Լա-լա-լա՜-լա, լա-լա-լա՜-2
«Այս մի տարվա քաշքշուկից հետո ես կարող եմ պարզ հայացքով նայել այն մարդկանց աչքերի մեջ, ովքեր նախաքննության մարմնի կողմից ճանաչվել են որպես տուժողներ։ Ես կարող եմ պարզ հայացքով նայել ինձ մեղադրողների աչքերի մեջ, իմ ընթերցողների աչքերի մեջ եւ իմ ծնողների, ինձ դաստիարակած մարդկանց աչքերի մեջ։ Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում ո՛չ այն պատճառով, որ հպարտությունս կամ ինչ-որ մի բան թույլ չի տալիս ինձ մեղավոր ճանաչել, այլ՝ բոլորովին ուրիշ պատճառով. ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, որովհետեւ իսկապես մեղավոր չեմ»։
Սա «Օրագիր» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի (ինքնա)պաշտպանական ճառի մի մասն էր, որը նա արտասանեց երեկ Վերաքննիչ դատարանում, ուր շարունակվում էր նրա բողոքի քննությունն՝ ընդդեմ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի որոշման։ Հիշեցնենք՝ դատարանի որոշմամբ Նիկոլ Փաշինյանը մեկ տարվա ազատազրկման էր դատապարտվել։ Փաշինյանի փաստաբան Տիգրան Ջանոյանը մեկ առ մեկ անդրադարձավ ներկայացված մեղադրանքներին՝ դրանք համարելով քրեական նորմերին անհամապատասխան։ Նա դիմեց դատարանին՝ խնդրելով բեկանել մեղադրանքներն ու արդարացման վճիռ կայացնել։ Իր այս պնդումը հաստատելու նպատակով պրն Ջանոյանը բերում էր համարժեք փաստարկները։
Այսպես՝ Փաշինյանի դեմ ներկայացված մեղադրանքների առնվազն երեք դրվագով քրեական գործ չի հարուցվել, սակայն դատարանն այդ դրվագներով վճիռ է կայացրել։ Մեկ ամիս առաջ հարկադիր կատարման ծառայությունը չեղյալ է հայտարարել իր իսկ կայացրած որոշումը։ Այսինքն՝ չեղյալ են հայտարարել հարկադիր կատարման ծառայության նույն աշխատակիցները, ովքեր դատարանում հանդես են եկել որպես տուժողներ։ Ինչ վերաբերում է «Գեղամյանի ոսկու կարաս» լուրի իսկությանը, ապա այն տպագրվել է համապատասխան «Մամուլի եւ ԶԼՄ մյուս միջոցների մասին» օրենքի. նախապես ստուգվել է լուրի ճշմարտացիությունը պատկան մարմիններից։ Իսկ թե «ոսկու կարաս» ասելով ինչ է հասկանում հայցվոր կողմը («միայն ոսկո՞վ լցված կարաս, թե՞ նաեւ թանկարժեք քարերով կամ ոչ թանկարժեք այլ մետաղով»), այս դրվագն արդեն սուբյեկտիվ եւ երեւակայության աստիճանից կախված ընկալում է եւ կարճման ենթակա։
Կարդացեք նաև
Կասկածելի էր նաեւ հարկադիր կատարողին ուղղված անձնական վիրավորանքը որպես «պետական պաշտոնյային հրապարակավ վիրավորանք» որակելը, մանավանդ, ըստ փաստաբանի՝ «հրապարակավ» հասկացությունը ենթադրում է երրորդ կողմի ներկայություն։ Առարկություն չենթադրող տոնով, սակայն, մեղադրող Արթուր Մկրտչյանն իր մեղադրական ճառում պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքը հիմնավոր չհամարեց։
Ավելին, մեղադրողը գտավ, թե «Փաշինյանի արարքն ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի I եւ III, 132 հոդվածի 2-րդ մասերից պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 184 հոդվածով՝ որպես պաշտոնեական անփութություն։ Քր. օր.-ի 208 հոդվածով առաջադրված մեղադրանքը (իշխանության ներկայացուցչին վիրավորանք հասցնելը) դատաքննությամբ լիովին հիմնավորվել է»։ Վստահ, որ առաջին ատյանի դատարանը պատիժ սահմանելիս մինչեւ վերջ հաշվի չի առել «կատարած հանցավոր արարքի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները», մեղադրողն առաջարկեց. «Առաջին ատյանի դատարանի վճիռը պետք է բեկանել եւ արձակել նոր դատավճիռ. ամբաստանյալ Նիկոլ Փաշինյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր.-ի 184, 208, 191 (4) հոդվածներով։ 184 հոդվածով դատապարտել ազատազրկման՝ մեկ տարի ժամանակով, 208 հոդվածով դատապարտել ուղղիչ աշխատանքների՝ 6 ամիս ժամկետով, 191 (4) հոդվածով դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 20-ապատիկ չափով։ Քր. օր.-ի 37 հոդվածի համակցությամբ՝ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում մեկ տարի ժամանակով։ Ամբաստանյալ Փաշինյանի նկատմամբ՝ կիրառելով քր. օր.-ի 42 (1) հոդվածը, դատավճռի ի կատար ածումը հետաձգել մեկ տարի ժամանակով»։
Ահավոր ցուրտը եւ դահլիճում «տուժողներից» միայն մեկի՝ Վարդան Այվազյանի, ներկայությունը, դատավորին չոգեւորեց շարունակել դատական նիստը։ Այն հետաձգվեց մինչեւ հունվարի 24-ը։ Ամբաստանյալ Նիկոլ Փաշինյանն ու մեղադրող Արթուր Մկրտչյանը լայն ժպիտով եւ ամուր ձեռքսեղմումով միմյանց հրաժեշտ տվեցին՝ կրկին հանդիպելու ակնկալիքով։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ