«Առավոտ» օրաթերթի ս/թ. հունվարի 13-ի համարում «Երկրի գլխավոր օրենքը նոր երկունքից առաջ» վերտառությամբ հրապարակման մեջ տեղ էին գտել որոշ անճշտություններ, որոնցից մեկի վրա մեր պարտքն ենք համարում հրավիրել ձեր ուշադրությունը։ «Այսօր գործող Սահմանադրության հայր» Վլադիմիր Նազարյանը պնդում է, որ ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող 1-ին հանձնաժողովի առաջարկներն, իբր, միտված են եղել նախագահի լիազորությունների ընդլայնմանը։ Նման պնդումը կամ թյուրիմացության արդյունք է, կամ՝ միտումնավոր ապատեղեկատվություն։ Պրն Նազարյանը մասնավորապես պնդում է, որ նախկին հանձնաժողովն իբր «առաջարկել է, որ նախագահը ամեն պահի կարող է արձակել Ազգային ժողովը»։
Իրականում եղել է հետեւյալ առաջարկը. Հանրապետության նախագահը «Ազգային ժողովի անգործունեության դեպքում, որի մասին ՀՀ նախագահի դիմումի հիման վրա եզրակացություն է տալիս Սահմանադրական դատարանը, կարող է արձակել Ազգային ժողովը եւ նշանակել արտահերթ ընտրություն»։ Այսինքն, ի տարբերություն պրն Նազարյանի հեղինակած գործող սահմանադրական դրույթի, համաձայն որի նախագահը պարտավոր չէ որեւէ կերպ պատճառաբանել խորհրդարանի լուծարումը եւ մասնակի բացառություններով կարող է դա իրագործել ցանկացած պահի, Հայրիկյանի գլխավորած հանձնաժողովի առաջարկության մեջ պահանջվում է 3-րդ կողմի՝ Սահմանադրական դատարանի եզրակացությունը, ընդ որում հատուկ սահմանվում է լուծարման միակ հիմքը՝ անգործունեությունը։ Այսպիսով, դժվար չէ համոզվել, որ նախագահի լիազորությունը Ազգային ժողովի արձակման հարցում հիշյալ առաջարկությամբ էապես սահմանափակվում է։
ՆԵՐՍԵՍ ԶԵՅՆԱԼՎԱՆԴՅԱՆ
Ինքնորոշում միավորման նախագահ
Կարդացեք նաև
Մենք վստահ ենք, որ Սահմանադրության մեջ նախապատրաստվող փոփոխությունների շուրջ կրքերը դեռ շիկանալու են։ Պատրաստ ենք թերթի էջերը տրամադրել ցանկացած տեսակետի։