Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանի ազգային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագրի առաջնային լուրն է դարձել ոմն Հարություն Հարությունյանի՝ հասարակությանը անհայտ մեկի պաշտպանության քարոզարշավը։ Երբեւէ լրագրող չեղած այս անձին ի պաշտպանություն ձայն են բարձրացրել հենց այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք առանց որեւէ հիմնավորման եւ փաստարկի աննախադեպ ոճրագործության հենց առաջին օրը հայտարարեցին, թե տեռորիստների ետեւում որեւէ ուժ չկա։
Պաշտպանությամբ եւ քննչական մարմինների գործունեության հանդեպ ակնհայտ հակակրանքի եւ դարձյալ չփաստարկված անվստահություն սերմանելու միտումով հանդես եկան դաշնակցական եւ քոչարյանական շրջանակներին ծառայող լրատվամիջոցների ղեկավարները՝ «Լրագրողական համերաշխություն» բարձրագոչ կարգախոսով զինված, թեեւ դրանցից որեւէ մեկը այդպիսի համերաշխություն չդրսեւորեց, օրինակ՝ «Օրագիր» թերթի փակման եւ թերթի գլխավոր խմբագրի մեկ տարի շարունակվող դատավարության կապակցությամբ։
Հարց է ծագում՝ ինչո՞վ է նշանավորվում հատկապես Հարություն Հարությունյանը։ Պատասխանը միակն է. հոկտեմբերի 27-ի գործով ձերբակալվածներից՝ նախկին դաշնակցականներին ավելացել է գործող դաշնակցական։ Եվ եթե ազգային հեռուստատեսության վարչությունն իրեն իրավունք է վերապահում կասկածելու նախաքննության ընթացքին եւ համապատասխան հասարակական կարծիք ձեւավորելու հայտ ներկայացնում, ապա մենք մեզ իրավունք ենք վերապահում կարծելու, որ այսպիսի լրատվական ահաբեկչության հիմքը նախաքննության ճիշտ ընթացքն է։ Ինքնապաշտպանության բնազդն արթնանում է, երբ խփում են ցավոտ կետին։