Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՆԱՇԱՊԻԿԻ, ԱՄԵՆԱՊԱՅԾԱՌ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ, ՊՐԱԿԼԱԴԿԱՆԵՐԻ ՈՒ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՎ

Հունվար 11,2000 00:00
groxneri miutyun

Դեպի 21-րդ դար

Գրական պետական «Ոսկե եղեգն» մրցանակաբաշխության արդյունքները արդեն հայտնի են բոլորին, այնպես որ նորից թվելու հարկ չկա։ Կրկնենք միայն, որ «Ոսկե եղեգն» մեծ մրցանակին արժանացավ արձակագիր Լեւոն Խեչոյանի «Սեւ գիրք, ծանր բզեզ» գիրքը։ Բացի այս մրցանակից, մնացածները տարբեր տարաձայնությունների տեղիք տվեցին։ Մրցանակաբաշխության արարողությունը նշվեց Գրողների միության Ծաղկաձորի հանգստյան տանը։

Ամենահետաքրքիր մասը արարողության, իհարկե, ճաշկերույթն էր, կենացները, որը շատ ճիշտ կերպով բնութագրում էր մեր գրական մթնոլորտը (հիմնականում), մի քիչ էլ՝ առհասարակ մտավորական դասին։ Հանգստյան տան նիստերի փոքրիկ դահլիճը, որտեղ տրվում էին մրցանակները, մեղմ ասած՝ կիսադատարկ էր։ Ներկաները հիմնականում գրողներն էին եւ հետո արդեն, ճաշկերույթի ընթացքում հասկացվեց, որ բոլորը (դահլիճում նստածների թիվը կարելի է ասել՝ հնգապատկվեց) սպասում էին արարողության ճաշային մասին։ Այդ պատճառով էլ դահլիճի մթնոլորտի վրա չազդեց մրցանակակիր Լ. Խեչոյանի խոսքը, թե. «Երբեք ինքս իմ առաջ, արեւածագի դեմ կանգնած, քուրմ չեմ ձեւացել, վախեցել եմ Մեծ գրականությունից… Հիմա էլ ես գիտակցում եմ, որ պետական այս պարգեւը ոչ թե ինձ է տրվում, այլ տարիների իմ տառապագին աշխատանքին, հավատալով, որ հայրենի գրականությանը ծառայելն ավելի շահավետ է, քան նրա զորությամբ արծաթ դիզելը, իսկ արդյունքը ոսկու մաքրությունից էլ ազնիվ է… Եվ խելագարության եզրին ապրած իմ կյանքը, անքուն գիշերների տքնանքը չի եղել դափնեպսակին հասնելու ձգտում, որովհետեւ ճշմարիտ է՝ քիչ հեղինակություն ունենալ արժանիորեն, քան թե մեծ փառք՝ առանց իրավունքի…»։

21-րդ դար թեւակոխող հայ գրողների պահանջները նախագահին կամ շատ նեղ էին կամ՝ վերամբարձ։ Մեկն ասում էր, թե պարտադիր չէ, որ հանրապետության նախագահը կամ վարչապետը լինեն փիլիսոփայության դոկտորներ, բայց «նախագահական կամ վարչապետական համակարգ կոչված երեւույթի կենսագործունեության զինանոցը բանականության այն էներգիան է, որ արտադրում է էլիտար մտավորականությունը» եւ թե «… կարծում եմ, որ հատկապես «Գրական թերթի» կայուն, անխափան հրատարակությունը կնպաստի գրական քննադատության նորոգությանը»։ Սոս Սարգսյանը շնորհակալ էր ՀՀ նախագահից՝ մրցանակները վերականգնելու համար եւ առաջարկեց վերականգնել նաեւ հանրապետության կոչումները։ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Առաջարկը ընդունվում է, լավ, «Գրական թերթի» մյուս տարվա ամբողջ բյուջեն իմ վրա… դուք գրեք, դուք էլ ձեզ քննադատեք»։

Ա. Ափինյանը (չէր կարող ելույթ բաց թողնել, նման առիթ…) առաջարկեց Գրական եղած մրցանակների թվին ավելացնել թարգմանության, գրականագիտության եւ գրական քննադատության համար մրցանակները։ Հետո, թե՝ ժողովուրդը մեր գրականությունը լայն իմաստով չի կարդում, այնինչ հայ գրականությունը լավագույն գրականություններից մեկն է աշխարհում, պետք է մեր գրքերը հասցնենք ժողովրդին, որ մեր լավագույն գրականությունը կարողանան կարդալ… Ափինյանի այս բարձրագոչության բուն ասելիքն այն էր, որ միակ ճանապարհը՝ «ժողովրդի հետ մեր գրական շրջանակների լայն շփումների գնալն է։ Այցելություններ գյուղեր, շրջաններ, ես ձեր աջակցությունն եմ խնդրում այս գործընթացը կազմակերպելու…»։

Ափինյանը նեղսրտած է, որ մեր հայ գրողներին գյուղերում ու շրջաններում չեն ճանաչում եւ այդ հարցով անպայման պետք է անհանգստացնի նախագահի աշխատակազմին։ Իհարկե, թե չէ ժամանակակից հայ գրողներին Գրողների միության շենքի ու «Պապլավոկի» շրջակայքից այն կողմ ծանոթ չեն… ՀՀ նախագահը խոստացավ՝ եթե պետք է՝ Ազգային հեռուստատեսությանը հանձնարարվի հատուկ եթեր տալ գրողներին, որ ժողովուրդը ճանաչի։ Պետք է ասել, որ այդ օրը նախագահը ոչ այնքան պաշտոնական էր հանդիպման ընթացքում։ Նախագահն ինքն իր խոսքը ընդհատեց ու թե՝ «… Իմ հայերենս տկար է, մի հատ մի բան ասեք՝ էդ որ ասում են «գրողը քեզ տանի», դա ձեզ հետ կապ ունի՞»։ Պրն Դավոյանը, թե՝ «90 %-ի հետ կապ ունի»։

Պրն Դավոյանը նաեւ խնդրեց, որ նախագահն իր պատգամն անի գրողներին։ «Հոգու մասնագետները դուք եք եւ դուք պետք է նաեւ ինձ, պետական այրերին հուշեք՝ ինչ անել, ոնց անել, որ այս պրոբլեմներից մենք շատ արագ դուրս գանք»։ Խոսքը վերաբերում էր հոկտեմբերի 27-ից հետո հանրապետությունում, հասարակության մեջ ստեղծված հոգեբանական դժվարություններին։ Ճաշկերույթը սկսվեց կենացներով, ավարտվեց կենաց-ոտանավորներով։ Ռ. Դավոյանի պահանջն էր՝ «Մեր արվեստով զվարճացնենք նախագահի հոգին»։ Ու սկսվեց նույնը։

Բանաստեղծուհի Մետաքսեն, որ նախորդ դարում (99 թվին) իր բանաստեղծության մեջ ուզում էր լինել Ռ. Քոչարյանի «վադալազկեն», այս անգամ՝ վերնաշապիկը, վերնաշապիկի օձիքը («… փարվեմ… հոտոտեմ…»)։ Ռ. Դավոյանը Մետաքսեին գրողաբար հարցրեց, թե «երբ է հասնելու շալվարի հերթը…»: Երաժիշտ Տիգրան Հեքեքյանը մի երկար գովք արեց նախագահին՝ «այսքան սթափ, ուժեղ նախագահ…»։ Ու մեր նախագահի գովքն անելիս հա հիշում էին Շեւարդնաձեին։ Պոեզիայի դաշտում մրցանակակիր Խաչիկ Մանուկյանը խմել-բլբուլ էր կտրել, իր բոլոր գրածներն ուզում էր միանգամից կարդալ։ Սպառնաց, որ ամեն կենացի վրա պիտի արտասանի։ Ու արեց։ Այնքան, որ ոչ գրողները հարցնում էին, թե արտասանողն ով է։

Քիչ անց պարզվեց, որ պիտի «Ձիավորն» էլ արտասանի. իր գրող ընկերներից մեկն ականջին (բարձրաձայն) ասաց. «Մինչեւ «Ձիավորը» չասես… Եթե չասես, ուրեմն փողոցում ես ծնվել…»։ Խաչիկ Մանուկյանն էլ կենաց խմեց, որ «այժմ մեր դեմ նստած է ամենապայծառ թագավորներից մեկը…» ու արտասանեց… ՀՀ նախագահի եզրակացությունը մթնոլորտից շշմեցրեց, երբ ասաց. «Համոզված եմ, որ մենք լինելու ենք աշխարհի ամենալավ, քաղաքակիրթ, բարեկեցիկ ժողովուրդներից մեկը։ Հենց որ նախագահ չլինեմ, ձեզ հետ էնքան եմ ուտելու-խմելու, միգուցե մի բան էլ ես սկսեմ գրել»։ Ու գրողները հաճելի ճկվեցին, երբ նախագահն իրենց շնորհակալություն հայտնեց, որ սիգարետի բիզնեսով չեն զբաղվել կամ էլ «Օլուեյզ» պրակլադկաների» ռեկլամով չեն զբաղվել այս ընթացքում, այլ հավատարիմ են մնացել իրենց «գրող» կոչումին։ Գրողներն այնքան ճկվեցին ու ավելի զգայուն դարձան ու զգացմունքներ արթնացան, որ առաջարկեցին («պրակլադկա» բառը հուշեց) կանանց կենացը խմել…

Թեեւ նկարագրածս միջոցառումը տեղի է ունեցել 99 թ. դեկտեմբերի 25-ին, եւ մտադիր էի պարզապես փոքր-ինչ վերլուծությունն անել կատարվածի, բայց մտածեցի՝ հետո էլ կասեն, թե լրագրողները հորինում են կամ աղավաղում։ Մթնոլորտը ներկայացրի նուրբ շտրիխներով։ Ու ցավալին այն է, որ այդպես էլ մուտք ենք գործել 21-րդ դար։ Նկարագրում էի մթնոլորտը, որովհետեւ նաեւ սրա արդյունքն են այս մթնոլորտի ստեղծած «արվեստը», եւ այդ «արվեստի» ստեղծողները, որոնք ուզում են շրջել գյուղերում, շրջաններում, ժողովրդին ճանաչել տալու։

Իհարկե, ներկաների մեջ կային իսկական արվեստագետներ, որոնք ափսոսում էին տեղի ունեցողը, որը փոխել անհնար է։ Իսկ երբ նախագահը մեկնեց Երեւան, նույն՝ գովք անող գրողներից մի քանիսը, գրեթե հայհոյելով իշխանություններին ոգելից խմիչքներն էին սեղաններից հավաքում։ Ու գրականության, արվեստի մասին խոսք չի կարող այլեւս լինել։ Այն վաղուց արդեն գրեթե չկա, քանզի եղածներից համարյա ոչ մեկը չի վախենում Մեծ գրականությունից…

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31