Նախորդ երկու օրերին Հայաստանի հանրապետական կուսակցության շենքում հավաքներ են տեղի ունեցել ՀՀԿ-ի, ՀԺԿ-ի, «Երկրապահի», վարչապետի եւ ԱԺ նախագահի մասնակցությամբ։ Ըստ որոշ լուրերի, քննարկումների թեման արտահերթ նախագահական ընտրություններն են եղել։
ԶԻՆԵՎԻՉԸ ԴԱՐՁՅԱԼ ՇՏԱԲԻ ՊԵ՞Տ
ԼՂՀ պաշտպանության նախարար ու բանակի հրամանատար Սեյրան Օհանյանն այն լուրերի առնչությամբ, թե որոշ զորամասերի հրամանատարներ հրաժարական են տվել եւ հեռացել բանակից, «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե մի քանի սպաներ զեկուցագրեր են ներկայացրել եւ ազատվել պահեստազոր։ Ոչ պաշտոնական տվյալներով, բանակից, ասենք, հեռացել է շտաբի պետ գեներալ Խաչատուրովը, որին մոտ ժամանակներս կփոխարինի գեներալ- լեյտենանտ Անատոլի Զինեւիչը։
Կարդացեք նաև
ՎՈՎԱՆ ՉԻ ՀԵՌԱՆՈՒՄ
Պաշտպանության նախարարության բարձրաստիճան զինվորականներից մեկն «Առավոտին» հավաստեց, թե ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։
ՉԽԱՄԵՄԱՏԵՍ
98-ի իշխանափոխությունը 2000-ի հավանական իշխանափոխության հետ Վազգեն Մանուկյանը չցանկացավ համեմատել. «96-ից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը կոտրվել էր», այն ժամանակ նրա հրաժարականը պահանջում էին իշխանության բոլոր թեւերը։ «Այժմ քաղաքական դաշտը շատ ավելի բզկտված է»։ Իսկ Ռուսաստանում ծավալվող վերջին իրադարձությունների մասին ԱԺՄ նախագահը մեկ կոնկրետ միտք ասաց. «Ռուսաստանը մի ճանապարհ դուրս կգա, որը իրեն էլ է ձեռնտու, մեզ էլ»։
Քիչ էր մնում ասեր՝ Արեւմուտքին էլ…