Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻ «ՊԵՐՃԱՆՔՆ» ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 19,2000 00:00
hayoc ashxarh

Թերթերի իրական տպաքանակների եւ ազատ վաճառքից դրանց վերադարձի վերաբերյալ տվյալների համադրությունը վկայում է, որ իրականում հասարակական կարծիքի ձեւավորման առումով տպագիր լրատվամիջոցները որեւէ դերակատարություն չունեն։

Նախ, ոչ իրազեկների համար բացատրենք, որ բոլոր թերթերն, առանց բացառության, թաքցնում են իրենց իրական տպաքանակները եւ ներկայացնում ավելի կամ պակաս չափով ուռճացված թվեր։ Եղածից ավելին երեւալու այս ձգտումը թերեւս թելադրված է առավել ազդեցիկ ներկայանալու ու նաեւ գովազդատուներին հրապուրելու նպատակներով։ Այս առումով թերթերը կարծես չպիտի իրենց բարոյական իրավունք վերապահեին քննադատել, ասենք, վիճնախարարությանը, տնտեսության եւ այլնի վերաբերյալ «փչած» տվյալներ ներկայացնելու համար։

Այսպես, «Նովոյե վրեմյա» պարբերականը դեկտեմբերին իր տպաքանակը միշտ նշել է 5000-ը, մինչդեռ այն իրականում 2000 է եղել եւ դեկտեմբերին «Նովոյե վրեմյայի» վերադարձը եղել է 20,8%։

«Գոլոս Արմենիին» 5230-ն է նշել՝ իրական 3000 տպաքանակի պայմաններում։ Այս թերթի վերադարձը դեկտեմբերին կազմել է 27,4%։

«Իրավունք» շաբաթաթերթը, որ նշում է 17000 թիվը՝ իրականում 12500 միջին տպաքանակ է ունեցել դեկտեմբերին եւ 24,7% վերադարձ։

Անցնենք օրաթերթերին։

«Հայաստանի Հանրապետությունը» իր տպաքանակը դեկտեմբերին սկզբում 6000 է նշել, հետո 500-ով պակասեցրել։ Այս թերթի միջին տպաքանակը 4500-ին մոտ է եղել, վերադարձը՝ 28,2%։ Ի դեպ, «ՀՀ»-ն 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ շուրջ 8,5 մլն դրամի պարտք ուներ տպարանին։

«Ռեսպուբլիկա Արմենիան» դեկտեմբերին նշված տպաքանակը 2000-ով պակասեցրեց։ 3000-ն ավելի մոտ էր թերթի իրական տպաքանակին՝ 2300։ «ՌԱ»-ն 57,8% վերադարձ է ունեցել։ Թերթը սեպտեմբերից «Նոյ» տպարանում է լույս տեսնում, որին 2000-ի հունվարի 15-ի դրությամբ արդեն իսկ 5,5 մլն դրամ է պարտք։ Իսկ «Տիգրան Մեծից» «ՌԱ»-ն հեռացել էր հիշատակ թողնելով շուրջ 5,8 մլն դրամի չվճարված պարտքը։

«Ազգի» իրական տպաքանակը դեկտեմբերին 2300 էր, մինչդեռ նշվել է 4000 թիվը։ Այս օրաթերթն էլ 36,4% վերադարձ է ունեցել։ Հունվարի 1-ի դրությամբ շուրջ 5 մլն դրամի պարտք է ունեցել «Տիգրան Մեծ» հրատարակչությանը։

Ի դեպ, տպարանին ունեցած իր պարտքերի առումով անգերազանցելի առաջատարը «02»-ն է՝ 15,3 մլն դրամ։ Թերթի միջին տպաքանակը դեկտեմբերին 11240 է եղել, վերադարձը՝ 55%։

Սակայն վերադառնանք օրաթերթերին։

«Հայոց աշխարհը» նշում է 3500 թիվը։ Իրական տպաքանակը 2500 է։ Վերադարձը դեկտեմբերին կազմել է 33,3%։

«Նորաթերթն» անցած ամիս միշտ նշել է 3175 թիվը՝ 1850 իրական տպաքանակի եւ 51,6% վերադարձի պայմաններում։

«Երկիր» օրաթերթը, որն իր տպաքանակը նշում է 2500-ը, դեկտեմբերին 73,4%-ի վերադարձ է ունեցել։

«Հայկական ժամանակը» համեմատաբար ազնիվ է իրենց տպաքանակները հազարներով ուռճացնող թերթերի համեմատ։ Ընդամենը 500 է հավելել իր իրական տպաքանակին՝ 2000-ին։ Սակայն 31,8%-ի վերադարձ ունի։

Վերջապես հարկ է տվյալներ ներկայացնել նաեւ մեր թերթի մասին։ «Առավոտի» միջին տպաքանակը դեկտեմբերին 4213 է եղել։ Նշել ենք 5000։ Թերթը «Հայմամուլի» հետ անվերադարձ սպառման վերաբերյալ պայմանագիր ունի, ուստի վերադարձի մասին տվյալներ չկան։

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ (մի կողմ թողնենք, թե մի թերթը քանի հոգի է կարդում) տպագիր մամուլի լսարանը շուրջ 2 հազար հոգի է։ Վերլուծական առանձնակի ունակություններ հարկավոր չեն ենթադրելու համար, թե այս լրատվամիջոցները հետաքրքիր են գուցե միայն պետական ու քաղաքական այրերի ու նաեւ հենց իրենց՝ լրագրողների համար։

Ժողովրդի, այսպես ասենք, լայն խավերին թերեւս «Եթերն» է հետաքրքրում, քանզի այն 49 հազարով է լույս տեսնում եւ «Ոզնին», որ 10 հազար տպաքանակ ունի։ «Ֆուտբոլ+»-ի 5000 տպաքանակն էլ է հետաքրքրությունների որոշակի ուղղորդվածության մասին վկայում։

Քաղաքականությո՞ւնը չի հետաքրքրում լայն խավերին։ Նյութերի մատուցու՞մն է բարի մաղթանքների տեղիք տալիս։ Օրաթերթի գնե՞րն են բարձր։ Թերթերը չե՞ն ուսումնասիրում սպառման շուկան։ Պետք է այս ամենի մասին լուրջ խոսել եւ կարելի էր շարունակել այն պատճառների թվարկումը, որոնք հանգեցրել են առկա վիճակին, երբ (առանց որեւէ չարախնդության, այլ ցավով ենք նշում) տպագիր լրատվամիջոցները նեղ հատվածական լսարանի հետաքրքրության առարկա են եւ որեւէ լուրջ ազդեցություն չունեն։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31