Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒԹԱԲԱՐՈ «ՉԵ՞ՆՋ»

Դեկտեմբեր 23,1999 00:00
toto

Հայաստանի ազգային պատկերասրահում անվերջ ձգձգվող ուսումնասիրությունների արդյունքների մասին որեւէ պաշտոնական տեղեկատվություն այդպես էլ չտեսանք ու չլսեցինք։ Միայն հայտնի է մի բան, որ Պատկերասրահի վիճակը վատ է, եւ արվեստի տասնյակ գործերի անհետացման փաստեր կան։

1999 թ. տարեսկզբին Ազգային պատկերասրահի տնօրեն Շահեն Խաչատրյանը ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարություն է հղել մի նամակ, որում նախարար Շառոյանին գրում է. «Պատկերասրահի ուսումնասիրություններից պարզված 61 պակաս նկարներից 13-ը արդեն գտնվել են։ Մնացել է 48-ը՝ 22 գեղանկար, 26 գրաֆիկա։ Նկատի առնելով, որ հավելյալ ժամանակ չի տրվում փնտրումները շարունակելու՝ պահոցները կնքված են, իսկ դատախազությունը շտապեցնում է, ուստի առաջարկում եմ հետեւյալը։ Թեեւ, պակասող գործերի 97%-ը տեղի են ունեցել իմ տնօրինությունից տասնամյակներ առաջ, բայց ինձ համար ծանր է լսել եւ մտածել, որ Պատկերասրահում ազգային արվեստի կորուստներ են տեղի ունեցել։ Ուստի եւ պակասող բոլոր նկարների դիմաց ես հայթայթել եւ Պատկերասրահ եմ բերել նույն եւ այլ հեղինակների գեղարվեստական բարձր արժեքի գործեր։ Եթե պակասող գործերը ժամանակի ընթացքում գտնվեն, որ շատ հավանական է, իմ հավաքած գործերը թող համարվի իմ կողմից նվիրատվություն Պատկերասրահին։ Ուսումնասիրությունից ես շնորհակալ եմ, նաեւ ուրախ, կարծում եմ՝ նաեւ Դուք, որ Պատկերասրահում, նույնիսկ անցած դժվարին տարիներին, թալան չի եղել։ Խնդրում եմ Ձեր համաձայնությունը, որ հանձնաժողովի կողմից քննության առնվի իմ ներկայացրած գործերը եւ թույլատրվի դրանք փոխարինել առ այսօր պակասող գործերով»։

Եվ պրն Խաչատրյանը ցուցակ է առաջարկում, որում նշված է, թե պակասող գեղանկարները որ գեղանկարներով փոխարինել։ Բերենք մի քանի օրինակներ. Ս. Առաքելյանի «Ամպեր» էտյուդը՝ Ս. Առաքելյանի «Սեւան» էտյուդով, Հ. Հովնաթանյանի «Տղամարդու դիմանկարը»՝ Հ. Հովնաթանյանի «Անհայտ անձի դիմանկարով», Ալ. Բաժբեուկ-Մելիքյանի «Հրաձգարան (այրերի)» գործը՝ Ալ. Բաժբեուկ-Մելիքյանի «Հրաձգարան (կանանց)»-ով, Հ. Կոջոյանի «Այրեր. Գեղարդ»-ը՝ Հ. Կոջոյանի «Քարայր Գեղարդում»-ով, Մ. Սարյանի «Այգում հանգստի ժամին» կտավը՝ Մ. Սարյանի «Ռ. Դրամբյանի» դիմանկարով, Հ. Հակոբյանի «Նատյուրմորտ. Սխտոր»-ը՝ Հ. Հակոբյանի «Սխտորներ պատշգամբում»-ով, Հ. Այվազովսկու «Ալիքը»՝ Հ. Մինասյանի «Ալեբախություն Կասպից ծովում» նկարով, Գ. Բաշինջաղյանի «Սեւանա լիճը»՝ Գայանե Խաչատրյանի «Ռեքվիեմ»-ով, Հմ. Ավետիսյանի «Լենինը»՝ Ս. Բեքարյանի բնանկարով, Հ. Այվազովսկու «Ռիոն գետը», որը, ըստ Շ. Խաչատրյանի, գտնվում է Վրաստանում՝ նույն հեղինակի, բերված, «Բայրոնի այցը Մխիթարյաններին» նկարով, որը 1983 թվին փոխանակման նպատակով է տարվել Թբիլիսի։ 24-48 պակասող գրաֆիկական աշխատանքների թվում (գրում է Շ. Խաչատրյանը) նշված է հայ նկարիչների 25 աշխատանք՝ կատարված թղթի վրա մատիտով, գրչով եւ ջրաներկով, եւ. «Առաջարկում եմ այդ 25 գործերը փոխարինել հայ նկարիչներ Է. Շահինի, Գառզուի, Վ. Պարսումյանի, Հ. Մամյանի, Գ. Աղասյանի եւ այլոց, ինչպես նաեւ 17-րդ դարի ֆրանսիացի նկարիչ Լ. Դումերի «Նանտի տաճարը» գրավյուրայով» (Շ. Խ.)։

Պետք է ավելացնել, որ Պատկերասրահի ուսումնասիրությունների այս ձգձգվող ընթացքում ստացված արդյունքներն այժմ գտնվում են Երեւանի քաղաքային դատախազությունում, եւ կցված է նաեւ նշյալ նամակը։ Այս նամակը մի շարք հարցեր է առաջացնում. նախ՝ եթե պրն Խաչատրյանն իսկապես կապ չունի Պատկերասրահից անհետացած արվեստի գործերի հետ, ապա ինչո՞ւ է այսպիսի առաջարկով դիմում մշակույթի նախարարին եւ ավելացնում, թե եթե պակասող գեղանկարները գտնվեն, ապա իր այս «հայթայթած» գեղանկարները համարվեն իր կողմից նվիրատվություն Պատկերասրահին։

Սա սե՞ր է Պատկերասրահի, մշակույթի, արվեստի հանդեպ, թե՞ լուրջ անհանգստություն, խուճա՞պ է ուսումնասիրությունների արդյունքների ընթացքի եւ դրա հետագա զարգացման հետ կապված։ Այստեղ պետք է հիշել, որ պրն Խաչատրյանը տարիներ առաջ դարձյալ այսպիսի օրեր է ապրել։ Իհարկե, այն ուսումնասիրությունների ընթացքը վերջնական արդյունքի չհասավ, կարծես՝ կարճվեց։ Եվ, երկրորդ հարցը, որտեղի՞ց եւ ինչպե՞ս է «հայթայթել» պրն Խաչատրյանը նման արժեք ունեցող գեղանկարները (ի՞նչ միջոցներով եւ այլն)։ Եվ, ի վերջո, ի՞նչ տրամաբանությամբ է պրն Խաչատրյանը, ասենք, օրինակ, Այվազովսկու նկարը փոխարինում Հ. Մինասյանի ընդամենը թեմատիկ առումով իրար հետ բռնող նկարով։ Կամ Հ. Հակոբյանի «Նատյուրմորտ. Սխտոր»-ը նույն Հ. Հակոբյանի «Սխտորներ պատշգամբում»-ով։ Որովհետեւ սխտոր կամ ալիք բառերը կամ թեմանե՞րն են համընկնում… Կամ որտեղի՞ց պրն Խաչատրյանին 17-րդ դարի ֆրանսիացի նկարչի գրավյուրան… Իսկ նկարների արտաքին չափերի մեջ էլ չենք խորանում։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031