Երեկ վերաքննիչ դատարանը որոշեց մեկական տարով նվազեցնել «Հայծխախոտ» ԲԲԸ-ի նախկին գործադիր տնօրեն Լիդիա Սարգսյանի որդու՝ Աշոտ Սարգսյանի եւ ԵԿՄ անդամ Ավետիս Խաչատրյանի պատժաժամկետը։ Այսու, Ավանի նախկին համայնքապետ Ռուբեն Հայրապետյանի մահափորձը պատվիրելու համար Աշոտ Սարգսյանն այժմ 9 տարի է անցկացնելու ուժեղացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում, իսկ Ավետիս Խաչատրյանն՝ այդ մահափորձն իրականացնելու համար՝ 8 տարի 6 ամիս։
ՅԱՅԼՈՅԱՆԸ՝ «ՆԵՍԹԼԵ»-Ի ԴԻՍՏՐԻԲՅՈՒՏՈՐ
Տարվա վերջին բոլոր մանկապարտեզներում տարեմուտի հանդեսներ էին կազմակերպվում։ Փոքրիկները սպասում էին Ձմեռ պապին եւ նվերների։ Արաբկիր համայնքի թիվ 260 մանկապարտեզի փոքրիկներին լուրջ հիասթափություն էր սպասվում. խելքը գլխին նվերների փոխարեն համայնքապետ Ֆելիքս Յայլոյանը մանկապարտեզ էր ուղարկել 0-6 ամսական երեխաների համար նախատեսված «Նեսթլե» կեր՝ բրնձի շիլա։ Փոքրիկների եւ ծնողների ուրախությունը փոխվեց հիասթափության։ Դրա փոխարեն «Երիցյան եւ որդիներ» առեւտրական ընկերությունը նաղդեց իր հնացող ապրանքը։
Կարդացեք նաև
ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ
Նոր տարվա օրերին վարորդները (հատկապես հարբած վարորդները) կվկայեն, որ ոչ մի ոստիկան իրենց մեքենան չի կանգնեցրել։ Պատճառն այն է, որ Ամանորի նախօրեին ՆԳ նախարարության համապատասխան ծառայությունները գաղտնի տեսախցիկներով ստուգումներ են անցկացրել եւ պետավտոտեսչության մոտ 70 աշխատակիցների բռնացրել վարորդներից փող վերցնելիս։ Այդպիսով, պետավտոտեսչության ծառայության աշխատողները ստացել են խիստ նկատողություն, իսկ վարորդները՝ Ամանորի նվեր։
ԿՈՂՈՊՈՒՏԸ ԵՎ ԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆՈՐՄԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ
ՆԳՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետ Արտակ Վարդազարյանից ճշտեցինք, որ տոնական օրերին հանրապետությունում հանցագործությունների աճ չի նկատվել։ Ավելին, հանցագործությունները «նորմայի սահմաններում» են եղել։