Իսկ Բորիս Ելցինը Վլադիմիր Պուտինի թիկնոցով
Սա հայ կոմունիստների անբեկանելի տեսակետն է։ Նրանց բացարձակ դուր չի գալիս որոշ քաղաքական գործիչների եւ լրագրողների՝ Ելցինին աստվածացնելու ձգտումը։ Ելցինն ո՞վ է, որ։ Մի՞թե նրա օրոք չէր, որ Ռուսաստանը հայտնվեց խայտառակ տնտեսական ճգնաժամի մեջ, նրա օրոք չէ՞ր, որ չեչենական պատերազմը սկսվեց ու մտավ փակուղի, մի՞թե Ելցինը չէր, որ կոմունիստների թողած շեն եւ հզոր Ռուսաստանը դարձրեց գործազրկության եւ պարտքերի երկիր։
Հայկոմկուսի ղեկավարները ՀԿԿ Կենտկոմի նորընտիր կազմի հաստատումից հետո հրավիրված իրենց առաջին մամուլի ասուլիսում այսպես մի լավ նախշեցին Բորիս Նիկոլայեւիչին։ Կոմունիստների ասելով՝ այս եւ գործած բազմաթիվ այլ մեղքերի թողության համար Ելցինը մեկնեց ոչ թե մի ուրիշ տեղ, այլ՝ վերին Երուսաղեմ։ «Բայց ո՞ր մի մեղքի համար պետք է Ելցինը թողություն խնդրի», հարցնում են կոմունիստները։ Այսօր, ըստ Կենտկոմի երկրորդ քարտուղար, ԱԺ պատգամավոր Լեոնիդ Հակոբյանի՝ Ռուսաստանի արտաքին պարտքը 173 միլիարդ է («դոլարների մասին է խոսքը»), Ռուսաստանի պետական բյուջեն 22 միլիարդ դոլար է («դա ավելի քիչ է, քան Նյու Յորքի բյուջեն»)։ Ռուսաստանում «աճի միտումներ չկան, Ռուսաստանը լուրջ ճգնաժամի մեջ է»։
Մի խոսքով, հասկանալի՞ է, թե ովքեր են ի զօրու հզոր Ռուսաստանն այս վիճակից դուրս բերել եւ դարձնել երբեմնի հզոր Ռուսաստանը։ Իհարկե, «ռուս կոմունիստները՝ նախագահի միասնական թեկնածու ընկեր Զյուգանովի գլխավորությամբ, մյուս բոլոր ուժերի հետ համատեղ պատրաստ են եւ կարող են» Ռուսաստանը փրկել։ Իսկ դրա համար հարկավոր է, որ «ընկեր Զյուգանովը հաղթի մարտի 26-ին»։ ՀԿԿ Կենտկոմը պատրաստ է ամեն կերպ աջակցել ընկեր Զյուգանովին։ Հայ կոմունիստները բացատրական աշխատանք են տանելու ե՛ւ Հայաստանում ՌԴ քաղաքացիների հետ, ե՛ւ Ռուսաստանի հայ համայնքի հետ։ Հիմա դառնանք Հայաստանին։ Այստեղ եւս ճգնաժամ է, «բյուջեի դեֆիցիտը կկազմի 50 մլրդ դրամ»։ ՀԿԿ-ն ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ դրսում պատրաստ է համագործակցել բոլորի հետ, միայն թե երկրի համար լավ լինի։ «Կոմկուսը դեմ չէ միասնաբար հանդես գալ ՀԺԿ-ի եւ խորհրդարանական «Միասնություն» խմբակցության հետ։ Շատ հարցերում ՀԿԿ-ն համակարծիք է այս երկու ուժերի հետ։ Իսկ ընդհանրապես, ՀԿԿ-ն կողմ է ռուսական ուղղվածության բոլոր ուժերին»։
Կարդացեք նաև
Մամուլի ասուլիսի ժամանակ շոշափվեցին երկրի ներքաղաքական վիճակը, «27-ի գործի» նախաքննությունը, թե ինչ կլինի, եթե կոմունիստները կրկին իշխանության գան («ուսուցիչը կլինի դպրոցում, բանվորը՝ դազգահի առջեւ, իսկ գողը՝ բանտում»), Ստալինի, Բերիայի, կորած մազութի եւ այլ հարցեր։ Մի խոսքով, իսկական արդիական ասուլիս էր՝ բոլոր բաղադրատոմսերով։ Արտագաղթի մասին խոսելիս ԱԺ պատգամավոր ընկեր Պետրոսյանը ասաց. «Եթե կոմունիստները մնային իշխանության, որոշել էին, որ 2000 թվականին Հայաստանում 4 մլն հայ պետք է լինի»։
Մ. ԵՍԱՅԱՆ
Հ. Գ. ՀԿԿ Կենտկոմի նորընտիր քարտուղար, գեներալ-մայոր Վլադիմիր Դարբինյանը սիրով «համագործակցում էր» ՀԿԿ Կենտկոմի նորընտիր երկրորդ քարտուղար Լեոնիդ Հակոբյանի հետ։ Նրանք իրար շատ լավ էին լրացնում, բայց եւ ասացին, որ երիտասարդական նոր փոխարինող ուժեր են պատրաստում։