Հայդեմարիա Գյուրերն արդեն երկու տարի է, որ Ավստրիայի դեսպանն է ՀՀ-ում։ Գյուրերը դեսպան է ոչ միայն Հայաստանում, այլեւ, ինչպես ինքն է ասում, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բոլոր հանրապետություններում։ Դեսպան է նշանակվել 2 տարի առաջ, իսկ շուրջ 1,5 տարի առաջ Հայաստանում հանձնել է հավատարմագիրը։ Եթե Հայաստանի պարագայում տիկին Հայդեմարիա Գյուրերը որեւէ խնդրի չի բախվել, ապա նույնը չես ասի Ադրբեջանի վերաբերյալ։
Մեր տեղեկություններով, Ադրբեջանը ձգտում է քաղաքական առեւտուր անել Ավստրիայի հետ, պահանջելով ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչներից մեկին, որը հանգրվանել է Ավստրիայում, ու այդ հիմքով էլ որոշակի բարդություններ են առաջացել միջպետական հարաբերություններում։ – Այդ ամենը ճիշտ է,- ասում է Հայդեմարիա Գյուրերը,- ես դեռ չեմ կարողացել Ադրբեջանում հանձնել դեսպանական հավատարմագիրս, եւ ընդամենը պատճենն եմ փոխանցել Ադրբեջանի արտգործնախարարին։ Հավանաբար պարոն Ալիեւը շատ է զբաղված, ուստի, չի կարողանում ինձ ընդունել։ Բայց, դրանով հանդերձ, իբրեւ ԵԱՀԿ-ում նախագահող երկրի՝ Ավստրիայի, դեսպան, տիկին Գյուրերը բավականին լավատեսորեն էր տրամադրված։ Նա այն տեսակետին է, որ Ավստրիայի նախագահության օրոք մեծ առաջընթաց կարձանագրվի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին, եւ, ուշադրություն դարձրեք, հնարավոր կլինի մշակել հիմնախնդրի լուծման վերջնական տարբերակը։ Նկատեցինք, որ Ավստրիան վճռական է տրամադրված։
Տիկին Գյուրերի կարծիքով, դա ոչ միայն Ավստրիայի, իբրեւ նախագահող երկրի հաջողությունը կլինի, այլեւ նվեր բոլորի, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար։ Հայդեմարիա Գյուրերի խոսքերով, այդ նպատակով, իբրեւ ԵԱՀԿ-ում նախագահող երկրի՝ Ավստրիայի ներկայացուցիչ Մինսկի խմբում, ինքը շուտով Մինսկի խմբի հետ կժամանի տարածաշրջան։ Ինչ վերաբերում է Ավստրիա-Հայաստան երկկողմ հարաբերություններին, ապա այստեղ եւս տիկին Գյուրերը վճռական է տրամադրված։ Նա հակված է ի՛ր դեսպանական գործունեության առաջնահերթ բնագավառների շարքում դասել կադրերի վերապատրաստումը։ Նրա կարծիքով, կարեւոր է, որ անցումային փուլերում երիտասարդ երկրներում ապագայի համար պատրաստվեն կառավարման տեխնոլոգիաներին գիտակ անձինք։ Բացի այդ, Ավստրիան՝ լինելով գերմանախոս, բայց փոքր երկիր, նպատակ ունի ներկայանալ իբրեւ ինքնուրույն գերմանախոս մշակույթի, գրականության արժեքները կրող հանրություն, միավոր, եւ այդ պատճառով էլ տիկին դեսպանի գործունեության ծանրագույն կենտրոններից մեկը շարունակելու է մնալ գերմանիստիկան։
Հայդեմարիա Գյուրերից տեղեկացանք նաեւ, որ անցյալ դեկտեմբերին Ավստրիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի «Զարգացման ծրագիրը» սեմինար է կազմակերպել Սեւանա լճի փրկության խնդիրների վերաբերյալ, ինչի արդյունքում, տիկին դեսպանի կարծիքով, կհաջողվի միջոցառումներ իրականացնելով փրկել լիճը։ Կան նաեւ կոնկրետ ծրագրեր Հայաստան-Ավստրիա հարաբերություններում։ Բարեկամական կապեր են հաստատվել Հայաստանի եւ Ավստրիայի Ֆորարլբերգ երկրամասի միջեւ, որի շրջանակում եւ բազմաթիվ դրսեւորումներով համագործակցություն է իրականացվում։ Դրանցից տիկին Գյուրերն առանձնացրեց հատկապես ավստրիական գյուղի եւ մանկական հիվանդանոցի շինարարության շարունակումը Գյումրիում, ուր նախորդ տարվա ամռանը եղել է նաեւ Ավստրիայի արտգործնախարար Վոլֆգանգ Շյուսելը, եւ իր այցի արդյունքում դպրոցներից մեկին մարզասրահ նվիրել՝ իր ամբողջական կայքով։
Կարդացեք նաև
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ
«Ազատություն» ռ/կ
Վիեննա-Երեւան