Դեռեւս դեկտեմբերին ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը պնդում էր, թե «առաջիկա 5 ամիսներին ընտրությունները հայ ժողովրդին ոչինչ չեն տա» եւ որ կարելի է առժամանակ յոլա գնալ կարկատան Սահմանադրությամբ։
Երեկ նա դարձյալ ասուլիս էր հրավիրել՝ արդեն ասելու, որ հայ ժողովրդի փրկությունը ոչ այնքան նոր Սահմանադրությունն է, որքան արտահերթ նախագահական (ապա եւ՝ խորհրդարանական) ընտրությունները։ Համոզմունքների փոփոխությունը ռեկորդային կարճ ժամանակում պրն Մանուկյանն այս կերպ հիմնավորեց. «Ռոբերտ Քոչարյանը չունի հենարան, նա չի վերահսկում իրավիճակը։ Որքան էլ պարադոքսալ է՝ նախագահի քաղաքական հենարանը Վազգեն Սարգսյանն էր։ Նա՛ բերեց Ռոբերտ Քոչարյանին իշխանության։ Մնացած քաղաքական ուժերն ավելի շուտ կատարում էին վարագույրի դեր։ Մենք բոլորս խոսում էինք նրանց երկուսի հակասությունների մասին, բայց Ռ. Քոչարյանի իրական հենարանը Վազգեն Սարգսյանն էր, որն ապահովում էր իր թիմի աջակցությունը նախագահին։ Վ. Սարգսյանի մահից հետո այդ հենարանն էլ կորավ»։
Պրն Մանուկյանը վերհուշի միջոցով ճշտեց, որ 98-ին՝ Ռոբերտ Քոչարյանի ընտրվելիս, ԱԺՄ-ն միշտ ասել է, որ նա արդարացի չի ընտրվել։ Բայցեւայնպես, ժողովրդի որոշակի տոկոսը նրա հետ հույսեր էր կապում. «Բայց նրա վարած քաղաքականությունն ավելի ու ավելի հիասթափեցրեց այդ մարդկանց. այդ հենարանն էլ կորավ։ Եվ վերջին իր պահվածքներն էլ չեն համապատասխանում երկրի ղեկավարի մասին մեր պատկերացումներին»։ ԱԺՄ նախագահը նախագահի միակ հենարանը համարեց միայն այն միտքը, թե նրա գնալուց հետո ավելի վատերը կգան։
Նախագահի մասին վերոնշյալ եզրակացություններին զուգահեռ պրն Մանուկյանը չմոռացավ հիշատակել նաեւ իշխանության մոնոպոլիան իրենց ձեռքը վերցրած «վեց-յոթ հոգուն»՝ հասկացնելով, թե որտեղ յոթը, այնտեղ էլ ութը. «Կառավարական, իշխանական շրջանակներում քննարկվում է այն դեպքը, որ Ռոբերտ Քոչարյանը հեռանա եւ բերեն նոր նախագահ։ Ի՜նչ մտքեր ունեն. բերեն նոր նախագահ, որը հլու-հնազանդ լինի եւ կատարի նրանց ուզածը։ Երբ իրենցից մեկին առաջ բրթեն, տանեն դարձնեն նախագահ, այդ դեպքում դա ոչ այնքան խաբելով, որքան զոռբայությամբ պիտի լինի»։ Նման զարգացումների դեպքում ԱԺՄ նախագահը սպառնաց պայքարի մեջ մտնել՝ ժողովրդին ոտքի կանգնեցնելով եւ չթողնելով, որ մարդկանց մի խումբ իրեն վերապահի իշխանության մոնոպոլիան։
Կարդացեք նաև
Այստեղ պրն Մանուկյանը ժողովրդին տարբեր կոմպլիմենտներ շռայլեց։ Վերհիշելով 96-ի սեպտեմբերի 25-ը՝ «Առավոտը» փորձեց ճշտել՝ ԱԺՄ-ն այն ո՞ւժն է, որը կարող է ժողովրդին ոտքի կանգնեցնել, այսինքն՝ ունի՞ այդքան վարկ, պրն Մանուկյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ մեր կառավարության վարկանիշը բավական բարձր է»։
Այսքանն ասելուց հետո՝ հավանաբար հիշելով, որ միշտ մտապահվում է վերջին նախադասությունը, պրն Մանուկյանն ամփոփեց նախագահի հրաժարականի միտքը. «Մենք չենք պահանջում Քոչարյանի հրաժարականը։ Մենք գտնում ենք, որ երկրի համար ճիշտ կլինի, եթե ինքը գիտակցեր, որ այսպես շարունակել հնարավոր չէ»։
Դեկտեմբերի իր ասուլիսում պրն Մանուկյանը խոսեց ԱԺ-ում հոկտեմբերի 27-ի նախաքննությունը վերահսկող հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին։ Դա ասելիս ԱԺՄ նախագահը մոռացել էր, որ ԱԺ կանոնակարգը թույլ չի տալիս ստեղծել նման հանձնաժողով։ Նա առիթը չկորցրեց հիշել Ստալինի ժամանակներից մեզ ժառանգություն հասած մի ավանդույթ. եթե մեկն ընկնում է քննչական մարմինների ձեռքը, բոլորը պետք է լռեն։
Պրն Մանուկյանը ոչ միայն հայրենիքի փրկության ծրագրեր է առաջարկում, այլեւ ուշադիր հետեւում Վանո Սիրադեղյանի դատավարությանը. «Շուտ է դեռեւս որեւէ բան ասելը, բայց եթե Վահան Հարությունյանի ասածի թեկուզ 1/10-ը ճիշտ է, ահավոր է»։
«Իրավունքի» եւ առհասարակ հայոց պատմության մեջ ամենաօրիգինալ թղթակից Հովիկ Գալաջյանի միտքը, թե արտահերթ նախագահական ընտրություններում ժողովրդի ներգրավումը լոկ պատրանք է, որ 3 միլիարդ դրամով կարելի է ցանկացած «պոլի փետին» նախագահ դարձնել, դուր եկավ նաեւ ԱԺՄ նախագահին եւ նա՝ տեղում ցիտելով Հովիկին, ասաց. «Կա մարդկանց մի խումբ, որը՝ փորձելով պահպանել իշխանության մոնոպոլիան, կփորձի չորով իրենց պոլի փայտին առաջ տանել, դա նշանակում է սուր պայքար, առճակատում»։ Այդ դեպքում ժողովրդին դարձյալ 10-րդ պլանի դեր է վերապահված՝ դառնալ կիսահեղափոխական։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ