Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆՉՈՒՄ ԷՐ ՆԱԵՎ ԱՐԾՐՈՒՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ

Հունվար 11,2000 00:00
Qreakan gorc

Վահան Հարությունյանի, Վանո Սիրադեղյանի եւ ՆԳ 10 աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը շարունակվեց երեկ ժամը 12։25-ին։

Նկատենք, որ այս գործով տուժող ճանաչված 24 քաղաքացիներից դատական նիստին ներկա էր միայն մեկը՝ ԳԽ նախկին պատգամավոր Կիմ Բալայանը։ Չկար եւ ոչ մի տուժողի ներկայացուցիչ։

Նիստը սկսվեց Արթուր Շահբազյանի պաշտպանի միջնորդությամբ։ Նա պահանջում էր քննչական վարչությունում առկա քրեական գործի նյութերը (Արթուր Խաչատրյանի եւ Արթուր Շահբազյանի) միացնել սույն գործին, ինչը դատարանի կողմից բավարարվեց։ Փոխարենը մերժվեց Սահակ Բալյանի պաշտպանի՝ պրն Բալաբանյանի միջնորդությունը, որը միջնորդեց, որ գործի նկարագրական-պատճառաբանական մասից հանվի այն մասը, որը չի համապատասխանում իր պաշտպանյալի շահերին։ «Նա չի առնչվել Սերժ Ջիլավյանի սպանությունը նախապատրաստող անձանց հետ եւ չունի որեւէ ցուցմունք»,- ասաց նա։ Տուժողների բացակայությունը ֆիքսելով՝ դատարանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Նշեմ միայն, որ «Վանո Սիրադեղյանի մասն» ընթերցվեց 35 րոպեում։ Վ. Սիրադեղյանը մեղադրվում էր այն բանում, որ ՆԳ նախարար աշխատելու ժամանակ, 1992թ. ամռանը Արմեն Տեր-Սահակյանի միջոցով «կազմակերպել էր կայուն զինված հանցավոր խումբ՝ բանդա, որն ընդգրկել է իրեն վստահված համակարգում եւ զինել տարբեր տեսակի հրազենով ու ռազմամթերքով», հետագայում հովանավորել, «պարտակել» նրանց կատարած բազմաթիվ հանցագործությունները։ Նշվեց, որ նրա հանձնարարությամբ են իրագործվել Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի, Երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանի սպանությունները, ինչպես նաեւ 1994-ի ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանի «դիտավորյալ սպանության փորձը», որը Վ. Սիրադեղյանի կամքից անկախ ավարտին չի հասցվել։

ՆԳ նախկին նախարարը մեղադրվում էր նաեւ ապօրինի զենք տրամադրելու, «նպաստավոր պայմաններ ստեղծելու մեջ՝ խմբի գոյության փաստը թաքցնելու, դրա համախմբվածությունն ու կայունությունը քողարկելու, հետագա գոյատեւումը ապահովելու համար»։ Մի խոսքով, այնպիսի մեղադրանքներ, որոնք զուգահեռ հնչել են նաեւ Ա. Տեր-Սահակյանի եւ նրա խմբի առանձնացված գործի ժամանակ։ Ի դեպ, Վ. Սիրադեղյանի մասով լսվում էին նաեւ այն ամբաստանյալների անունները, որոնք այս գործով չեն անցնում, այլ՝ Տեր-Սահակյանի խմբի (օր. Արշակ Շուխյանը, Սուրեն Հարությունյանը, Իսրայել Սարգսյանը, Կամո Նարիբեկյանը…)։ Ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանը մեղադրվում էր, որ 1993-ի դեկտեմբերին ՆԳ նախարար Վ. Սիրադեղյանի հանձնարարությամբ նախապատրաստել է Մոսկվայում Հայկական միջազգային ասամբլեայի նախագահ Սերժ Ջիլավյանի սպանությունը «իր տեղակալ Արծրուն Մարգարյանի հետ համատեղ ստեղծել է անհրաժեշտ պայմաններ այդ հանցագործության կատարման համար»։ Ներգրավել էր նա, որպես կազմակերպիչ ՆԶՎ աշխատակից Նորայր Թադեւոսյանին, Արթուր Հովհաննիսյանին եւ Կարեն Ռաֆայելյանին։ Սակայն Ն. Թադեւոսյանը ձերբակալվել էր եւ Կ. Ռաֆայելյանի հետ ազատ արձակվել, իսկ ինչպես գիտեք, Ա. Հովհաննիսյանն էլ ՌԴ հեռուստատեսությամբ հանդես էր եկել Վ. Սիրադեղյանի դեմ «խոստովանական հայտարարություններով»։

Հետաքրքիր էր, որ հաջորդ ամբաստանյալի՝ Ն. Թադեւոսյանի մեղադրական մասում եւս հնչեց Արծրուն Մարգարյանի անունը։ «1993-ին ՆԶՎ պետ Վահան Հարությունյանին եւ նրա տեղակալ Արծրուն Մարգարյանին Նորայր Թադեւոսյանը հայտնել է, որ օրերս Մոսկվայից վերադարձած իր ընկեր Կ. Ռաֆայելյանը տեղեկություններ ունի ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ այնտեղ նախապատրաստվող սպանությունների մասին։ Նա Վահան Հարությունյանի եւ Արծրուն Մարգարյանի հանձնարարությամբ է կազմակերպել նրանց հանդիպումը, նախ՝ Կ. Ռաֆայելյանի, ապա Ա. Հովհաննիսյանի հետ»։ Ի դեպ, Ն. Թադեւոսյանը, երբ ձախողվել էր Ս. Ջիլավյանի սպանությունը, եւ նա եկել էր Երեւան, Արծրուն Մարգարյանին եւ Վահան Հարությունյանին էր հայտնել, որ «Ջիլավյանի սպանության առաջադրանքը կատարելու հնարավորությունից զրկվել է Արթուր Հովհաննիսյանի կողմից մատնվելու պատճառով»։

Սահակ Բալյանը մեղադրվում էր ապօրինաբար ազատությունից զրկված վիճակում պահվող Արթուր Հովհաննիսյանին եւ Կարեն Ռաֆայելյանին սպանելու մեջ (նա խմբի անդամներից միակն էր, որ եղել է նախկինում դատապարտված)։ Մկրտիչ Առաքելյանը մեղադրվում էր երկուսի՝ Ա. Հովհաննիսյանի եւ Կ. Ռաֆայելյանի դիակները թաքցնելու եւ սպանությանը մասնակցելու մեջ։ Մեղադրվում էին եւ Արթուր Շահբազյանը, Արթուր Խաչատրյանը, Մովսես Ներսիսյանը, Հայկ Աղաջանյանը, Երանոս Մելքոնյանը, Գագիկ Պետրոսյանը, Մուրադ Դաշտոյանը։ Մեղադրականի եզրափակիչ մասի ընթերցումն ավարտվեց ժ. 14։00-ին։ Նիստը նախագահող Ռազմիկ Թովմասյանը, երբ հարցրեց, թե ի՞նչ կարծիք կա դրա վերաբերյալ, Վ. Սիրադեղյանն ասաց, թե «խրթին է գրված, բայց՝ հասկանալի» եւ իրեն մեղավոր չճանաչեց։ Վ. Հարությունյանն իրեն մասամբ մեղավոր ճանաչեց. «գնդակահարվել են մարդիկ եւ հնարավոր էր կանխել», Ն. Թադեւոսյանը խոստացավ պրոցեսի ընթացքում ասել, թե ինչում է մեղավոր։ Ս. Բալյանն ասաց, որ մեղավոր չէ, քանի որ հրաման է կատարել։ Մ. Առաքելյանը, Ա. Շահբազյանը, Հ. Աղաջանյանը իրենց մեղավոր համարեցին… իմանալ-չհայտնելու համար միայն։ Գ. Պետրոսյանը մասնակիորեն ճանաչեց իրեն մեղավոր. «Ես չեմ առեւանգել, մենք հրավիրել ենք, ապօրինի պահել»։

Այնուամենայնիվ, ապացույցների հետազոտման կարգը սահմանվեց այսպես. պաշտպանական կողմը եւ ամբաստանյալները գտնում էին, որ պետք է լսել տուժողներին, ամբաստանյալներին, վկաներին։ Մեղադրող կողմը գտավ, որ տուժողները ականատեսներ չեն եւ ապացուցողական նշանակության ոչինչ չեն ավելացնի գործին, ուստի հարկ համարեցին լսել նախ ամբաստանյալներին։ Դատավոր Ռ. Թովմասյանը որոշեց լսել ամբաստանյալներին (նախ՝ Վ. Հարությունյանին, վերջում՝ Վ. Սիրադեղյանին), վկաներին եւ ապա՝ տուժողներին։ Վահան Հարությունյանը հայտարարեց, որ լավ չի զգում իրեն եւ խնդրեց մեկ օր ժամանակ։ Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 12-ին։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31