Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿ ԴՈՒ ԳՐՎԵ՞Լ ԵՍ «ԵՐԿՐԱՊԱՀ»

Հունվար 14,2000 00:00
erkrapah

ԼՂՀ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Վահան Բադասյանի ստորագրությամբ երեկ «Առավոտի» խմբագրություն բերվեց մի հայտարարություն։ Պրն Բադասյանը՝ համաձայն այդ հայտարարության, չէր կարծում, որ «որոշ մարդկանց պետք կլիներ հիշեցնել, թե 1988-ից ի վեր ինչեր են կատարվել արցախյան հողում։ Չէինք կարծում, որ կարիք կլինի մեկ առ մեկ հիշեցնել բոլոր զոհվածների անունները։ Սակայն կարծես թե առաջանում է դրա անհրաժեշտությունը»։

Նշելով, որ բոլորս հպարտանում ենք Արցախի հերոսամարտով, Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարը, չգիտես ինչու, կարծում է, որ զունգահեռաբար «մոռանում ենք, թե ինչ ծանր գնով են ձեռք բերվել այդ հաղթանակները»։ Չհիմնավորված եւ հոռետեսական այս նախաբանից հետո պրն Բադասյանը անցնում է հայտարարության բուն բովանդակությանը. «Վերջին շրջանում որոշ մարդիկ ԼՂՀ-ում փորձում են ստեղծել «Երկրապահ» հասարակական կազմակերպություն։ Առնվազն տարօրինակ է դա հնչում Արցախի հողում, որտեղ նորածին մանուկից մինչեւ 90 տարեկան ծերունիներն արժանի են երկրապահ կոչվելու։ Ո՞վ կարող է ցույց տալ ԼՂՀ մի բնակչի, որը երկրապահ չէ։ (…) Մի՞թե կարելի է Ղարաբաղի բնակչությանն այսօր երկփեղկել՝ հանուն խորհրդարանական ընտրություններում ձայներ կորզելու։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ «Երկրապահ» բառը շահարկելով՝ Սամվել Բաբայանն իր կողմնակիցների հետ փորձում է իր համար քաղաքական հենարան ստեղծել մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների շեմին»։

Քանի որ պրն Բադասյանի հայտարարության մեջ ակնհայտ մեղադրանք կա ԼՂՀ «Երկրապահ» հասարակական կազմակերպության հասցեին, որոշ ճշգրտումներ ստանալու նպատակով հեռախոսազրույց ունեցանք ԼՂՀ «Երկրապահ» հասարակական կազմակերպության նախագահ Արկադի Կարապետյանի հետ։ «Վերջին շրջանում որոշ մարդիկ ԼՂՀ-ում փորձում են ստեղծել «Երկրապահ» հասարակական կազմակերպություն» միտքը պրն Կարապետյանին անհասկանալի թվաց, քանի որ «Երկրապահը» ստեղծվել է 97 թվին՝ արցախյան պատերազմում կռված տղաներին աջակցելու նպատակով։ Կազմակերպությունն այժմ ունի 800 անդամ, սակայն, ըստ պրն Կարապետյանի, այդ թիվն օրեցօր ավելանում է։ Արցախում կռված, «Երկրապահի» անդամ տղաները իշխանական օղակներում ընդգրկված չեն եւ նրանց իրավունքները, ինչպես «Երկրապահի» նախագահ պրն Կարապետյանն ասաց, ոտնահարվում են։

«Երկրապահի» հայտնի հայտարարությունից հետո (երբ նրանք պահանջեցին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի եւ այն ժամանակ դեռեւս ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի համատեղ հրաժարականները) այս կազմակերպության դեմ հալածանքներ են սկսվել։ Ինչ վերաբերում է «Ղարաբաղի բնակչությունը երկփեղկելուն» եւ նրան, թե «ո՞վ կարող է ցույց տալ ԼՂՀ մի բնակչի, որը երկրապահ չէ», պրն Կարապետյանն առարկեց. «Վահան Բաղդասարյանը դաշնակցական է, այսինքն՝ դաշնակից, բոլորս էլ դաշնակիցներ ենք, ուրեմն այս տրամաբանությամբ նաեւ դաշնակցականնե՞րը պետք չեն»։ Հայտարարության մեջ ակնարկ կար, որ Սամվել Բաբայանը շահարկում է «երկրապահ» բառը եւ որ նա խորհրդարանական ընտրությունների շեմին փորձում է այդ կառույցը օգտագործել որպես քաղաքական հենարան։ Արկադի Կարապետյանը ճշտեց, որ Սամվել Բաբայանը ինքը կարող է իրեն պաշտպանել, իսկ «Երկրապահը» պաշտպանում է միայն իրեն։

Ի դեպ, ԼՂՀ «Երկրապահ» կազմակերպության պատվավոր անդամներն են Վազգեն Սարգսյանը, Սամվել Բաբայանը, Սերժ Սարգսյանը, Սեյրան Օհանյանը։ Մեր հարցին՝ իսկ Ռոբերտ Քոչարյանն ու Արկադի Ղուկասյանը «Երկրապահին» չե՞ն անդամակցում, պրն Կարապետյանը պատասխանեց. «Ո՛չ, քանի որ Ռոբերտ Քոչարյանը կամ Արկադի Ղուկասյանը չեն կռվել»։ Իսկ կազմակերպության ֆինանսավորման աղբյուրների մասին մեր հարցին ի պատասխան՝ «Երկրապահի» նախագահը նշեց, որ նախկինում հովանավորներ ունեցել են, սակայն այժմ ֆինանսական առումով դժվարություններ ունեն. վեց ամսից ավելի է՝ հոսանքի պարտքը չեն կարողանում վճարել։ Արկադի Կարապետյանը հիշեց, որ իշխանության են գալիս մարդիկ, որոնք դրա բարոյական իրավունքը չունեն, եւ անմիջապես ավելացրեց. «Խոսքն Արկադի Ղուկասյանի մասին չէ»։ «Անուշավան Դանիելյանի՞ մասին»,- հետաքրքրվեցինք մենք։

Պարզվեց, որ պրն Դանիելյանի հանդեպ պրն Կարապետյանը որեւէ բան չունի, սակայն վարչապետի ներկայացրած ծրագիրը որեւէ մեկն այդպես էլ չի տեսել։ Ավելացնենք, որ պրն Կարապետյանը չբացառեց ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությունը։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31