Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿՆ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՈՉ ԲԱՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ»

Դեկտեմբեր 23,1999 00:00
Movses hakobyan

Գտնում է ԼՂՀ ՊԲ հրամանատարի պաշտոնակատար ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ

– Այն պահին, երբ քաղաքական լարվածությունը հասել էր գագաթնակետին, բանակի հրամկազմն երկու անձանց միջեւ ակնկալվելիք բախումը բացառելու նպատակով հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով հանրապետության նախագահի եւ պաշտպանության բանակի հրամանատարի միաժամանակյա հրաժարականը: Ս. Բաբայանը հեռացավ ասպարեզից՝ բարձրագույն սպայական կազմի տեսակետը համարելով ստեղծված իրավիճակը հաղթահարելու ճիշտ ուղի: Սակայն նման քայլի չդիմեց հակառակ կողմը: Դուք, պարոն Հակոբյան, ինչպե՞ս եք վերաբերվում այդ իրողությանը:

– Նախ ասեմ, որ չկա որեւէ խնդիր բանակի եւ քաղաքական գործիչների միջեւ: Այսպես մտածելը թյուրիմացություն կլիներ: Պարզապես պետության կայացման գործում անգնահատելի դեր ունեցած բանակը չէր կարող անտարբեր մնալ ծավալվող իրադարձությունների նկատմամբ: Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը մենք տեսել ենք երկու անձանց հրաժարականներում: Բանակի հրամկազմը գտել է, որ իրավիճակի հետագա սրումը կկանխվի Ս. Բաբայանի հեռանալու դեպքում: Մեր համոզմամբ՝ բանակը պետք է հեռու մնա քաղաքական գործիչների վեճերից, պարտավոր է պահպանել խաղաղություն:

– Պարոն Հակոբյան, հրամկազմը սկզբունքային նշանակության խնդիր է դրել: Դուք էլ այդ հայտարարությունը ստորագրողներից մեկն էիք: Ձեզ անձամբ բավարարու՞մ է հարցի միակողմանի լուծումը:

– Ընդհանրապես, մեր ցանկությունները չկատարվեցին: ՊԲ հրամանատարը ոչ թե հրաժարական է տվել, այլ հեռացել է աշխատանքից: Մնում է, որ նախագահն ինքը որոշի՝ հեռանալ թե մնալ: Բանակի հրամկազմն իրավունք չունի նախագահին հեռացնել պաշտոնից եւ իրավունք էլ չունի նման հարց դնելու: Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել եւ այդ մասին իրազեկել նախագահին:

– Մոտ ապագայում ինչպիսի՞ն կլինեն հրամկազմ-իշխանություններ հարաբերությունները: Մեր ժողովուրդը կարո՞ղ է վստահ լինել, որ երկրի ներքին կյանքը խաղաղված է:

– Սկզբնական շրջանում, ինչ խոսք, բարդություններ կլինեն: Դարձյալ վերադառնամ նախկին հրամանատարի խոսքին՝ «Ինչքան շուտ դուրս գանք այս իրավիճակից, այնքան լավ թե՜ բանակի եւ թե՜ մեր պետության համար»: Եւ դուրս կգանք: Ի վերջո, մեր հիմնական խնդիրը եղել եւ մնում է այս պետության տարածքների պաշտպանությունը: Կուզենայի ավելացնել հետեւյալը. ժողովուրդը պետք է հասկանա, որ նման իրավիճակ ստեղծվել է ոչ բանակի կողմից: Իսկ ստեղծողները շատ էին, որոնց թվում են նաեւ Ղարաբաղից դուրս գտնվողներ: Չեմ հասկանում, թե ում էր պետք հակասություններն այս աստիճան սրելը, կարելի էր հարցերին լուծում տալ շատ ավելի հանգիստ՝ ողջախոհության դիրքերից:

– Ասացիք՝ դրսի ուժերն էլ նպաստել են լարվածության առաջացմանը: Ձեր ակնարկը ո՞ւմ է վերաբերում:

– Չեմ կարող ասել, թե կոնկրետ ով կամ ովքեր են: Պարզ է մի բան. հնարավոր չէ փոքր պետության մեջ ղեկավար անձանց իրար դեմ սրել այնպես, որ հասնենք այս օրին, այն մարդկանց, որոնք աշխատել են հանուն այս ժողովրդի:

ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ

Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031