Ըստ «Հայրենիք» դաշինքի փոխնախագահ Պետրոս Մակեյանի, ռումբերն արդեն կամաց-կամաց պայթում են։
Պայթյունները տեղի են ունենում տարբեր դաշտերում, բայց նույն հարթության վրա՝ Հայաստանում։ Պայթյուններից մեկն այն է, որ նախապատրաստվում են սահմանադրական փոփոխություններ, հաջորդը՝ հոկտեմբերի 27-ի դեպքերի նախաքննության հետ կապված վերջին աղմուկն է, մյուսը՝ ժողովրդավարության վերջին ծիլերն արմատահան անելու փորձերն են։ Բոլոր ռումբերն ու պայթյունների որակումները ներկայացվում են ըստ «Հայրենիք» դաշինքի։
Ո՞վ է այսօր ղեկավարում երկիրը, համատարած պայթեցման այս փուլում։ «Առավոտի» ոչ հռետորական այս հարցին «Հայրենիք» դաշինքի փոխնախագահ Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Երկիրն այսօր ոչ ոք չի ղեկավարում, ամեն մեկն իր աթոռին է տիրություն անում»։ Աթոռ ունեցողները թող պինդ նստեն իրենց աթոռներին։ Առաջին հերթին այդ բանն առավել պնդությամբ պետք է անի հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քանի որ «Ժողովրդավարական հայրենիք» եւ «Մտավորական Հայաստան» կուսակցությունները նոր տարվա տասներորդ օրը հայտարարեցին, որ պահանջում են նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը։ Ավելին, ոչ միայն հրաժարական են պահանջում, այլեւ վստահ են, որ նախագահ Քոչարյանը պարզապես պետք է պաշտոնանկ արվի։
«Հայրենիք» դաշինքը վստահ է, որ վերջին խորհրդարանական ընտրություններում դաշինքը խորհրդարանական չկարողացավ դառնալ, քանի որ նախագահն այդ բանը չուզեց, արդյունքում՝ «այսօր խորհրդարանում ընդդիմություն չկա, թերեւս միայն կոմունիստները»։
Կարդացեք նաև
Սոս Գիմիշյանը սակայն, նույնիսկ ուրախ է, որ խորհրդարանում չէ, քանի որ այնտեղ այդպիսի արյունահեղություն է կատարվում. «27-ի դեպքերից հետո փառք եմ տալիս, որ պատգամավոր չեմ»։ Պարոն Գիմիշյանն ինչպես միշտ, խոսեց տեղական ինքնակառավարման մասին. «Հիմա կասեք, ինչ անհետաքրքիր մարդ է Գիմիշյանը, երկիրը փուլ է գալիս, ինքը էլի տեղական ինքնակառավարումից է խոսում»։
Բացի վերոհիշյալ թեմայից, Սոս Գիմիշյանն ամենքի պես անդրադարձավ նաեւ նախագահի հրաժարականին։ Նրա ասելով. «Բոլոր նորմալ երկրներում այսպիսի դեպքեր որ լինում են (նկատի ունի հոկտեմբերի 27-ը- Մ. Ե.), նախագահը հրաժարական է տալիս եւ հիմնականում հրաժարական է տալիս նրա համար, որ ոչ ոք չկասկածի, թե դա նրա արածն է։ Քոչարյանը հրաժարական չտվեց եւ, ինձ համար, կարծում եմ՝ նաեւ ամբողջ հասարակության համար, կասկածելի դարձավ»։
«Հայրենիք» դաշինքը վստահ է, որ նախաքննական մարմինը ճիշտ ուղու վրա է եւ հոկտեմբերի 27-ի դեպքերի հրահրիչներն ու կազմակերպիչները կբացահայտվեն։ Երկիրը ճգնաժամի մեջ է եւ այն գնալով խորանում է։
«Հայրենիք» դաշինքի կարծիքով նախագահական նոր ընտրությունները, բայց՝ արդար եւ թափանցիկ, գուցե կփրկեն երկիրը։ «Լեւոնը 96-ին ոչ լեգիտիմ էր, չմարսեց, Ռոբերտը ոչ լեգիտիմ է, չի մարսի, տեսնես ո՞վ է էն դուխով տղեն, որ կփորձի» հերթական ոչ լեգիտիմը դառնալ։
Հանրապետությունը, ըստ Պետրոս Մակեյանի, հայտնվել է «ջարդված, կաշառված եւ ջնջված քաղաքական դաշտում, եւ դաշտն ամայացրեց Ռոբերտ Քոչարյանը»։
Դաշինքը նախագահական նոր ընտրություններ է պահանջում, բայց նաեւ ընդունում է, որ նորմալ ընտրությունների անցկացման երաշխիք «երբեք էլ հնարավոր չէ տալ»։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ