Հարցազրույց ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Վլադիմիր Դարբինյանի հետ
– Ինչ կարծիքի են կոմունիստները հանրապետության ներքաղաքական վիճակի մասին։
– Մենք բացարձակապես մերժում ենք քաղաքական այն ուժերի կոպիտ միջամտությունը նախաքննության մարմնի նկատմամբ։ Ես երկար տարիներ աշխատել եմ ներքին գործերի համակարգում եւ արդարադատության համակարգում, ես գիտեմ, թե ինչ է նշանակում բարդ հանցագործության բացահայտումը։ Մարդիկ կալանքի են վերցվում նախաքննության մարմնի տվյալներով, բայց՝ առաջին ատյանի դատարանի որոշմամբ։ Կլինի դա պետական հեռուստատեսության տնօրենի տեղակալ, թե տնօրենը, թե՝ որեւէ նախարար, օրենքի առաջ բոլորը հավասար են։ Եթե կան համապատասխան ապացույցներ եւ այդ ապացույցները գնահատվում են առաջին ատյանի դատարանի կողմից, ապա պետք է խափանման միջոց ընտրել կալանքը։ Իսկ եթե այսօր քաղաքական որոշ ուժեր, նրանց լիդերներ պահանջում են, որ մանրամասներ հաղորդվի, իմ կարծիքով սխալվում են։ Նախաքննությունն ունի գաղտնիության համակարգ։ Ենթադրենք մի շատ կարեւոր մարդու հետ հանդիպում է տեղի ունեցել մեկ այլ մարդու բնակարանում։ Դա նախաքննության մարմնին հայտնի է եւ եթե նա այդ մարդու անունը հրապարակի, կվտանգի նրա եւ նրա ընտանիքի անվտանգությունը։
– Ձեր կարծիքով, նախաքննությունն ինչպե՞ս է անցնում։
Կարդացեք նաև
– Նորմալ եւ օբյեկտիվ, առայժմ կասկածելու հիմքեր չկան։ Ես ճանաչում եմ Ջհանգիրյանին, նրա պրոֆեսիոնալ բարձր մակարդակին չեմ կասկածում, ունի նախաքննության փորձ, օպերատիվ հետախուզության փորձ, հրաշալի տիրապետում է քրեական եւ քրեական դատավարական իրավունքին։ Ի՞նչ հիմքեր կան կասկածելու. կատարվել է դարի ոճրագործություն, համաշխարհային պառլամենտարիզմի պատմության մեջ նախադեպը չունեցող երեւույթ։
– Պրն Դարբինյան, պարզապես մարդիկ կորցրել են հավատը, իրար հաջորդող սպանություններ, ինքնասպանություններ եւ պարբերական չբացահայտումներ։
– Այստեղ կատարողները հայտնի են, դրանք ո՞ւմ գործիքն են եղել, ո՞վ է կազմակերպել, ո՞վ է թիկունքին կանգնած եղել, այս հարցը պետք է բացահայտել։
– Կոմունիստական կուսակցությունն ունի՞ իր վարկածը, ո՞ւմ են կասկածում հայ կոմունիստները։
– Կարող են մի քանի վարկածներ լինել։ Վարկածները պետք է ուսումնասիրել։ Կարող է արտաքին ուժերի կողմից կազմակերպված լինել։ Այսօր հայ իրականության մեջ բախվում են ռուսամետ եւ արեւմտամետ ուժեր։ Չի բացառվում, որ այդ ուժերը կարող էին լինել։ Ոճրագործության զոհերը որոշակի ռուսական կողմնորոշում ունեցող գործիչներ էին։ Հնարավոր է նաեւ, որ դա կատարված լինի, որպեսզի առաջիկա նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուները քաղաքական ասպարեզից դուրս մղվեն, որ դաշտը մաքրվի այլ ուժերի համար։
– Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այն բանին, որ որոշ քաղաքական ուժեր պահանջում են նախագահի հրաժարական, իսկ ոմանք էլ պարզապես պահանջում են, որ նախագահը պաշտոնանկ արվի։
– Ամեն ինչ պետք է օրենքի եւ օրինականության, Սահմանադրության շրջանակներում լինի։ Ես նախագահական կարգին սկզբունքորեն դեմ եմ։ Պետք է իշխանությունների տարանջատման, հակակշիռների ու ներդաշնակության այնպիսի համակարգ մշակվի, որ նախագահը արտակարգ մեծ լիազորություններ չունենա։ Եթե հանգամանքների բերումով մենք հաջող նախագահ չենք ընտրել, ուրեմն չենք կարող տարիներ շարունակ նրանից ազատվել։ (…) Եթե կասկածներ կան այն մասին, որ նախագահն ինչ-որ առնչություններ է ունեցել հոկտեմբերի 27-ի դեպքերին, այդ դեպքում պետք է դա ապացուցվի։
– Պրն Դարբինյան, այսօր կոմունիստական կուսակցությունն ընդդիմությո՞ւն է, թե ոչ։
– Մենք, իհարկե ընդդիմություն ենք։ Եվ եթե որոշ հարցերում ներկա կառավարությանը եւ նախորդ վարչապետին աջակցում էինք, աջակցում էինք մի սկզբունքային հարցում՝ հայ-ռուսական հարաբերությունների։ Մենք ռուսական կողմնորոշման հեղինակները չենք, այդ կողմնորոշումը 300 տարվա պատմություն ունի։ Մենք դրա ժառանգորդներն ենք։ Մենք այս կառավարության արտաքին քաղաքական ուժը պաշտպանում ենք այնքանով, որքանով դա ուղղված է հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը։