Վահան Հարությունյանը հարցնում է
Դատական նիստը երեկ սկսվեց ուշացումով՝ կապված մեղադրողների պատճառաբանության «տեխնիկական խնդիրների» հետ։ Նիստից բացակայում էր նաեւ ամբաստանյալ Վահան Հարությունյանի պաշտպանը, իսկ թիվ 5 քննչական մեկուսարանից տեղեկացրել էին, որ ամբաստանյալ Գագիկ Պետրոսյանը չի կարող ներկայանալ դատական նիստին։ Մինչեւ ցուցմունքներ տալը, Վահան Հարությունյանը հայտարարեց, թե «իրեն բազում անգամ զգուշացրել են, որ գնդակահարելու են։ Որպեսզի իմ չգոյությունը չխանգարի նիստին, ուզում եմ հայտարարել. նախաքննական ցուցմունքները գրված են իմ ձեռքով, պատրաստ եմ պատասխան տալ ամեն մի բառի համար»։ Նա իր ցուցմունքները սկսեց, թե ինչպես է հայտնվել ՄՀՕՋ-ում, երբվանից է ծանոթացել Վանո Սիրադեղյանի հետ, ինչպես ստեղծվեց ներքին զորքերի վարչությունը, ինչպես այդ վարչության «աշխատակիցներ» դարձան Արմեն Տեր-Սահակյանն ու նրա խմբի 8-9 անդամները։
«Նրանք հրամանագրվել են եւ զենքեր են հատկացվել նախարարի եւ իմ հրամանով»,- ասաց նա։ Իր եւ Վ. Սիրադեղյանի հարաբերությունների մասին խոսելով, նշեց, որ՝ որպես ավագ ընկերոջ, մարդու, վատ չի եղել, որ Վազգենին, Վանոյին ավելի շատ է հարգել, քան Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Նա ասաց, որ իրենք ընդունել են, որ զինվորներ են եւ անվերապահորեն կատարել են բոլոր ցուցումները. «Լինելով ռազմականացված կառույց, կատարում էինք պաշտպանական, նաեւ ենթարկվում էինք ինչ-որ տեղ Վազգեն Սարգսյանին»։
Վ. Հարությունյանը ներկայացրեց նախորդ՝ 1991-92 թթ. ժամանակահատվածը, երբ «ֆորմա» հագնելը դարձել էր վտանգավոր, ամենուր թալան էր, «ֆիդայի, ոչ ֆիդայի, ասֆալտի ֆիդայի» զբաղված էին թալանով եւ պարալիզացվել էր իրավապահ մարմինների աշխատանքը։ Նա համաձայն չլինելով մեղադրական եզրակացության այն մասին, որ խոսք է գնում Ա. Տեր-Սահակյանի խմբի զինման, հրամանագրման մասին, տեղեկացրեց, որ «միտումնավոր» որակումը տեղին չէ եւ նշեց, որ թափուր հաստիքներ չկային եւ Տեր-Սահակյանն էլ ասել էր՝ թող գրվի «հետախույզ»։ Երբ այդ մասին տեղյակ էր պահել ՆԳ նախարարին, վերջինս ասել է. «Ինչ ուզում է գրի, իր խասյաթի համաձայն»։ Նա պատմեց Մաշտոցի ՆԳ-ում «վառված» Տեր-Սահակյանի խմբին «փրկելու» գործընթացների, Վլադիմիր Գրիգորյանի, Կիմ Բալայանի եւ Գուրգեն Եղիազարյանի դեմ մահափորձերի նախապատրաստման եւ ձախողումների մասին։ Թե ինչպես ինքը Վլ. Գրիգորյանի մահափորձի ձախողման օրը հանդիպել է Վ. Սիրադեղյանի հետ. «Վիճակը նախանձելի չէր, նա վրդովված էր»,- ասաց Վ. Հարությունյանը, որին նախարարը տեղյակ էր պահել, թե մահափորձը կատարել են «Բ…-ի տղերքը»։ Հետեւել էր «խմբի» հեռացումը (հետին թվով) ՆԶՎ-ից, հետաքրքրություն էր դրսեւորել գլխավոր դատախազությունը։
Կարդացեք նաև
Վ. Հարությունյանն ասաց, որ «պարտակում» որակման հետ համաձայն չէ, եւ հարց է. «ո՞վ է պարտակել. ե՞ս, թե՞ այն ժամանակվա դատախազությունը։ Ձեր անվճռականությունը չէ՞ր պարտակման պատճառը» եւ «հիշեցրեց», որ գործը վերաբերում էր դատախազության վարչության պետին։ Ինչ վերաբերում է Կիմ Բալայանի մահափորձին, ասաց, որ 1994 թ. սկզբին էր, եւ ինքը պատրաստ էր այն ժամանակ ատամներով պաշտպանել «իրան» (Վանոյին)։ Տեղեկացրեց, որ հանձնարարել է կոնկրետ մարդկանց ճշտել, թե երբ, որ վայրերում է լինում. «Ճիշտն ասած, եղել են բազում պահեր եւ առեւանգելու, եւ սպանելու հնարավորություններ», եւ սակայն, մահափորձի մասին հայտնել է ոչ գլխավոր դատախազին. իմիջիայլոց էլ նկատեց, թե. «Իզուր է Կիմ Բալայանին թվում, թե իրեն փրկել է Դավիթ Շահնազարյանը» եւ նաեւ ասաց, որ Կիմի վրա «էլի մարդիկ էին աշխատում. եթե չեմ սխալվում 7-րդից»։ Հետագայում, իհարկե, նրա համար ոչ հրահանգ էր եղել, ոչ էլ պահանջ։ Գ. Եղիազարյանը, որը եղել էր ԿԳԲ-ի պետի տեղակալ, հերթական «քայլող թիրախն» էր, չնայած պաշտոնին։ Նա ասաց, որ Գ. Եղիազարյանին «վերացնելու» հրամանը թեեւ ինքը ստացել էր, սակայն հանձնարարել էր Մովսես Ներսիսյանին, «որպեսզի նա «բզզի» նրան», որովհետեւ ինչպես ՆԶՎ պետն ասաց, գիտեր, որ ինչպես իրենք էին հետեւում Գ. Եղիազարյանին, այնպես էլ հետեւում էին իրենց՝ 7-րդ վարչությունից։ Մովսեսը «բզզել» էր, եւ Գ. Եղիազարյանը «փախել էր, մտել հարեւանի տուն»։
Իհարկե, ամբաստանյալը նախարարին տեղեկացրել էր, թե հնարավոր չէ Գ. Եղիազարյանին խփել աննկատ, քանի որ միշտ շրջափակված է լինում մարդկանցով։ Հանձնարարվել էր գումարտակի հրամանատարին եւ տեղակալին ընդգրկել գործին, եւ սակայն, թե ինչ է հետեւել դրան, ասաց, որ տեղյակ չէ. «Էս ամեն ինչը բարդանում է, քանի որ նախկին իշխանություններից ինչքան կեղտ կա, դրվել է Վանո Սիրադեղյանի մեջ», եւ վատառողջ լինելու պատճառով իր ցուցմունքներն ընդհատեց։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ