Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊՆ-Ն՝ «ԲՐՈՆԵԺԻԼԵՏ»

Հունվար 18,2000 00:00
Vahan Harutyunyan

Վահան Հարությունյանը դեռ չէր շարունակել իր ցուցմունքները, երբ Վանո Սիրադեղյանի պաշտպան Վանյա Սուքիասյանը հանդես եկավ միջնորդությամբ։

Վերջինս անհրաժեշտ համարեց այս գործով տուժող անցնող մոսկվաբնակ Սերժ Ջիլավյանի ներկայությունը, քանի որ ինքն ունի հիմքեր պնդելու, որ Ջիլավյանը տվել է զրպարտչական ցուցմունքներ։ Պաշտպանը միջնորդեց նաեւ, որպեսզի դատաքննությունը հետաձգվի մինչեւ Արմեն Տեր-Սահակյանի գործի ավարտը, միջնորդեց, որ ՆԳ նախարարությունը պարզի, թե Ջիլավյանը դատվածություն ունի արդյոք, իսկ նրա նկատմամբ արձակված դատավճռի կրկնօրինակն էլ պահանջեց կցել գործին։ Վ. Սիրադեղյանը՝ միանալով իր պաշտպանի միջնորդությանը, միայն մի հարցում (դատաքննությունը հետաձգելու) չհամաձայնեց նրա հետ. «Իմ շահերը պահանջում են, որ դատաքննությունը շուտ ավարտվի»։ Վ. Հարությունյանի պաշտպանը գտավ, որ Ա. Տեր-Սահակյանի դատաքննությանը սպասելու անհրաժեշտություն չկա։ Ն. Թադեւոսյանի պաշտպանն էլ գտավ, որ Ս. Ջիլավյանի ներկայությունը, ճիշտ է, այս պահին անհրաժեշտ չէ, բայց պետք է միջոցներ ձեռնարկվի նրա ներկայությունն ապահովելու։

Պաշտպան Ա. Պետրոսյանը համաձայն էր իր գործընկեր Վ. Սուքիասյանի միջնորդությանը, մասամբ դեմ լինելով դատաքննության հետաձգմանը։ Ս. Մկրտչյանը գտավ, որ «Տուժողներին ապահովելը առանց դատաքննության ընթացքը վնասելու կարելի է», իսկ Հ. Գոգինյանը դեմ էր հետաձգմանը, սակայն պնդեց, որ միջնորդության մնացած կետերը չեն կարող ազդել դատաքննության վրա… Տուժող Մ. Ռաֆայելյանը նկատեց, որ «այն մարդը (Ջիլավյանը) իր պաշտպանվածության հարցը պետք է լուծի» եւ ասաց, որ հանդիպել է աշտարակցիների հետ, որոնց «սպառնացել են» եւ նրանք այլեւս չեն գալիս դատարան (թե ովքեր էին սպառնացել, չորոշակիացրեց- Ռ. Մ.)։

Մեղադրողներից Զ. Թադեւոսյանն ասաց, թե «Դատաքննության նախապատրաստական փուլում պաշտպանի կողմից (Վ. Սիրադեղյանի) այդպիսի միջնորդություն չի եղել» եւ համաձայնվեց միայն Ս. Ջիլավյանի «որոշ փաստաթղթերը» քր. գործին կցելուն։ Դատարանը (նախագահող՝ Ռ. Թովմասյան) փաստաթղթերը պահանջելու մասով բավարարեց Վանո Սիրադեղյանի պաշտպանի միջնորդությունը, իսկ հետաձգելը մերժեց։ Վահան Հարությունյանը ցուցմունքներ տվեց 1998 թ. վերաբերյալ, երբ Արծրուն Մարգարյանն ասել էր իրեն, թե «ինչ-որ մարդիկ պետք է տուժեն» իր կողմից։ Նա հայտնեց, թե 1998 թ. հունվարին ճշտել էր, թե Վազգեն Սարգսյանին վտանգ է սպառնում եւ «պատրաստվում էի մեկնել Տեր-Սահակյանի ամառանոց. կանխելու»։ Զգուշացրել են (նա էլ չասաց՝ ովքեր), եւ ինքը չի գնացել։ Հետո ձերբակալել են Տեր-Սահակյանին եւ եւս 28 հոգու։

Հունվարի 30-ին Վ. Հարությունյանին հրավիրել էին իրավապահ մարմիններ. «Ես լավ պատկերացնում էի, թե ում, ինչպիսի մարդկանց հետ գործ ունեի եւ ինչ էր սպասվում հետո»,- շարունակեց նա եւ ասաց, որ մինչեւ Վազգեն Սարգսյանի հետ հանդիպելը որոշել է ցուցմունքներ չտալ։ Փետրվարի 1-ին երկարատեւ զրույց է ունենում Վ. Սարգսյանի հետ, ճշտում, որ հայտնի սպանությունների կապակցությամբ «ոչ մի պետական որոշում չի կայացվել», ընդհակառակը, ըստ ամբաստանյալի՝ Վ. Սարգսյանն ասում է, որ գիտի «ավելին» եւ որ «Պաշտպանության նախարարությունն էլ բրոնեժիլետ»։ Իրենց հանդիպման մասին նա պատմում է Ա. Մարգարյանին, որը դարձյալ, ըստ Վ. Հարությունյանի դատաքննական ցուցմունքի (նախաքննության ժամանակ Ա. Մարգարյանի դեմ ոչինչ չի ասել- Ռ. Մ.) վերջինս հանդիմանել է, թե «իզուր էլ գնացել ես, շատ հնարավոր է ի վնաս մեզ լինի»։ Ա. Մարգարյանին ինքն ասել է նաեւ, թե «խփոց-խփոցիները կշարունակվեն, եթե վերջակետ չի դրվել այս գործին. ու եթե մարդիկ մեր վրա են ման գալիս, հարց է առաջանում, որ տղաները պիտի պատասխան տան. եւ ես, ապա բոլորը պատասխան պիտի տան»։

Ի դեպ, նա տեղեկացրեց, որ 1998 թ. փետրվարի 7-ի «Մոլորակ» թերթում հրապարակվել էր ինֆորմացիա, որ Ա. Տեր-Սահակյանի տղաները տալիս են իր անունը։ Ինքը կապվել էր այդ ժամանակ ՆԳ եւ ԱԱՆ-ի, դատախազության հետ «իր դժգոհությունը հայտնել։ «Բա՞ն եք սարքում» հարցին էլ պատասխանել էին. սարքողն է սարքում» (սա գրում եմ իբրեւ նախկին մոլորակցի, թե դժգոհությունները ո՞ւմ է նախընտրել հայտնել ՆԶՎ-ի նախկին պետը- Ռ. Մ.)։ Այնուամենայնիվ, ասաց, որ ունեցել է թաքնվելու հնարավորություն, ինչից հրաժարվել է։ Մի դեպքում ամբաստանյալն ասում էր, որ աշխատանքի անցած տարիները «թույլ էին տալիս չհավատալու ոչ մեկին», մյուս դեպքում ասաց, որ նկարիչ ընկեր է ունեցել, որը նկարել էր Վ. Սիրադեղյանի նկարը, որը կախվել է բնակարանում մինչեւ 1998 թ. խուզարկելը. «մինչեւ 1998 թ. նշված դեպքերը իրոք տածել եմ մեծ հարգանք եւ հավատացել եմ»։ Նա ավարտեց իր ցուցմունքները, ինչին հետեւեց հարցուպատասխանը։ Հարցերը երեկ նրան էր ուղղում միայն իր պաշտպանը՝ պրն Բալաբանյանը եւ այն առանձին դրվագների կրկնություն էր։

Ասեմ «նախաքննության գաղտնիքի» հետեւորդներին, որ դատաքննության ընթացքում երբեք չի ֆիքսվում. վկաներ դահլիճում կա՞ն, թե՞ չկան, դատաքննության գաղտնիության սահմաններ կա՞ն։ Ասենք ի՞նչ նշանակություն ունի. չէ՞ որ գործով անցնող 204 վկաները գիտեն այն, ինչ չպիտի իմանային եւ լավ էլ պատրաստվում են «բազմակողմանի եւ օբյեկտիվ» դատաքննությանը։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31