Երեկ «Առավոտի» խմբագրություն զանգահարեց արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանը եւ հիշեցրեց, որ հունվարի 12-ին «Ա1+» հեռուստաընկերության «P.S.» հաղորդմամբ ԿԸՀ-ում «Միասնության» ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը իրեն վերագրեց ինչ-ինչ հայտարարություններ, իբր «օդը մաքրվելու» մասին։ Պրն Հովհաննիսյանն ասաց, որ ոչ բանավոր, ոչ էլ գրավոր երբեք չի ստել, իսկ ՀԱՀ-ի «Մեկ լուր» ծրագրով, ինչպես նաեւ իր բանավոր եւ գրավոր բոլոր հարցազրույցների ու հրապարակումների ամեն մի բառի համար պատրաստ է պատասխան տալ։
ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ
Իշխանական միջանցքներում դարձյալ կադրային հնարավոր փոփոխությունների մասին լուրեր են շրջում։ Այս անգամ պաշտոնափոխության հավակնորդների ցանկում Հայկ Նիկողոսյանը, Դավիթ Զադոյանը, Երվանդ Զախարյանը, Գագիկ Մարտիրոսյանը եւ Աստվածատուր Պետրոսյանն են։
Կարդացեք նաև
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆՎԵՐԸ
Վարչապետ Արամ Սարգսյանը կառավարության երեկվա նիստում շնորհավորեց կառավարության չորս անդամներին՝ ծննդյան օրվա կապակցությամբ եւ բոլորին շագանակագույն թղթով փաթեթավորված նվերներ հանձնեց։ Թե ի՞նչ կար փաթեթներում, նախարարները ոչ մեկին չասացին։ Հավանաբար, Լոնդոնից բերված նվերներ էին՝ անգլիական թագուհու պատկերով։