1999-ի նոյեմբերի 16-ին, խախտելով երկու շաբաթ առաջ նախապես տեղյակ պահելու վերաբերյալ պայմանագրի դրույթը, Հայաստանի ազգային հեռուստատեսության եթերից հանվեց «Այսօր» ծրագիրը։ Մինչ այժմ այդ հեռուստածրագրի հեղինակ եւ վարող Հակոբ Ռուբինյանը միայն կցկտուր մեկնաբանություններ էր տվել այս առիթով։
-Թերեւս գուցե այս անգամ հանգամանալի՞ց ներկայացնեք եթերից զրկվելու պատճառները։
– Երեւի ճիշտ եմ արել, որ չեմ շտապել մեկնաբանություններ ներկայացնել, քանի որ այսօր, թերեւս, ավելի լավ եմ ընկալում փակման պատճառները։ Ըստ երեւույթին, հիմնական պատճառն այն էր, որ հոկտեմբերի 27-ից հետո, ի տարբերություն ՀԱՀ-ի մնացած բոլոր ծրագրերի եւ մասնավորապես «Հայլուրի» եւ «Օրակարգի», իմ ծրագրին հյուր էին գալիս մարդիկ, ովքեր համարձակվում էին ենթադրել, որ այդ 5 հոգու ետեւում ինչ-որ ուժեր են կանգնած եւ այդ հանցագործությունը պարզապես խմիչքի, թմրանյութի կամ հոգեկան աֆեկտի վիճակում գտնվելու ազդեցության տակ չէր կատարված, այլ նախօրոք ծրագրված ու կազմակերպված պետական հեղաշրջման փորձ էր։ Հարություն Հարությունյանի ձերբակալությունից հետո ՀԱՀ-ի բարձրացրած աղմուկից վստահությունս, համոզմունքս ավելի խորացավ, որ փակման հիմնական պատճառը հենց դա էր։
– ՀԱՀ-ի գործադիր տնօրեն Տիգրան Նաղդալյանը փակման այլ պատճառներ է մատնանշել՝ մեկ, որ հաղորդումը գորշ էր, ցածրորակ, հետո, որ Դուք անպարկեշտ մարդ եք, ու նաեւ, որ աշխատանքային ինչ-ինչ նորմեր չեք կատարել։
Կարդացեք նաև
– Ծրագրի գորշության եւ հատկապես իմ անպարկեշտության մասին լուրերն իմացել եմ մամուլից եւ «Օրակարգ» ծրագրից։ Ըստ իս, ծրագրի որակի մասին դիտողությունները երեւի թե առաջին հերթին պիտի հեղինակին ներկայացվեին։ Նույն վարկանիշային հարցումները, որոնք վերջերս վկայակոչում է պրն Նաղդալյանը, ապացույց են, թե «Այսօրը», համենայն դեպս, շատ ավելի բարձր վարկանիշ ուներ, քան նույն «Օրակարգը»։ Կարելի է այսօր էլ նման հարցում անցկացնել եւ կերեւա, թե հենց թեկուզ եթերային պահվածքի կամ արտաքինի չափանիշներով հեռուստադիտողն ո՞ւմ է ավելի պարկեշտ համարում։ Աշխատանքային խախտումների վերաբերյալ պատճառաբանությունը եփած հավի ծիծաղը կբերի։ ՀԱՀ-ի եւ «Այսօր ԹիՎի» ընկերության միջեւ կնքված պայմանագրում այսպիսի դրույթ կա, թե ՀԱՀ-ն իրավունք ունի «Նախօրոք տեղյակ լինել հաղորդման թեմաներին եւ հյուրերին»։ Այդ սրբազան իրավունքը երբեւէ չի խախտվել։ ՀԱՀ-ը միշտ էլ նախօրոք տեղյակ եղել է՝ ուղղակի երբեմն 1 շաբաթ առաջ, երբեմն 24 ժամ առաջ, իսկ երբեմն էլ՝ 4-5։ Ի դեպ, ծրագիրը եթերից հանվեց այն օրը, երբ իմ հյուրը պիտի լիներ Տիգրան Հակոբյանը։ Ուստի, Նաղդալյանն ինչքան էլ ասի, թե իր ճակատամարտերն անձնական չեն՝ փաստերը հակառակի մասին են վկայում։
– Միջանցքային խոսակցությունների մակարդակում ծրագիրը փակելու դրդապատճառների շարքում նշվում են նաեւ ֆինանսական զեղծարարությունները՝ հաղորդման միջոցով փող աշխատելը, մասնավորապես, ԱԺ ընտրությունների ժամանակ։
– Ես լսել եմ այդ խոսակցությունները։ Մեծ ուրախությամբ իմացա, որ շուրջ 100 հազար դոլար եմ աշխատել՝ «բայց ափսոս, որ երազ էր»։ Ինչեւէ, ինձ էլ են լուրեր հասել, թե նախընտրական շրջանում «Այսօր» ծրագրի անունով ՀԱՀ ինչ-որ գումարներ են մտել։ Ես տեղյակ եմ միայն երկու վճարովի հաղորդումից։ Հակառակի մասին դատել դժվարանում եմ, բայց ենթադրում եմ, որ իմ ծրագրի անունով, այո, ինչ-որ գումարներ աշխատվել են։
– Ասացիք, թե «Այսօրի» եթերում պաշտոնականից տարբերվող տեսակետներ էին հնչում։ Սակայն հիշում եմ, որ արդեն «Պրոմեթեւսում» Ձեր առաջին հյուրին՝ Վահագն Խաչատրյանին, ասացիք, թե ամիսներ շարունակ չէիք կարողանում նրան եթեր հրավիրել։ Կարելի՞ է ենթադրել, որ նա եւս այն սեւ ցուցակում էր, որի գոյությունն անընդհատ ժխտում է Տիգրան Նաղդալյանը։
– Իհարկե, կար այդպիսի ցուցակ, որքան էլ Նաղդալյանն այսօր դա հերքի։ Հենց ինքը նշեց Դավիթ Շահնազարյանի անունը, որին հարմար չէր գտել ՀԱՀ-ի եթերով հանդես գալու հնարավորություն ընձեռել։ «Այսօր» ծրագրի սկսվելու պահին իսկ եղել է այդ սեւ ցուցակը, որում ընդգրկված էին նույն Դավիթ Շահնազարյանը, նույն Վահագն Խաչատրյանը, Վիգեն Խաչատրյանը, «Ժողովրդավարական հայրենիքի» թերեւս ամբողջ կազմը՝ Պետրոս Մաքեյանն առաջին հերթին։ Սա հիմնական կորիզն էր, որին հակացուցված էր ՀԱՀ-ի եթերով հանդես գալ։ Իհարկե, վերապահում անեմ, որ այլ ծրագրերով նշածս ցուցակից որոշ մարդիկ հանդես եկել են։ Բայց տարբերությունն այն է, որ դրանք մոնտաժված հաղորդումներ էին՝ ոչ ուղիղ եթեր։ Իսկ հաղորդումը մոնտաժելիս հնարավոր է անել ամեն ինչ. փաստորեն այն, ինչ մենք ամեն օր տեսնում ենք «Հայլուրով»։
– Տիգրան Նաղդալյանն անընդհատ պնդում է, թե ազդեցիկ քաղաքական որեւէ ուժի ներկայացուցիչ չի զրկվում ՀԱՀ-ի եթերից։ Ենթադրելի է, որ ԱԺ-ից դուրս մնացած կուսակցություններն են ոչ ազդեցիկ։ Ուրեմն, արդյոք ՀՌԱԿ-ի, ՀԴԿ-ի, ԳիԱրՔՄի-ի կամ նման ոչ ազդեցիկ ու փոքրաքանակ կուսակցությունների ներկայացուցիչների վրա է՞լ էր տարածվում նույն արգելքը։
– Բնականաբար՝ ո՛չ։ Քաղաքական ազդեցիկ ուժեր ասվածը պետք է ավելի շուտ դիտարկել Տիգրան Նաղդալյանի անձնական կամ թերեւս քաղաքական կողմնորոշումների սանդղակով։ Ձեր մատնանշած քաղաքական ուժերի ներկայացուցիչները, իհարկե, միշտ էլ լինում են եթերում, վերջին շրջանում ավելի հաճախ, քանի որ առաջ են քաշում այն գաղափարները, որոնց ջատագովն է Տիգրան Նաղդալյանը։
– Արդեն «Պրոմեթեւսում» «Այսօրի» փակման պատճառը «միջնորդավորված ճնշումն» եք անվանել։ Առավել չե՞ք որոշակիացնի։
– Ի դեպ, մեկ անգամ եւս այս հեռուստաընկերությանը շնորհակալություն եմ հայտնում իմ ծրագրին քաղաքական ապաստան տրամադրելու համար։ «Այսօրը» ժամանակավորապես փակելու որեւէ պատճառ «Պրոմեթեւսը» չուներ։ Բայց գործադրվել է ճնշում։ Դժվարանում եմ փաստերը նշել, քանի որ դրանք փոքր-ինչ կուլիսային զրույցների արդյունք են։ Ըստ իմ տվյալների, նախագահի աշխատակազմից պարբերական ճնշում է գործադրվել, որ եթե «Պրոմեթեւսը» ցանկանում է համագործակցել՝ թող «Այսօրը» միայն մշակույթի ներկայացուցիչների հրավիրի, ի՞նչ գործ ունի քաղաքական գործիչների հետ եւ այլն։ Մի կողմ թողնելով ազատ մամուլի նկատմամբ ճնշում գործադրելու հանգամանքը՝ նշեմ, որ, ըստ իս, դա նախագահի աշխատակազմի ցածրաստիճան չինովնիկների խարդավանքների արդյունքն է։
– Կարո՞ղ եք հաստատել կամ հերքել այն լուրերը, թե այդ զրույցները նախագահի օգնական Արմեն Գեւորգյանն է վարել։
– Ինձ էլ է նման լուր հասել, սակայն դժվարանում եմ հաստատել կամ հերքել։
– Այնուամենայնիվ, «Պրոմեթեւսի» գործադիր տնօրեն Սեյրան Շահսուվարյանը նշել էր, թե ի շարս «Այսօրի» եւ «Տեսադաշտի», տարեսկզբից 12 այլ հաղորդումներ են հանվել, որոնք կատարելագործման կարիք են զգում եւ, որ Ձեզ հետ անգամ պայմանագիր կնքված չի եղել։
– Այո՛, պայմանագիր կնքված չի եղել։ Չգիտեմ, թե կատարելագործելը ո՛ր շարքերին է վերաբերում։ Համենայն դեպս, Շահսուվարյանի հետ զրույցից հետո կարծում եմ, որ «Այսօր» ծրագիրը «Պրոմեթեւսի» եթերում շուտով պիտի վերականգնվի։
– Իսկ եթե ո՞չ։ Որեւէ ա՞յլ հեռուստաընկերությունում եք քաղաքական ապաստան որոնելու, թե՞ փորձելու եք Ձեր իրավունքները դատարանում պաշտպանել։
– Նպատակ չունեմ «Պրոմեթեւսում» շարունակել «Այսօր» ծրագիրը եւ ոչ այն պատճառով, որ այն լավը չէ եւ այլն։ Ո՛չ, հետաքրքիր հեռուստաալիք է, ինձ շատ դուր է գալիս։ Սակայն իմ ալիքը ՀԱՀ-ն է, որին 10 տարվա աշխատանք եմ նվիրել։ Ժառանգական հեռուստալրագրող եմ, 3 տարեկանից այդ շենք եմ մտել։ Եվ երբ այսօր ոստիկանները տեղեկացնում են, որ հրահանգ ունեն անձնապես ինձ շենք չթողնել՝ ենթադրում եմ, որ այս հիմնարկի ղեկավարը գուցե չափազանց մանրախնդիր եւ հավակնոտ է։ Անպայման մոտ օրերս հայցադիմում եմ ներկայացնելու դատարան, քանզի պայմանագրի պահանջները եւ մեր իրավունքները բազմիցս ոտնահարվել են, բազմաթիվ են ֆինանսական եւ հեղինակային խախտումները։
Հարցազրույցը վարեց
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ