Սահմանադրությունը հնարավոր փոփոխությունների է նախապատրաստվում։ Ազգային ժողովի «Միասնություն» եւ «Կայունություն» պատգամավորական խմբակցությունների հանձնարարությամբ խորհրդարանի իրավագիտական խորհրդատու Վլադիմիր Նազարյանը աշխատանքային խմբի հետ նախապատրաստում է հնարավոր փոփոխությունները։ Ակնհայտ է, որ նորությունները քաղաքական որոշ ուժերի եւ պաշտոնատար անձանց սրտով չեն լինի։ Առավել մանրամասն՝ մեր վաղվա համարում։
ՍԵՄԻՆԱՐ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ
Այսօր Ավստրիայի մայրաքաղաքում սկսվելու է սեմինար՝ նվիրված այդ երկրի ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելուն։ Սեմինարին մասնակցելու են լրագրողներ Հարավային Կովկասից եւ Ասիայից, այդ թվում նաեւ «Սնարք» գործակալության գլխավոր խմբագիր Գայանե Մովսիսյանը եւ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Արմեն Զաքարյանը։
Կարդացեք նաև
ԱՌԱՅԺՄ ՄԻԱԿՆ ՈՒ ԱՆԿՐԿՆԵԼԻՆ ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ Է
2000 թվականի ապրիլի 9-ին Վրաստանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին մասնակցելու իր ցանկության մասին առայժմ բարձրաձայն հայտարարել է միայն Վրաստանի ներկայիս նախագահ, «Վրաստանի քաղաքացիների միություն» կուսակցության ղեկավար Էդուարդ Շեւարդնաձեն։ 71-ամյա պարոն Շեւարդնաձեից բացի, որեւէ այլ թեկնածու առայժմ նման ցանկություն չի դրսեւորել։ Այս մասին «Առավոտը» տեղեկացավ Հայաստանում Վրաստանի դեսպանի խորհրդականից։
Սեփ. լր.
ՄԵՂԱԴՐԱՆՔ ՈՍՏԻԿԱՆԻՆ
Ինչպես հաղորդվել է, հունվարի 8-ին ձերբակալվել է ՆԳՆ պետական պահպանության վարչության կարեւորագույն օբյեկտների պահպանման միլիցիայի գնդի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արթուր Հակոբյանը: Նրա ձերբակալությունն առնչվում է հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին:
Ինչպես ասաց զինդատախազության քննչական վարչության պետ Արտակ Հարությունյանը, նախաքննության մարմինը հունվարի 11-ին Ա.Հակոբյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 184 հոդվածով (պաշտոնեական անփութություն) եւ նույն օրը նրա նկատմամբ խափանման միջոցը կալանք ընտրելու միջնորդությամբ պատրաստվում էր դիմել դատարան:
ԱԼԻԵՎԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՔԵՎՐԻԿՕՂԼՈՒՆ
Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը Անկարա կատարած աշխատանքային այցի ընթացքում բանակցություններ է վարել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուսեյն Քեւրիկօղլու հետ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են ռազմական առումով Թուրքիայի եւ Ադրբեջանի համար հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ինչպես նշում են ոչ պաշտոնական աղբյուրները, բանակցություններում կարող էր արծարծվել նաեւ Չեչնիայի կացությունը: Մինչդեռ Բաքվում պաշտոնական անձինք հերքում են այն տեղեկատվությունը, թե բանակցությունների ընթացքում արծարծվել է չեչենական թեմատիկան:
ԱՐՄԵՆՊՐԵՍ