Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ Է ԴԺԲԱԽՏ ՄԵՐ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 19,2000 00:00
hay-iranakan

Հայաստան-Իրան հարաբերությունները, որոնք այսօր արդեն շատ ջերմ եւ բարեկամական չես համարի, կշարունակեն մնալ այդ մակարդակին։ Դրա պատճառներից մեկը (գուցե եւ ոչ ամենաէականը) դեռեւս 98-ին Հայաստան-Իսրայել հարաբերությունների ակտիվացումն էր, որին հետեւեց Հայաստանի առաջարկը՝ դառնալ միջնորդ կողմ Իրանի եւ Իսրայելի միջեւ։ Իրանն այդ առաջարկից չխանդավառվեց։

Ավելին, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ 1998 թվի երկրորդ կեսին Իսրայել կատարած այցից հետո (նաեւ՝ այդ պատճառով) Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակն, ըստ էության, իջավ։ Դեռեւս «թափուր» է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի աթոռը։ Հայաստանի նախագահի՝ Իսրայել կատարած այցը եւ հայ-իրանական քաղաքական փոխհարաբերությունների դաշտում այցի հետեւանքները գնահատելու խնդրանքով դիմեցինք Իրավագիտության կենտրոնի տնօրեն, ԵՊՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանին։ Ըստ նրա՝ այս հարցին սպառիչ պատասխանելու համար թե՛ ինքը, թե՛ որեւէ մեկը անհրաժեշտ ինֆորմացիա չունի։ Սակայն գնահատական տալու համար պրն Ասատրյանը կարեւորեց հետեւյալ հանգամանքը՝ հայկական կողմն այս այցից առաջ իրանական կողմի հետ որոշակի կոնսուլտացիաներ արե՞լ է, թե՞ ոչ։

Եթե խորհրդակցական զրույցներ կողմերի միջեւ չեն եղել, ապա դա կարող է որոշակի բացասական ազդեցություն ունենալ հայ-իրանական՝ առանց այդ էլ ոչ բարձր մակարդակի հարաբերությունների վրա։ Դա միջազգային քաղաքական փոխհարաբերություններում դրսեւորվում է առեւտրական, քաղաքական հարաբերությունների կիսասառեցումով կամ լրիվ սառեցումով, փոխհարաբերությունների մակարդակի իջեցումով եւ այլն։ Հայաստանի նախագահի՝ Իսրայել կատարած այցից Հայաստանի եւ Իրանի կապերը չեն խզվի։ Այս երկու երկրների հարաբերություններն ավանդաբար լավ են, քանի որ ե՛ւ ստրատեգիական մոտեցումները, ե՛ւ տարածաշրջանային շահերն ընդհանուր են։ Կայուն է նաեւ պատմական, մշակութային կապը։ Եթե հայկական եւ իրանական կողմերը այս այցից առաջ ընդհանուր հայտարարի են եկել, ապա Իսրայել կատարած այցելությունը կարելի է գնահատել դրական։ Մանավանդ, Հայաստանն անկախ պետություն է եւ պետք է ունենա առանձին գործունեության իրավունք տարբեր պետությունների հետ։ Չպետք է մոռանալ նաեւ, որ Իսրայելում ունենք հայկական համայնք, եւ այդ երկրի հետ որոշակի փոխհարաբերություններն անգամ ցանկալի են։

Այո՛, իրանցիներն առհասարակ (դարձյալ հիշեցնենք) դժգոհ են Հայաստանի՝ Իսրայելի նկատմամբ տարվող քաղաքականությունից։ Եվ դրա պատճառներից մեկն, ըստ Գառնիկ Ասատրյանի, մեր «անբախտ» արտգործնախարարությունն է. «Հայաստանի արտաքին քաղաքականությունն այնպիսի մարդկանց ձեռքում է, որոնք չգիտեն՝ ինչն ինչոց է։ Մեր արտգործնախարարության բախտն ի սկզբանե չի բերել եւ հիմա էլ չի բերում։ Չի բերում թե՛ նախարարի, թե՛ կադրերի հարցում առհասարակ։ Հայաստանի արտգործնախարարությունն ամենավատ նախարարությունն է։ Թերեւս այդ առումով այն կարող է համեմատվել էներգետիկայի նախարարության հետ։ Եվ դրանում ոչ ոք չի կասկածում։ Ցանկացած նորմալ կամ կիսանորմալ երկրում արտգործնախարարությունն ընդհանրապես համալրվում է տվյալ երկրի էլիտար խավերով՝ առավել կիրթ, առավել պատրաստված, հայրենասիրական մղումներ ունեցող կադրերով։ Ցավոք սրտի, մեր արտգործնախարարությունում հակառակն է. այնտեղ պատրաստված, հայրենասեր կադրերի սով է»։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ. Գ. Հայաստան-Իրան հարաբերություններին կանդրադառնանք առաջիկայում. այդ անգամ՝ առավել համակողմանի եւ ամբողջական։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31