Սկաուտական համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Ժակ Մորելոնը նամակով դիմել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նամակում պրն Մորելոնը նշում է, որ մտադրություն չունի խառնվելու Հայաստանի ներքին գործերին, սակայն իր կազմակերպությունը լիովին վստահ է, որ «հոկտեմբերի 27-ի» գործով ձերբակալված Հարություն Հարությունյանն անմեղ է։
ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ ՊԱՏՄԱԲԱՆ ԲԱՐԵԿԱՄԻՍ
«Շուշաններ աղքատ բարեկամիս» ծրագրի օրիգինալ անվանումը սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանի ստեղծագործական երեւակայության միակ արտահայտությունը չէ։ Կենսաթոշակային ռազմավարության ծրագիրն էլ «Ծոփք» է անվանել եւ իր այս ընտրությունը պատմության նախկին ուսուցիչ-նախարարն այսպես է հիմնավորել՝ «Քանի որ Ծոփքում էր Զարեհը թագավորում»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ կենսաթոշակային ապահովման հիմնադրամի ղեկավարը Զարեհ Սարգսյանն է։
ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ
Ըստ որոշ լուրերի, էներգետիկայի փոխնախարար Ռոբերտ Նազարյանը մոտ ժամանակներս նշանակվելու է Երեւանի փոխքաղաքապետ։ Ի դեպ, պրն Նազարյանը նախկինում աշխատել է քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ։
ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
Ինչպես տեղեկացանք ԼՂՀ «Երկրապահ» հասարակական կազմակերպության նախագահ Արկադի Կարապետյանից, հունվարի 20-ին ԼՂՀ-ում տեղի կունենա երկրապահների հերթական համագումարը։