Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՐՈՐԴ ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ԱՌԱՋԻՆ ԱՍՈՒԼԻՍԸ

Հունվար 11,2000 00:00
bagrat yesayan

Հայաստանում 2000 թվականի առաջին ասուլիսը հունվարի 8-ին անցկացրեց Հայաստանի ազգային սկաուտական շարժում կազմակերպության (ՀԱՍԿ) ատենապետ Բագրատ Եսայանը։ Սա այս կազմակերպության առաջին հրապարակային ելույթն էր, որի առիթը ՀԱՍԿ-ի նախկին ատենապետ, համաշխարհային սկաուտական շարժման Եվրասիա տարածաշրջանի կոմիտեի նախագահ Հարություն Հարությունյանի կալանավորումն էր։

Բագրատ Եսայանը հրապարակեց ՀԱՍԿ-ի կենտրոնական վարչության հայտարարությունը, որում վստահություն էր արտահայտված, որ Հարություն Հարությունյանը չէր կարող օժանդակել հոկտեմբերի 27-ի զազրելի հանցագործությունը. «Մենք հույս ենք հայտնում, որ նախաքննության մարմինն անաչառ քննության ընթացքում կպարզի հանցագործության իրական մեղավորներին եւ արագորեն սրբագրելով այս թյուրիմացությունը, ազատ կարձակի Հարություն Հարությունյանին»։

Ավելի ուշ պնդեց, թե ՀԱՀ-ի շենքերի շահագործման գծով փոխտնօրենը չէր կարող որեւէ առնչություն ունենալ Նաիրի Հունանյանին ուղիղ եթեր տրամադրելու հետ։ Իսկ Բագրատ Եսայանի տեղեկություններով, հենց վերջին հանգամանքն է հիմք դարձել Հարություն Հարությունյանին մեղադրելու համար։ Բագրատ Եսայանը նաեւ որոշ նկատառումներ արտահայտեց նախաքննության ընթացքի մասին, որ շատ էլ տարբեր չէին մինչ այդ ու դրանից հետո ազգային հեռուստատեսությամբ մարդկանց գիտակցության մեջ ներարկվող քարոզչական հարցադրումներից. «Արդյոք նախաքննությունն այս հասարակության համար չի՞ դառնա կրակ ու պատիժ։ Արդյոք այս կասկածանքի մթնոլորտը, որ ստեղծվել է հասարակության մեջ, ավելի չի՞ տարածվի եւ նախաքննությունը չի՞ նպաստի դրան։ Ցավոք սրտի, վերջին ձերբակալությունները, մանավանդ Հարություն Հարությունյանի ձերբակալությունից հետո, այդ մտահոգություններն իսկապես խորանում են։ Այսուհետ որեւէ մեկն ապահովագրված չէ, որ իր անունը չի հնչի նախաքննության ընթացքում եւ ինքը չի ձերբակալվի»։

Բագրատ Եսայանը եւս վստահ էր, թե այս ձերբակալությունները մեկ մարդու ցուցմունքի հիման վրա են եւ կասկածի տակ առավ, թե հանգամանքները համակողմանիորեն ստուգվում են։ Քանզի դեռեւս չավարտված նախաքննության պայմաններում միայն կցկտուր եւ կասկածելի հավաստիության լուրերով ենք իրազեկ գործի տվյալների մասին՝ առայժմ ձեռնպահ կմնանք անվերապահ հայտարարություններ անելուց ապացույցների ծանրակշռության շուրջ։ Իսկ երբ Բագրատ Եսայանից հետաքրքրվեցինք, թե արդյոք վստա՞հ է, որ իր հայտարարությունների հիմքը այս առումով խախուտ չէ, հիշեցրեց Գագիկ Ջհանգիրյանի պնդումը, թե 10 վարկածներից որեւէ մեկն առայժմ չի հերքվել։

ՀԱՍԿ-ի ատենապետը այս հայտարարությանը հակասող էր համարում Մուշեղ Մովսիսյանի, Ալեքսան Հարությունյանի եւ Հարություն Հարությունյանի ձերբակալությունները, որոնք ապացույց էր դիտում, թե արդեն իսկ հիմնական վարկած կա եւ այդ մասին լռելը՝ զինդատախազության նկատմամբ անվստահության հիմքերից մեկը։ Բագրատ Եսայանը խոսեց նաեւ Հարություն Հարությունյանի ձերբակալման հանգամանքների մասին, պնդեց, թե Տիգրան Հակոբյանի գիտությամբ եւ համագործակցությամբ են նրան տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչությունում ձերբակալել։

Մինչդեռ «Առավոտի» ունեցած տեղեկությունները առնվազն հակառակի մասին են վկայում։ Սակայն կարծում ենք, որ իրողությունն իր այսօրվա ասուլիսում վերջնականապես կպարզաբանի ինքը՝ Տիգրան Հակոբյանը։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31