Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱՀԱՊԱՏԻԺ ԻՄԱՑԵԱԼ՝ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Հունվար 12,2000 00:00
geri

Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից պատերազմի ընթացքում եւ հետո գերված, գերիների փոխանակման հետեւանքով հայրենիք վերադարձած հայ ռազմագերիների վկայությամբ՝ Բաքվից քիչ հեռու գտնվող Գոբուստանի ռազմագերիների ճամբարում հայերի հետ գերության օրեր են անցկացնում նաեւ Հայաստանից Ադրբեջան տեղափոխված ադրբեջանցի ռազմագերիները։ Գերությունից մայր Ադրբեջան վերադարձածներն այդ ճակատագրին են արժանանում նախեւառաջ այն պատճառով, որ լավ պահպանված են եւ չեն տառապում, ասենք, հյուծախտով կամ ցինգայով։

Ինչպես ճշտեցինք «Ընդդեմ իրավական բռնությունների» հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանից, վերոնշյալ ռազմագերիները ոչ միայն ամիսներով կամ տարիներով են մնում ճամբարներում, այլեւ նրանցից ոմանց հանդեպ կայացվել է մահապատժի որոշում։ Այդ մասին, ի դեպ, արձագանքել է նաեւ ադրբեջանական մամուլը։ Մահապատժի են դատապարտվել 1998թ.-ին Հայաստանից Ադրբեջան ուղարկված չորս ռազմագերիները։ Նրանց հանդեպ պատիժը, ըստ չճշտված աղբյուրների, չի իրականացվել։ Ռազմագերիների ճամբարից կամ մահապատժի որոշումից խուսափելուն այնքան էլ չեն օգնում «Ընդդեմ իրավական բռնությունների» հիմնադրամի մասնագետների զրույցները Հայաստանում գտնված ադրբեջանցի գերիների հետ։ Զրույցների թեմատիկան ռազմագերիների իրավունքների պաշտպանության շրջանակներում էր։

Ի դեպ, նույն բացատրական աշխատանքը տանում են նաեւ ադրբեջանցիները հայ ռազմագերիների հետ։ Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ Ադրբեջանից Հայաստան վերադարձած ռազմագերիներից եւ ոչ մեկը հայրենիքում գերությունը չի շարունակել։ Նույն աղբյուրի համաձայն՝ 1996 թվականից մինչ օրս Հայաստանն Ադրբեջանին է հանձնել հարյուրից ավելի զինգերիներ։ Ընդ որում՝ այս թիվը զգալիորեն մեծ է Ադրբեջանից Հայաստան ուղարկված հայ գերիների թվից։

Լ.ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31