ԼԱՎ ԼՈՒՐ ՆԳ եւ ԱԱ նախարարությունների համապատասխան ստուգումներից հետո պարզվեց, որ, բարեբախտաբար, հերթական կեղծ ահազանգերի շարքից էր Հայաստանի ազգային հեռուստատեսության շենքում տեղադրված ռումբի մասին լուրը, որ անհայտ ահաբեկիչը հայտնել էր հեռախոսով։ ՎԱՏ ԼՈՒՐ Վերջերս «Ար» հեռուստաընկերության «Ասպարեզ» ծրագրով ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանն առաջարկեց, որ ինչպես ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու եւ կալանավորելու դեպքում գլխավոր դատախազը որոշ հիմնավորումներ ներկայացրեց խորհրդարանին, այնպես էլ հասարակությանը ներկայացվեն նաեւ այլ ձերբակալությունների դրդապատճառները։ Արձանագրենք, որ օրենսդիր մարմնի ներկայացուցչի ցանկություններն էլ կարող են օրենքին լիովին անհամապատասխան լինել՝ քանզի նման ընթացակարգ օրենսդրությամբ նախատեսված չէ։ Գուցե Արմեն Ռուստամյանը, որպես ԱԺ պատգամավոր, համապատասխան փոփոխությո՞ւն նախաձեռնի։ Միայն հետաքրքիր են մեխանիզմները. հասարակությունն էլ որոշելո՞ւ է, ներկայացված հիմնավորումները բավարար են կամ ոչ ձերբակալման համար։