հայացքները կայունության վերաբերյալ: Գուցե Հարություն Հարությունյանի ձերբակալման վերաբերյալ նախագահի լռությո՞ւնն է ԱԺՄ-ի ղեկավարին հանգեցրել այն մտքին, որ Ռոբերտ Քոչարյանը չի վերահսկում իրավիճակը եւ զուրկ է որեւէ հենարանից: Ինքնին այդ եզրակացությունն, իհարկե, ճիշտ է:

Ինչ խոսք, հոյակապ կլիներ, եթե Հայաստանն ունենար ուժեղ նախագահական իշխանություն եւ իրավիճակը վերահսկող, իր պարտականություններն ամբողջությամբ իրականացնող նախագահ: Բայց եթե Ռոբերտ Քոչարյանն իր հրաժարականով ճանապարհ է բացելու Վազգեն Մանուկյանի համար, դա, իմ կարծիքով, այդքան էլ հոյակապ չի լինի. թույլ, բայց հավասարակշռված եւ կանխատեսելի նախագահը գերադասելի է թույլ, անհավասարակշռված եւ անկանխատեսելի նախագահից: Սակայն առավել հավանական է, որ պրն Քոչարյանի հրաժարականից հետո մենք կունենանք կեղծիքներով ընտրված մի նոր նախագահ, եւ անկախ այդ մարդու անձնական բարեմասնություններից, դրանից իրավիճակը որեւէ բանով չի լավանա, իսկ հնարավոր է նաեւ, որ վատանա: Ճիշտ է, Ռոբերտ Քոչարյանի մնալ-չմնալու հարցը չի որոշվում ոչ իմ գրելով, ոչ Վազգեն Մանուկյանի ասուլիսով, ոչ էլ, ցավոք սրտի, իր՝ Ռոբերտ Քոչարյանի, ցանկությամբ: Դա որոշելու է իրական իշխանություն ունեցող մարդկանց շատ սահմանափակ մի խումբ, իսկ մնացածներին ոչ ոք չի հարցնի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31