Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒԶՈՒՄ ԵՆ ՀԱՄ ԿՈՒՅՍ ՄՆԱՆ, ՀԱՄ ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՆԱՆ»

Հունվար 13,2000 00:00
Gagik Jhangiryan

Երեկվա ասուլիսում այսպես բնորոշեց զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը հանցագործությունը բացահայտելու, բայց որեւէ մեկին չձերբակալելու կամ չմեղադրելու վերաբերյալ որոշ շրջանակների ցանկությունը։

Իմանալ-չհայտնել

Զինվորական դատախազը երեկ յուրօրինակ ռեկորդ սահմանեց՝ 75 րոպե տեւած ասուլիսում որեւէ բանավոր հարցի ըստ էության չպատասխանեց եւ որեւէ մանրամասն էլ, բնականաբար, չհրապարակեց, դրանք հետաձգելով նախաքննության ավարտական փուլին։ Եվ երբ Գագիկ Ջհանգիրյանն ի պատասխան մի հարցի ասաց, թե Ռոբերտ Քոչարյանին նույն սահմաններում տեղեկատվություն է հաղորդում, որքան մեզ՝ «Նոյյան տապանի» թղթակցուհին հետաքրքրվեց. «Ուրեմն, նախագահն այնքա՞ն գիտի, ինչքան մենք» եւ դրական պատասխանից հետո եզրակացրեց. «Ուրեմն, ոչինչ էլ չգիտի»։

Գուցե Ռոբերտ Քոչարյանն իրոք ոչինչ չգիտի եւ այդ պատճառո՞վ էր իր դեկտեմբերի 21-ի մամուլի ասուլիսում հայտարարում. «Բազմաթիվ փորձաքննությունների կարիք կա, որոնց արդյունքները քննչական խումբը մինչ այսօր չունի»։ Քանզի զինվորական դատախազի ներկայացրած գրավոր տեղեկատվության մեջ նշված էր, թե անցած ամսում ստացվել են 11 փորձաքննությունների եզրակացություններ եւ 9-ը նոր փորձաքննություն է նշանակվել։ Կամ էլ գուցե բոլոր եզրակացությունները հենց ամանորի տոների՞ն են ստացվել։ Իսկ հնարավո՞ր է, թե այդ հայտարարությունն արվել էր նախաքննական մարմնի աշխատանքը ստվերելու նպատակով…

Չարչրկված հարցեր

Գագիկ Ջհանգիրյանը մեկ առ մեկ անդրադարձավ այն հիմնական մեղադրանքներին, որ վերջին օրերին ՀԱՀ-ի եթերից ուղղվում են զինդատախազությանը։ Նախ, որ նախաքննությունը փակ է ընթանում եւ հասարակությանը որեւէ տեղեկատվություն չի տրամադրվում ձերբակալման հիմքերի մասին։ Բնական է, որ ի պատասխան պիտի վկայակոչվեր քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը, որ օրենսդրական սկզբունք է։

Նախաքննության նկատմամբ հասարակական կամ պատգամավորական վերահսկողություն սահմանելու վերաբերյալ առաջարկներին ի պատասխան էլ ասվեց, թե քրեադատավարական օրենսդրությամբ հսկողության նման մեխանիզմներ նախատեսված չեն։ Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողական գործառույթներով օժտված է միայն դատախազը, սահմանված են նաեւ դատական վերահսկողության որոշ դրույթներ։ «Գործի հրապարակայնությունը վերաբերում է դատական քննության փուլին եւ, իմ կարծիքով, թե՛ լրատվության եւ թե՛ մեր քաղաքացիների մի մասը դատաքննության հրապարակայնության սահմանադրական սկզբունքն ինքնաբերաբար տարածում է նախաքննության վրա»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը։

Իսկ հեռուստաեթերում հնչող այն կարծիքների առնչությամբ, թե զինդատախազությունը ոչ հիմնավոր ձերբակալություններ է կատարում, նշեց, թե առայժմ մեղադրյալներից կամ նրանց պաշտպաններից եւ ոչ մեկը չի բողոքարկել առաջին ատյանի դատարանների որոշումները կալանավորման վերաբերյալ։ Սա պրն Ջհանգիրյանի կարծիքով վկայություն էր, թե կալանավորելու իրենց միջնորդությունները եւ, ի դեպ, նախագահի կողմից նշանակված դատավորների այդ որոշումներն օրինական են ու հիմնավոր։

Ի դեպ, Հարություն Հարությունյանի պաշտպանը երեկ բողոքարկել է կալանավորման մասին դատարանի որոշումը։

«Առավոտի» հարցերը

– Տվյալ լուրի հրապարակումից հետո սկսեցին շահարկել այն հանգամանքը, որ ձերբակալությունները միայն Նաիրի Հունանյանի ցուցմունքի հիման վրա են։ Խոսքը Հայկ Բաբուխանյանի առերես հարցաքննության մասին է. իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե միայն արտասահմանում գտնվելու վերաբերյալ անձնագրի նշումն էր փրկել նրան Նաիրիի ամբաստանությամբ ձերբակալումից։

– Ասեմ, որ Հայկ Բաբուխանյանի վերաբերյալ կամ այդ կապակցությամբ քննչական խումբը դեռեւս ոչ մի վերջնական որոշում չի կայացրել։

– Կարծո՞ւմ եք արդյոք, որ նախաքննության շուրջ քարոզչական այս հիստերիան երկիշխանության հետեւանքն է եւ ուղղորդված է իշխանության թեւերից մեկի կողմից։

– Չեմ կարծում։ Ձեզ հետ չհամաձայնելու հիմքեր ունեմ։

– Արդյոք ուղղակի կապ կա՞ քաղաքական որոշ ուժերի բարձրացրած աղմուկի եւ նրանց առանձին ներկայացուցիչների նկատմամբ գործով ձեռք բերված ապացույցների միջեւ։ Ասենք, լուրեր կային Սամվել Բաբայանի եւ Հայկ Բաբուխանյանի մասին՝ հետեւեց «Իրավունք եւ միաբանության» ասուլիսը։ Սկսեցին ասեկոսեներ շրջել, թե Նաիրի Հունանյանը ցուցմունքներ է տալիս Վազգեն Մանուկյանի վերաբերյալ՝ հետեւեցին նրա հայտարարությունները։

– Կապի մասին առայժմ չեմ ասի։ Բայց կարող եմ ասել, որ այդ ուժերի արձագանքները խիստ բնական եմ համարում։ Միեւնույն ժամանակ ուզում եմ ասել, որ կուսակցական պատկանելությունը երեւի թե անձի հատկանիշներից հինգերորդական-վեցերորդականն եմ համարում։

– Անցած տարեվերջին «Վերսիայի» «Վարչապետի վախճանը» հրապարակման մեջ, որ արտատպեց «Նովոյե վրեմյան», արտառոց ինչ-որ փաստեր էին հրապարակված, թե Նաիրի Հունանյանը ֆիդայի է, կռվել է Ղարաբաղում եւ այլն։ Փորձե՞լ եք պարզել, կա՞ այդ նյութի հեղինակը, պատրա՞ստ է բացատրություններ տալ տեղեկատվության իր աղբյուրների վերաբերյալ։

– Փորձում ենք պարզել։ Եթե բոլորը ծանոթ են այդ հոդվածի բովանդակությանը, ակնհայտ է, որ հոդվածագիրը որոշակի տեղեկատվություն ունի։ Մենք փորձում ենք ճշտել եւ մեր փորձերն այժմ ավելի կակտիվանան։

Շրջանակից դուրս հարցեր

Այս բավական լուրջ ասուլիսում որոշ հարցերի Գագիկ Ջհանգիրյանի երբեմն կեսկատակ պատասխանները բավական լիցքաթափում էին մթնոլորտը։

«Նորաթերթ»- Անցած ասուլիսում նշեցիք, որ նախաքննությունը գտնվում է տեղեկատվության կուտակման փուլում, որին կհաջորդի վերլուծությունը։ Այժմ ի՞նչ փուլում եք գտնվում։

– Հիմա էլ վերլուծում ենք եւ զուգահեռ՝ կուտակում։

«Հայոց աշխարհ»- Հանրապետության նախագահն ասաց, թե չի զարմանա, եթե Նաիրի Հունանյանն իր անունն էլ տա։ Եթե Ձեր անունը տա՝ Դուք ինչպե՞ս կարձագանքեք։

– Ցավոք, ես կզարմանամ։

«Հայոց աշխարհ»- Արդյոք այսօր կա՞ն մարդիկ, որոնց դեմ Նաիրի Հունանյանը ցուցմունքներ է տվել, բայց նրանք դեռեւս չեն ձերբակալվել։

– Մի այսպիսի հետաքրքիր պատկեր է ձեւավորվում, թե Նաիրի Հունանյանն առավոտից իրիկուն պարապ է ու անուններ է տալիս, մենք էլ այդ անունները խաչբառի նման շարում ենք, հետո որոշում՝ ում տանենք, ում չտանենք։ (…) Նաիրի Հունանյանի, նրա ցուցմունքների եւ ընդհանրապես, նախաքննության ձեռք բերած ապացույցների շուրջ նման կարծիքների ձեւավորումը որոշակի միտում ունի։ Թույլ տվեք չասել՝ ինչպիսի։

«Հայոց աշխարհ»- Արդյոք Նաիրի Հունանյանը հե՞շտ է խոսում, թե՞ հուշելով։

– Ինքը շատ գրագետ է։ Համենայն դեպս, ցույց է տալիս, որ շատ զարգացած, ինտելեկտով եւ էրուդիցիայով մարդ է։ Խոսում է առանց կակազելու, առանց ընդհատումների, շատ նորմալ, լսելի, հայերեն, հնչեղ, ռեալիստական, բարակ ձայնով։

«Իրավունք»- Իսկ ինչո՞ւ բարակ ձայնով։ Կարո՞ղ է, կռտել եք։

– Ինչու բարա՞կ։ Որովհետեւ Ձեր ձայնից տարբերվում է, պրն Գալաջյան։

«Նոյյան տապան» (Այս հարցը հետեւեց Գագիկ Ջհանգիրյանի հայտնած այն տեղեկությանը, թե Նաիրի Հունանյանը կարծես դեռ ինչ-որ փոփոխությունների է սպասում- Ա. Ի.)- Իսկ Նաիրի Հունանյանը, ձերբակալված լինելով, արդյոք փորձո՞ւմ է նպաստել այդ փոփոխություններին։

– Ես խիստ դժվարանում եմ ասել, թե ձերբակալված վիճակում նա ինչպես պետք է նպաստի։ Կարող է աղոթի… Ավելի գործնական եւ անմիջական կապերը բացառում եմ։

«Իրավունք»- Ամանորյա գիշերն ի՞նչ ուտեստ եւ խմիչքներ կային Ձեր սեղանին եւ ինչ ուտեստներ կային Նաիրի Հունանյանի սեղանին։

– Ես պիտի հաջորդ Ամանորին հրավիրեմ՝ գաք մեր տուն, ինքներդ տեսնեք, ինքներդ էլ հաղորդեք։

Գուրգեն Ամբարյան– Իսկ մյուս Ամանորին էլ Նաիրի Հունանյանի մոտ կուղարկենք…

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31