Ըստ որոշ լուրերի, Ազգային ժողովի էներգետիկայի հանձնաժողովը այնպիսի բացահայտումներ է կատարել, որ այլեւս վտանգավոր է դարձել այդ հանձնաժողովին չպաշտպանելը։ Խոսքը զինված պաշտպանության մասին է։ Չի բացառվում, որ «Մազութի» հանձնաժողովի անդամներին շուտով հատուկ պահակազոր կպաշտպանի, կամ՝ հենց իրենք՝ հանձնաժողովի անդամները, կզինվեն։
ՑԱՎԱԼԻ ԹՎԵՐ
Հայաստանն օրական լքում է 22 ընտանիք։ 12 հազար հայ երեխաներ դպրոց չեն հաճախում կոշիկ եւ շոր չունենալու պատճառով, իսկ ընդհանրապես՝ 50 հազար երեխա դպրոց չի հաճախում։ Արտասահմանյան բանտերում 8 հազար հայ կա։ Այս տեղեկությունները հաղորդելով, ՀԿԿ կենտկոմի երկրորդ քարտուղար, ԱԺ պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Լեոնիդ Հակոբյանը չուզեց հայտնել ինֆորմացիայի աղբյուրը. «Ես տնտեսագետ մարդ եմ, եթե մի բան ասում եմ, պետք է հավատաք, չեք հավատում, ինքներդ ստուգեք»։
Կարդացեք նաև
ԱՍԱ, Ո՞Վ Է ԸՆԿԵՐԴ
Ո՞վ է ասում, թե Գենադի Զյուգանովի ամենամտերիմ ընկերը Հայաստանում սոցուժերի ղեկավար Աշոտ Մանուչարյանն է. «դա հիվանդ երեւակայության ծնունդ է»,- ասացին կոմունիստները։ «Ընկեր Զյուգանովի հետ» կոմունիստները «եղբայրական, ընկերական, բարեկամական, գաղափարական» հարաբերությունների մեջ են։
ԵՐԵՎԱՆԻՑ ՈՒՂԻՂ «ԵՐԵՎԱՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑ
Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանը կարելի է ասել, որ պաշտոնազրկությունից շատ բան կորցնելու հետ մեկտեղ նաեւ շահեց։ Հ. Խաչատրյանը «Երեւան» հյուրանոցի վերակառուցման աշխատանքների ճարտարապետն է։ Եվ, ըստ լուրերի, «Երեւան» հյուրանոցի իտալացի տերերը շատ գոհ են պրն Խաչատրյանի աշխատանքից, մասնագիտական հատկանիշներից ու տվյալներից։