Ըստ հավաստի աղբյուրների՝ Ազգային հեռուստատեսության գործադիր տնօրենի տեղակալ Հարություն Հարությունյանին դեռեւս 94 թվականի դեկտեմբերի 2-ին հարուցված «Դրո» գործով «Դրո» կառույցին անդամակցելու մեղադրանք է ներկայացվել։ Որպես կասկածյալ պրն Հարությունյանին ձերբակալել են, սակայն 10-օրյա ժամկետը լրանալուց հետո ապացույցների անբավարարության պատճառով նրան ազատ են արձակել։ Գործի մեջ ներգրավվելով որպես վկա՝ պրն Հարությունյանը ստվար ցուցմունքներ է տվել։
ՈՒՐԵՄՆ ԿԱՇԱՌԱԿԵ՞Ր ՉԷ
«Հայկական ժամանակին» է դիմել մի կին (տվյալները խմբագրությունում են) հայտնելով, որ մի քանի տարի առաջ ինքը Խորհրդային շրջանի դատախազություն էր դիմել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս Նորիկ Այվազյանի դեմ հայցով։ Պատճառն այն էր, որ վերջինս կաշառք էր պահանջել այդ կնոջ դստեր քննությունը նշանակելու համար, եւ քանի որ չէին վճարել՝ «կտրել» է նրան։ Սակայն այդ կնոջը համոզել էին դիմումը հետ վերցնել՝ աղջկան ֆակուլտետում վերականգնելու դիմաց։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ
Կարդացեք նաև
Ֆրանսիական հեղինակավոր «Էքսպրես» շաբաթաթերթն իր վերջին համարում անդրադարձել է Հայաստանի քաղաքական ներկա իրավիճակին՝ նշելով նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ աճող ընդդիմությունը։ «Էքսպրեսը» հաստատում է, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո երկիրն ընկղմվել է «անհանգստացուցիչ մի անկայունության մեջ» եւ այժմ 1998-ի համեմատ ոչ միայն նվազել են օտարերկրյա ներդրումները, այլ Համաշխարհային բանկն ու ՄԱՀ-ը առկախել են իրենց վարկերը եւ Հայաստանին առաջարկել վերանայել իր վարքագիծը հարկային կարգապահության եւ զեղծարարությունների առումով։ «Այդ բնագավառներում ձեռք բերված հազվագյուտ առաջադիմությունն անհետացել է Վազգեն Սարգսյանի հետ միասին»,- գրում է «Էքսպրեսը»։