«… Նրան խորթ է իր լեգենդար կյանքն առուծախի նյութ դարձնելու, նրանով բեմ եւ շահավետ ցուցանակ զարդարելու այսօրվա գայթակղությունը»։ Տիգրան Մանսուրյանի գնահատականը Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ), նախկին քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանի առումով երեւի ամենատիպիկն է, ամենաբնութագրականը։ Նրանք, ովքեր երեկ հավաքվել էին նշելու Ռազմիկի 50-ամյակը, գրեթե նույնն էին շեշտում. անուրանալի մաքրությունը, ազնվությունը, ինքն իրեն «չմատուցելու» «հայտը»։
Ռաֆայել Ղազարյանի բնութագրմամբ նա մնաց բյուրեղյա մարդ, որ այդպես էլ չպղտորվեց օրերի մեջ։ Արմեն Շեկոյանի գնահատմամբ՝ «Նա մնաց ներաշխարհ ունեցող մեկը», Ավետիք Իշխանյանի գնահատմամբ՝ «Այս հասարակության աղը», Ազատ Գասպարյանի կարծիքով՝ առնական եւ կերպարային։
Ռազմիկ Մարկոսյանը եղել է կայսրության 37 բանտերում, բայց երբեք կուրծք չծեծեց, կոկորդ չպատռեց, իր տառապանքը չդարձրեց, ինչպես ինքը կասեր «քաղաքական ինդուստրիայի» մաս, ուր հայտ են ներկայացնում «անաստված ամբոխավարը, դիմափոխն ու մագլցողը»։
Քչերը հավանաբար գիտեն, որ 1975 թ. Դ. Սախարովը Նոբելյան մրցանակի պատիվը կիսեց խղճի հայտնի կալանավորների հետ, որոնց թվում անվերապահորեն՝ Ռազմիկ Մարկոսյանի։
Կարդացեք նաև
1998 թվականին Ռազմիկը հիմնադրեց եւ այսօր գլխավորում է Հայաստանի նախկին քաղբանտարկյալների «Ակումբ-65»-ը եւ նպատակն է պաշտպանել իր ճամբարական ընկերների հիշատակը, կենսագրությունները, պաշտպանել ժամանակը, որտեղ «ճակատագիր ձեւողները» իրենց «բութ մտրակներով» փորձում էին ամեն ինչ ջնջել։ Երեկ դժվար էր նաեւ խոսելը։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ