«Անորսալի վրիժառուները» ֆիլմաշարը դիտելու անուղղակի ներազդեցությունը
«Հրազդան» տոնավաճառի տեր ու տնօրեն Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) հոկտեմբերի 28-ի հայտնի ՊՆ խորհրդակցության ղեկավարների՞, թե՞ գեներալների կողմից Ազգային հեռուստատեսությունը գրավելու հատուկ հանձնարարություն է ունեցել»,- գրեց «Հայոց աշխարհը» նոյեմբերի 19-ին եւ քանի որ որեւէ հերքում չհետեւեց, նույն թերթը նույն պնդումը որպես անսակարկելի ճշմարտություն կրկնեց նաեւ դեկտեմբերի 11-ին։
Սեփական նախաձեռնությամբ փորձեցինք, այնուամենայնիվ, պարզել, թե արդյոք նման մտադրության կամ ծրագրի մասին պնդումներն իրականությանը համապատասխանո՞ւմ են։ «Ես կտրականապես դեմ եմ նման հայտարարություններին,- պատասխանեց Աշոտ Աղաբաբյանը։- Նախ, մենք այդպիսի հանձնարարություն կամ հրահանգ չենք ստացել։ Ես ԵԿՄ վարչության անդամ եմ եւ այդ օրերի բոլոր հրահանգներին ծանոթ եմ։ Ո՛չ հեռուստատեսությունը, ո՛չ էլ պետական որեւէ հիմնարկ գրավելու մտադրություն կամ ծրագիր չի եղել։ Այլ խնդիր է, որ խեղաթյուրում են, քանի որ իրենց այդպես է ձեռնտու»։
Ազգային հեռուստաընկերության աշխատակիցները վկայում են, թե հոկտեմբերի 28-ին իրոք Աշոտ Աղաբաբյանն՝ իր մեքենայով ժամանել էր այնտեղ։ Ընդ որում, նրա հետ էին նաեւ պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանը եւ «Պրոմեթեւս» հեռուստաընկերության ղեկավար Սեյրան Շահսուվարյանը։ Վերջինիս ներկայությունը հեռուստաընկերության աշխատակիցներին, ասենք այսպես, ավելի էր հետաքրքրել, քանի որ պրն Շահսուվարյանը դիտվում էր որպես ՀԱՀ-ի տնօրենի այլընտրանքային, հավանական թեկնածու։ Ի դեպ, հետաքրքրությունն առավել էր սրվել, քանզի նրանց հետ էր նաեւ «Զինուժի» նկարահանող խումբը։
Կարդացեք նաև
Եթե ռազմական ոստիկանության աշխատակիցներն այդ օրերին հեռուստաընկերության տարածք մուտք գործելուց հետո հանդիպել էին տնօրեն Տիգրան Նաղդալյանին, բացատրել այցի նպատակը՝ այս մի խումբը պարզաբանումներն անհրաժեշտ չէր համարել։ Սակայն որեւէ վեճ կամ խոսակցություն չէր եղել։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ից հետո ՀԱՀ-ի հսկողությունն ուժեղացված էր իրականացվում. Աստվածատուր Պետրոսյանն ուղղակի զրուցել էր այդ հսկողությունն իրականացնողների հրամանատարի հետ։ Հետո ռադիոկապին առնչվող ինչ-ինչ խնդիրներ էին կարգավորել եւ հեռացել։ Կարելի է ենթադրել, թե Աշոտ Աղաբաբյանը, կոպիտ ասած, պարզապես վարորդի դեր էր ստանձնել։ «Պաշտպանության փոխնախարարն ուղղակի խնդրել էր, որ միասին գնանք, այդ ռադիոկայանը տեղադրենք, եւ 10 րոպե էլ չի տեւել մեր այնտեղ մնալը»,- պատմեց պրն Աղաբաբյանը։ Սարսափի՞ աչքերն են մեծ, որ նրանց այցն այսպես է մեկնաբանվել, թե՞ այս վարկածի հեղինակները տպավորված են ատաման Բուռնաշի «Անորսալի վրիժառուներ» ֆիլմաշարում գործողություններից, դժվար է ասել։
Համենայն դեպս, Աշոտ Աղաբաբյանը եւս մեկ անգամ ընդգծեց. «Գրավելու հրահանգ չի եղել։ Եվ ես զինվորական էլ չեմ եւ իրավասու չեմ նման գործողություններ իրականացնել։
Ես ուղղակի շատ ծանր եմ տարել կատարվածը՝ հոկտեմբերի 27-ի ուշ երեկոյան ԱԺ էի գնացել։ Որոշ իրադարձություններից տեղյակ եմ։ Մենք Սպարապետի մարտական ընկերներն ենք՝ ինչպե՞ս կարող էինք հետո ՊՆ չգնալ, չփորձել ինչ-որ բանով օգտակար լինել»։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ